Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի գաղութացման բանաձեւը» վերնագրի ներքո «Առավոտ»-ը գրում է. «Ռուսաստանին պարտքեր ունեն ԱՊՀ բոլոր երկրները եւ որոշ պետությունների պարտքերի չափը միլիարդավոր դոլարների է հասնում։ Բացի Հայաստանից, այդ պարտքերի պատճառով եւ ոչ մի երկիր խուճապի չի մատնվել, ավելին, չեն էլ շտապում մարելու Ռուսաստանին ունեցած պարտքերը։ ԱՊՀ եւ ոչ մի երկիր չի պատրաստվում «Գույք՝ պարտքի դիմաց» նեոգաղութատիրական բանաձեւով Ռուսաստանին վաճառելու իր ռազմավարական նշանակության տնտեսական օբյեկտները»։ Թերթի գնահատմամբ, «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւով Ռուսաստանը տիրացավ Հայաստանի էլենտրաէներգիայի արտադրության մի մեծ բաժնին, լուծեց նաեւ փաստորեն սնանկ վիճակում հայտնված ՌԱՕ ԵԷՍ-ի վերակենդանացման հարցը, որին էլ հանձնվելու է Հրազդանի ՋԷԿ-ի հավատարմագրային կառավարումը: «Ռոբերտ Քոչարյանի վարչախումբն էլ իր հերթին քաղաքական առումով այս գործարքով իր նվիրվածությունը հայտնեց Ռուսաստանի իշխանություններին», - գրում է «Առավոտ»-ի մեկնաբանը:

«Հայոց Աշխարհ»-ը այդ գործարքը դիտարկում է աշխարհաքաղաքական տեսանկյունից. «Անկախ նրանից, որ այդ գործարքը վաղուց էր նախապատրաստվում եւ, անշուշտ, շահավետ է երկու կողմերի համար էլ, դրա արագացման վրա լուրջ ազդեցություն գործեց մինչեւ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը եւ ճանապարհների բացումը Հայաստանի տնտեսության մեջ լուրջ դիրքեր գրավելու՝ ռուսական կողմի ձգտումը: Այս հանգամանքը լրացուցիչ ամրություն եւ կայունություն է հաղորդում ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, այլեւ բարդ աշխարհաքաղաքական կացության մեջ գտնվող Հայաստանին՝ ընդհանրապես»:

«Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը հետեւող «Ազգ»-ի թղթակիցը ընդգծում է. - «Վերջին մի քանի նիստերի ընթացքում ամբաստանյալները հարցեր չունեն տուժողներին: Հետաքրքրական է եւ տարօրինակ՝ կորել է պաշտպանվելու ցանկությո՞ւնը, թե՞ նրանք դրա կարիքը չեն զգում»:

«Օր» թերթում բերված տվյալներով, Հայաստանում ներկայումս մահապատժի են դատապարտված 29 քաղաքացի: Վերջին անգամ հայաստանցի մահապարտը գնդակահարվել է 1991 թվականի օգոստոսին՝ Թբիլիսիում: «Ներկայումս որեւէ հիմք չկա ենթադրելու, որ գնդակահարվելու են նաեւ հիշյալ 29 հանցագործները», - գրում է «Օր»-ը: - «Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը միանգամայն այլ է»: Մեջբերված է Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածը. «Պետությունն իր օրենսդրության մեջ կարող է նախատեսել մահապատիժ այն հանցանքների համար, որոնք կատարվել են կա'մ պատերազմական ժամանակահատվածում, կամ անխուսափելի պատերազմի վտանգի պայմաններում»: Ըստ մեկնաբանի, չի բացառվում, որ «մասնավորապես Նաիրի Հունանյանի եւ նրա գործընկերների ճակատագիրը պայմանավորված լինի հատկապես այսօրինակ բնութագրից, քանզի ակնհայտ է, որ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչական գործողությունը խարխլել է դե ֆակտո պատերազմական ժամանակահատված վերապրող հայկական պետականության հիմքերը»:

«Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծումը դրված է մեր պետականության ստեղծման հիմքում, եւ այդ իրողությունն անտեսելը անհնարին է: Սա այն խնդիրն է, որի պատճառով Հայաստանը նախագահ է փոխում», - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է պատգամավոր Սեմյոն Բաղդասարյանը: - «Եթե Արեւմուտքը հայ ժողովրդի հետ հաշվի չնստի եւ փորձի Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելով լուծել հարցը, ապա ստիպված կլինենք ընտրություն կատարել եվրոպական համայնքի անդամ լինելու եւ մեր ազգային շահերի միջեւ... Առանց այդ էլ հանուն եվրոպական համայնքի հետ ինտեգրացիայի, արել ենք բավարար զիջումներ: Այլեւս չենք անի՝ թեկուզ Եվրախորհրդից դուրս գալու պայմանով: Եթե, իհարկե, Ղարաբաղի հարցում Արեւմուտքի այս ուղեգիծը շարունակվի, իսկ ես կարծում եմ, որ շարունակվելու է»:

«Առավոտ»-ի պատկերմամբ՝ Երեւանի ողջ կենտրոնը քարուքանդ է արվել՝ ընթացող շինարարության պատրանք ստեղծելու համար. «Մինչդեռ չար լեզուներն ասում են՝ պարզապես Քոչարյանի գիտությամբ գումարներ են լվացվում՝ հավանաբար ինչ-որ մասնաբաժին ընտրակաշառքային ֆոնդին տրամադրելու հաշվարկով»: «Առավոտ»-ը փոխանցում է նաեւ «Տարեգիր» էլեկտրոնային թերթի արձագանքը. «Որ մեր օրերում փողեր են լվանում, դա մենք ոչ միայն լսել ենք, այլեւ տեսել: Եվ որ փողերի լվացումը մեր իշխանությունների ու մեր շինարարների սիրած զբաղմունքն է, դա էլ գիտենք: Բայց այսպիսի լայնամասշտաբ համազգային լվացք մենք ոչ լսել էինք, ոչ տեսել էինք եւ ոչ էլ պատկերացնում էինք»:

«Օրրան» թերթում ուրվագծված է Հայաստանի քաղաքական դաշտի պատկերը: «Կուսակցությունների ու դաշինքների զգալի մասը ստեղծման, ներքին բովանդակության ու իրական նպատակաուղղվածության առումով չունենալով նույնիսկ առհասարակ գաղափարախոսություն, հեռու է իրական ժողովրդամետ հակումներից: Շուրջը եղածը ընդամենը նեղ ու միջկուսակցական բնույթի իշխանատենչ աղմուկ է՝ ազգային իրական քաղաքական դաշտը, իրոք, պարապ է: Հավանաբար, սրանով է պայմանավորված հասարակության ձանձրույթը առհասարակ քաղաքականի ու քաղաքականության հանդեպ», - ենթադրում է մեկնաբանը՝ առաջարկելով հետեւյալը. - «Հասարակական ամբողջական օրգանիզմի վերջնական ախտահարումից խուսափելու համար կա'մ պետք են հիմնավոր համակարգային փոփոխություններ, կա'մ որոշակի հնարավոր մասնավոր թերապիա՝ ազգային հնչեղությանն ու շահերին համապատասխան»: Իսկ ըստ «Առավոտ»-ի՝ «Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բարեհամբույր փոխհարաբերությունից է կախված երկրի քաղաքական, տնտեսական դաշտի այս կամ այն ուղղությամբ զարգացումը, քաղաքական գործիչների, գործարարների, կուսակցությունների վերադասավորումը»:

Մեկնաբանելով Ղարաբաղի նախագահական ընտրություններում ՍԻՄ-ի («Սահմանադրական իրավունք» միություն) նախագահ Հրանտ Խաչատրյանի՝ թեկնածու առաջադրվելու փորձը, պատգամավոր Աղասի Արշակյանը «Առավոտ»-ում հեգնում է. - «Այստեղ ոչ թե Լեռնային Ղարաբաղն է խնդիրը, այլ՝ մարդուն մի կարգին աշխատանքի դնելը. թող մարդն աշխատի ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Հակառակ դեպքում հուսահատությունից նա կարող է նախագահի իր թեկնածությունը ոչ թե Ղարաբաղում, այլեւ այլ երկրում էլ առաջադրել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG