Մատչելիության հղումներ

ՀԺԿ առաջնորդը չի բացառում համագործակցությունը Հայկոմկուսի հետ


Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը չի բացառում նախընտրական շրջանում իր ղեկավարած կուսակցության համագործակցությունը Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) հետ: ՀԺԿ նախագահը նաեւ բացասական է գնահատում անցած շաբաթ Երեւանում ստորագրված «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագիրը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ՀԿԺ ղեկավարը, անդրադառնալով 13 ընդդիմադիր կուսակցությունների համագործակցությանը մաս չկազմող Հայկոմկուսի ղեկավարության՝ օրերս հնչեցրած հայտարարությանը, թե իրենք հնարավոր են համարում սերտ գործակցությունը ՀԺԿ-ի հետ նախընտրական շրջանում, ասաց. - «Համագործակցությունը 13 կուսակցությունների շրջանակում չի նշանակում, որ չի կարող լինել այլ համագործակցություն»: Նրա խոսքերով, 13-ի դաշինքը դեռ գոյություն չունի, եւ ՀԺԿ-ն ազատ է համագործակցել այլ ուժերի հետ եւս:

«13-ի համագործակցությունը շարունակվում է», - հավելեց նա: - «Խոսել դաշինքի մասին դեռ վաղաժամ է, բայց համագործակցությունը շարունակվում է, եւ մենք գնալու ենք ուժերի համախմբման ճանապարհով»:

Նախընտրական ժամանակաշրջանի շեմին ՀԺԿ-ն ոչ այնքան դաշինքային գործունեության է նախապատրաստվում, որքան մեկուսի շարժերի: «Ինչ խոսք, ՀԺԿ-ն պատրաստ կլինի տարբեր տեսակի ընտրությունների եւ մասնակցելու է դրանց», - ասաց ՀԺԿ նախագահը: - «Սա է առաջնահերթ խնդիրը՝ ՀԺԿ-ն ինքնուրույն պետք է պատրաստ լինի»:

Ստեփան Դեմիրճյանը դեռեւս վաղաժամ է համարում նաեւ նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի մասին խոսելը: «Միասնական թեկնածուի պահանջը կա», - այդուհանդերձ ասաց նա: - «Եվ ցանկալի է, որպեսզի ընդդիմությունը հանդես գա միասնական թեկնածուով»:

Ստեփան Դեմիրճյանը համոզմունք հայտնեց, որ ներկա իշխանությունը դատապարտված է: «Կեղծիքներով ու բռնություններով անհնար է իշխանությունը երկար պահել», - ասաց ՀԺԿ ղեկավարը:

Հարցին, թե արդյո՞ք կապ ուներ իր վերջերս Մոսկվա կատարած այցը «Գույք՝ պարտի դիմաց» համաձայնագրով իր ղեկավարած «Մարս» գործարանը Ռուսաստանին հանձնելու հետո, Ստեփան Դեմիրճյանը բացասական պատասխան տվեց: Իսկ ամբողջ գործարքի մասին ասաց. - «Սկզբունքը սխալ է, եւ պետք չէ դա ներկայացնել որպես հաջողություն: Հաջողություն կլինի միայն այն դեպքում, եթե գործարանները սկսեն արդյունավետ աշխատել, իսկ դրա երաշխիքները դեռեւս մենք չենք տեսնում»:

Նրա խոսքերով, գործարքի իրավական ձեւակերպումներն ամփոփող պայմանագրում ներդրումներ կատարելու կամ աշխատատեղերն ավելացնելու գծով որեւէ պարտավորեցնող նորմ չկա:

«Ուղղակի պարտք է փակվել: Պարտքը գույքով փակելը նորմալ չէ», - ասաց նա՝ ավելացնելով, թե հարցը կարելի էր լուծել համատեղ ձեռնարկությունների ստեղծման կամ այլ ճանապարհներով:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG