Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը հաջողված է համարում իր առաքելությունը Հայաստանում


«Ես չեմ ասում մնաք բարով, ես պարզապես ասում եմ ցտեսություն, որովհետեւ իմ հոգին եւ հոգեւոր կապերը միշտ կմնան Հայաստանում, ինձ համար մեծագույն պատիվ է եղել, ու ես առանձնահատուկ հիացմունքով ու առանձնահատուկ հաճույքով եմ աշխատել այս հոյակապ երկրում», - Հայաստանում իր քառամյա առաքելության ավարտի առիթով հրավիրած մամուլի ասուլիսում այսօր ասաց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Օուեյս Սաադաթը։

Սաադաթի պաշտոնավարման ընթացքում Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը Հայաստանի համար հաստատել է 13 ծրագիր՝ 250 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ եւ ավարտի է հասցվել 8 ծրագիր՝ 245 միլիոն դոլար արժողությամբ։ Այդ ընթացքում Հայաստանում իրականացված ծրագրերից ամենահաջողվածները, ըստ Սաադաթի, սոցիալական ծրագրերն են, որոնք ուղղված են եղել առավել աղքատ համայնքների խնդիրների լուծմանը: Նա առանձնապես դրվատանքով արտահայտվեց Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի մասին. 268 համայնքային ծրագրերը բարելավել են 662 հազար մարդկանց կյանքն ու կենցաղը։

Սաադաթը հաջողված են համարում նաեւ կրթական բարեփոխումների եւ ոռոգման համակարգի վերականգման ծրագրերը: Այս ընթացքում բանկի ֆինանսավորման հաշվին հրատարակվել է 112 անուն դպրոցական դասագիրք, 50 ուսուցչական ձեռնարկ։ Միեւնույն ժամանակ, փորձնական ծրագրի շրջանակներում հանրապետության 1400 դպրոցներ դասագրքերի համար փոքր վարձավճարներ են գանձել ու արդեն հավաքվել է 5 միլիոն դոլար։ Այդ գումարը լրիվ բավարար է հետագայում առանց արտաքին ֆինանսավորման պահանջվող քանակի դասագրքերը տպագրելու համար։

Ըստ Օուեյս Սաադաթի, բանկի առաջնահերթ խնդիրներից է եղել ներդումների խթանումը եւ աշխատատեղերի ստեղծումը: Փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցության ծրագրի շրջանակներում վարկավորվել են շուրջ 100 արդյունաբերական ձեռնարկություններ։ Դրանց հիման վրա այդ ոլորտում 2800 աշխատատեղ է ստեղծվել: Իսկ գյուղատնտեսության բնագավառում բանկի կատարած ներդրումների շնորհիվ ստեղծել է 7500 աշխատատեղ։

Նրա խոսքերով, Համաշխարհային բանկի որեւէ ծրագիր Հայաստանում չի ձախողվել։ Այդուհանդերձ, Կառուցվածքային բարեփոխումների՝ ՍԱՔ-2 եւ ՍԱՔ-3 ծրագրերը կարող էին ավելի լավ հիմնավորված լինել՝ մասնավորապես, սեփականաշնորհման մասով։ Սաադաթը ակնհայտ թերացում է համարում, որ ՍԱՔ-3 ծրագրի շրջանակներում բավարար չեն եղել պետական հատկացումները հանրային կրթության եւ առողջապահության բնագավառներին։

Օգոստոսի 1-ից Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակը կղեկավարի Ռոջեր Ռոբինսոնը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG