Մատչելիության հղումներ

Հայտարարվել է բաշխիչ ցանցերի մասնավորեցման երրորդ մրցույթը


Կառավարության նախորդ նիստում որոշել էր Հայաստանի բաշխիչ ցանցերի մասնավորեցման աշխատանքները կազմակերպելու նպատակով վերսկսել դրանց մասնավորեցման մրցութային հանձնաժողովի աշխատանքները։ Այսօր հրապարակվել է այդ հանձնաժողովի՝ երեկ երեկոյան ընդունած որոշումը «Էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 80,1 տոկոսը միջազգային մրցույթում վաճառելու մասին։

Կառավարությունը շահագրգիռ կազմակերպություններին առաջարկում է մինչեւ օգոստոսի 7-ը նախաորակավորման մրցույթի հայտեր ներկայացնել: Ըստ մրցութային առաջարկի, հայտատու ընկերությունը պետք է վերջին երեք տարվա ընթացքում ունեցած լինի 100 միլիոն դոլարի սեփական կապիտալ եւ նույնքան էլ վաճառքի ծավալներ։

Բաշխիչ ցանցերի մասնավորեցման երկու փորձերի ձախողումից հետո ոլորտի ղեկավարները ավելի շատ խոսում էին դրանք հավատարմագրային կառավարման հանձնելուն նախապատրաստելու մասին: Այդուհանդերձ, մասնավորեցման խնդիրը օրակարգից չէր հանվում: «Բաշխիչ ընկերությունները նախապատրաստվում են հավատարմագրային կառավարման: Միաժամանակ կա տարբեր ընկերությունների կողմից հետաքրքրություն՝ բաշխիչ ընկերությունները գնելու», - գարնանը հայտարարել էր էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: - «Եթե նրանք ուզենան անպայման գնել, մենք պատրաստ ենք սեփականաշնորհել բաշխիչ ընկերությունները»:

Այդպիսի ընկերություն, հավանաբար, գտնվել է: Որոշ տեղեկություններով, Հայաստանի էլեկտրաբաշխիչ ցանցերը գնելու ցանկություն է հայտնել ռուս-ուկրաինական խառը կապիտալով մի անհայտ ընկերություն, որը գրանցված է Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում, իսկ Հայաստան մտնելու հարցում էլ վայելում է որոշ կառավարամերձ շրջանակների աջակցությունը։

Արդեն այսօրվա նիստում կառավարությունը որոշել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական ընկերության գույքից 110 կիլովոլտ լարման հաղորդող գծերը հանձնել Հայաստանի միասնական բաշխիչ ցանցերին։ Նույն որոշմամբ, Հայկական ատոմակայանին պատկանող բարձր լարման ենթակայանները եւ էլեկտրահաղորդման 6 կիլոմետրանոց բարձրավոլտ գծերը եւս հանձնվել են միասնական էլեկտրաբաշխիչ ցանցին։ Ըստ երեւույթին, այս որոշումը թելադրված է կոնկրետ գնորդի կոնկրետ պահանջներով։



Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG