Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօրվա գրեթե բոլոր թերթերը անդրադարձել են «Միասնություն» խմբակցության անդամ, պատգամավոր Գեւորգ Հակոբյանի՝ Երեւանի ներքին գործերի վարչություն տանելու եւ բռնության ենթարկելու պատմությանը: «Քաղաքական, պատգամավորական, գործարար շրջանակներում օրինաչափ դարձած ծեծկռտուքների վերջը չի երեւում», - գրում է «Երկիր»-ի մեկնաբանը: - «Թերեւս, այն երկար տեւի, քանի դեռ նման խայտառակության ամեն մի դեպքից հետո դրա գնահատականը եւ օրենքից բխող պատիժը չի տրվում: Խնդիրները լուծվում են «ախպերական կարգով»:

«Խնդիրն ավելի խորն է», - «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է Ազգային ժողովի գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը: - «Մեզանում «մեծամասնություն» եւ «փոքրամասնություն» հասկացությունները, ցավոք, արդեն վաղուց իմաստազրկվել են: Մեծամասնությունը ձեւավորվում է ոչ թե ծրագրի, այլ անձնական շահերի շուրջ: Այդպիսի մեծամասնությունը չի կարող լինել համախմբված, նվիրված, անգամ չի կարող իր ներկայացուցչին պաշտպանել: Եվ այդ դեպքը ակնհայտորեն դա ցույց տվեց»:

«Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ, ներքին գործերի Երեւանի քաղաքային վարչության պետ Աշոտ Գիզիրյանն առաջիկա օրերին, թերեւս, պաշտոնանկ կարվի: Համենայնդեպս, ըստ թերթի, ներքին գործերի նախարարի առաջ նման խնդիր են դրել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը: Իսկ «Միասնություն» խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն էլ սկսել է պաշտպանել այդ պահանջը: Նույն թերթի հարցազրույցում Գալուստ Սահակյանը հայտարարում է. - «Թե՛ խմբակցությունը, թե՛ Հանրապետական կուսակցությունը միանշանակ սատարելու են իրենց պատգամավորին: Մենք պահանջելու ենք հարցի քաղաքական լուծում. այս հարցն արդեն հասարակական մեծ հնչեղություն է ստացել, եւ հասարակությունը հարցի լուծում է պահանջում: Ուստի ՆԳ համակարգի նշյալ աշխատողը պետք է պատժվի: Եվ պետք է պատժվի արագ, առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում: Մենք այսօր քաղաքական լուրջ ուժ ենք, եւ մինչեւ վերջ հետամուտ ենք լինելու այս գործին»: Գալուստ Սահակյանի դիրքորոշման փոփոխությունը (նա մինչ այսօր չէր հիշում, թե նման դեպք է տեղի ունեցել) թերթի մեկնաբանը բացատրում է այսպես. «Միասնության» ղեկավարը հաշվարկել է, որ խմբակցությունն իսկապես կարող են լքել այն յոթ պատգամավորները, ովքեր Սահակյանին իրենց գործընկերոջ հարցը լուծելու համար մի քանի օր ժամանակ էին տվել... իսկ դա էլ իր հերթին Գալուստ Սահակյանին զրկելու էր խորհրդարանում «պապայություն» անելուց, քանզի՝ «մինուս 7 պատգամավորի դեպքում նա այլեւս որեւէ կշիռ չէր ունենա»:

«Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված, այնուհետեւ ազատ արձակված հանրապետության նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է. - «Առաջիկայում դատավարության այն փուլն է, երբ ես՝ որպես վկա, պետք է դատարան ներկայանամ ու ցուցմունք տամ: Երկրորդ՝ կան խնդիրներ, որոնց մասին այսօր չէի ցանկանա խոսել, քանի դեռ դատավարություն է ընթանում: Հետագայում կարող են շահարկել, թե ես փորձում եմ դատավարությունը շեղել եւ այլ խնդիրներ առաջ քաշել: Բայց այդ խնդիրները կան: Դրանցից մեկն էլ այն է, թե ովքեր էին կեղծ վարկածների եւ ցուցմունքների հեղինակները ու պատվիրատուները: Այդ ամենի մասին՝ հետո»: Վաղուց արդեն խոսակցություններ են պտտվում, որ իշխանության ներսում կան լուրջ տարաձայնություններ: Թղթակցի՝ այս կապակցությամբ հարցին Հարությունյանը պատասխանում է. - «Այն տարաձայնությունները, որոնց մասին արդեն բավական ժամանակ խոսում է մամուլը, չկան: Դա, իմ կարծիքով, քաղաքական հակառակորդների տակտիկական հնարքն է՝ արհեստականորեն տպավորություն ստեղծել, թե կան ինչ-ինչ հակասություններ: Իշխանական միասնական թեկնածուի ընտրության խնդրի մասին մտածելն անգամ ծիծաղելի է»:

«Իրավունք»-ի այս հարցազրույցում նախագահի խորհրդականը ժխտում է տարածված այն կարծիքները, թե նա վերահսկում է հեռուստատեսային լրատվական դաշտը. «Շատ մեծ երեւակայություն պետք է ունենալ՝ ասելու համար, թե լրատվական դաշտը գործում է իմ ազդեցության ներքո: Եվ հետո չեմ կարծում, թե այժմ չկան համարձակ եւ ազատ հեռուստաալիքներ... Բայց կան նաեւ լրատվամիջոցներ, որոնք կոչվում են ազատ կամ ընդդիմադիր, բայց նրանց ազատ կոչելը հնարավոր է միայն մեծ հումոր ունենալու դեպքում»:

«Եթե Թուրքիայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության գա Իսմայել Ջեմի եւ Քեմալ Դերվիշի ղեկավարած քաղաքական շարժումը, մինչեւ տարեվերջ հայ-թուրքական սահմանը կբացվի», - «Հայկական ժամանակ»-ում կանխատեսում է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ Դավիթ Հովհաննիսյանը: «Հայոց Աշխարհ»-ի պատկերմամբ, այդ հանձնաժողովի հայ անդամները «լայն քարոզարշավ են սկսել՝ իրենց իբր թե «նոր» խնդիրներն ու նպատակները հանրությանը մատուցելու համար»: «Փորձելով ստանձնել ժողովրդական դիվանագիտության մակարդակի վրա Հայոց ցեղասպանության հարցը թուրքերի հետ քննարկելու «առաքելությունը», - գրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, - «նրանք ոչ թե ձգտում են հասնել իրենց կողմից հռչակված նպատակին՝ Ցեղասպանության ճանաչմանը, այլ լուծել շատ պարզ ու հստակ մի խնդիր՝ մեծ պատվով ու հարգանքով թաղել այդ «անտեր մնացած» խնդիրը»: «Ազգ»-ը արձագանքում է հանձնախմբի անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի այն հայտարարությանը, թե նախապայմաններից պետք է հրաժարվի ոչ միայն Հայաստանը, այլեւ Թուրքիան: «Ռոբերտ Քոչարյանի վարչակազմն Անկարայի հետ հարաբերություններում որեւէ նախապայման չի դրել», - ընդգծված է «Ազգ»-ում:

Հայաստանում Միջազգային արժութային հիմնադրամի ներկայացուցիչ Կարպիս Իրադյանը «Ազգ» թերթի հոդվածում ուրվագծում է երկրի տնտեսական զարգացման միտումները: «Ընդհանուր մակրոտնտեսական իրավիճակը 2001 թվականին եւ 2002 թվականի առաջին կիսամյակում բավարար է։ Շարունակվում է կայուն տնտեսական աճը, որը կազմում է շուրջ 9 տոկոս՝ հիմնականում արդյունաբերական եւ շինարարական աճի շնորհիվ։ Չնայած դրան, բնակչության մեծ մասի կենսամակարդակն էականորեն չի բարելավվել, եւ բնակչության գրեթե կեսը դեռեւս պատկանում է կարիքավորների խավին»։

«Հայաստանում ՄԱՀ-ի գրասենյակի հարցման արդյունքները վկայում են կոռուպցիայի երեք հիմնական պատճառների մասին. 1) բարձրաստիճան իշխանության մարմինների անպատժելիությունը, 2) պետական հատվածում ցածր աշխատավարձերը եւ 3) օրենքների կիրարկման եղանակների բացակայությունը», - «Ազգ»-ում գրում է Իրադյանը։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG