Մատչելիության հղումներ

Հոգեւոր առաջնորդները հանդես են գալիս «Պարոն Տեր» կալվածքը պաշտպանելու կոչերով


Իսրայելի եւ Պաղեստինի տարածքների միջեւ կառուցվելիք անվտանգության պատի մի հատվածը՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող «Պարոն Տեր» կալվածքով անցկացնելու մասին Իսրայելի կառավարության որոշման դեմ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

Իսրայելի անվտանգության պատը՝ 27մ լայնությամբ եւ 300մ երկարությամբ, անցնելու է «Պարոն Տեր» կալվածքի միջով: Իսկ քանի որ անվտանգության պատը սահման է դառնալու, «Պարոն Տեր» կալվածքի բաժանված երկու հատվածներն անօգտագործելի են դառնում, այսինքն՝ չեզոք գոտի: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին անցած շաբաթ ասել էր Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչը, պատրիարքությունը չի հաշտվել այդ մտքի հետ, եւ հայց է ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան:

«Հայոց Պատրիարքությունն այլընտրանք չունի, քան մի կողմից տեղական ու միջազգային մամուլի օգնությանը, մյուս կողմից՝ արդարադատության բարձրագույն ատյանին դիմելը», - «Ազատություն» ռադիոկայանին ասել էր պատրիարքության ներկայացուցիչը:

Ինչպես երեքշաբթի օրը հաղորդել է «Ազգ» թերթը, հուլիսի 29-ին Բեթղեհեմի եկեղեցապատկան հողերի բռնազավթման կապակցությամբ իր հայտարարության մեջ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, նշելով, որ «հողամասերի, ինչքերի եւ իրավունքների բռնագրավումը միշտ էլ եղել է Իսրայելի քաղաքականության կարեւոր կողմերից մեկը», հայտարարել է. - «Իսրայելական բանակը պետք է ետ քաշվի Երուսաղեմի հայ Պատրիարքությանը պատկանող կալվածքներից ու սրբավայրից»:

Հուլիսի 26-ին Հայ եկեղեցու բոլոր հավատացյալներին Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը եւ Վաշինգտոնում Իսրայելի դեսպանին բողոքի նամակներ գրելու կոչ էր արել Միացյալ Նահանգների Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը: ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առաջնորդարանի հաղորդագրության մեջ նաեւ նշված էր, որ Արեւելյան թեմն աշխատանքներ է տանում քույր եկեղեցիների, մասնավորապես Եկեղեցիների ազգային խորհրդի եւ Կաթոլիկ եպիսկոպոսների ազգային համաժողովի աջակցությունն ապահովելու իսրայելական բանակի կողմից հայապատկան կալվածքի բռնագրավման դեմ։
Հաղորդագրությունը տեղեկացնում է նաեւ, որ Արեւելյան թեմն այս ասպարեզում սերտորեն համագործակցում է Ամերիկայի հայկական համագումարի եւ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հետ։ Վերջիններս ուրբաթ օրը նույն մտահոգությամբ առանձին-առանձին նամակներ էին հղել Միացյալ Նահանգների նախագահին եւ պետքարտուղարին։

ՀՅԴ Հայ դատի գրասենյակը կազմակերպել է նաեւ ինտերնետային բողոքի ակցիա՝ Միացյալ Նահանգներում բնակվող իր անդամներին կոչ անելով էլեկտրոնային նամակներ ուղարկել նախագահ Ջորջ Բուշին, կոնգրեսականներին ու Սենատի անդամներին: Մեկ այլ լոբբիստական կազմակերպության՝ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար Ջոն Ջամյանը նամակներ է հղել նախագահ Բուշին, պետքարտուղար Փաուելին եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռայսին՝ մտահոգություն արտահայտելով Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող հողերի զավթման կապակցությամբ: Նամակում Ջամյանը նշել է, որ Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչները քանդել են հնագույն գերեզմաններ ու արմատախիլ են արել մի քանի հարյուրամյա ձիթենիներ եւ խնդրել է Միացյալ Նահանգների ղեկավարների աջակցությունը՝ կասեցնելու եկեղեցապատկան հողերը զավթումը:

Ուրբաթ օրը Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոակայանին ասել էր, որ Իսրայելի կառավարությունը խոստացել է պաշտոնական Երեւանին, որ «Պարոն Տեր» կալվածքում անվտանգության պատի շինարարությունը կհետաձգի մինչեւ օգոստոսի 12-ը, երբ Իսրայելի կառավարությունն ու Գերագույն դատարանը կընդունեն վերջնական որոշումը: Ձյունիկ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր նաեւ, որ Իսրայելի կառավարությունը հաշվի կառնի Հայաստանի մտահոգությունը:


Հրայր Թամրազյան եւ Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG