Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների հանձնաժողովը անհանգստացած է հոգեորսության տարածմամբ


Նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովը այսօր կրկին անդրադառնալով Հայաստանում ավելի ու ավելի տարածում գտնող հոգեորսությամբ, հարկադրված էր արձանագրել, որ Հայաստանում մարդու մտքի, խղճի եւ կրոնի ազատության եւ պաշտպանության փաստացի վիճակը չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը եւ միջազգային չափանիշներին:

Թեեւ 2001 թվականին Եվրախորհրդին անդամակցելուց հետո Հայաստանն արդեն վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, օրենսդրական դաշտում առկա թերությունները դեռեւս երկրի քաղաքացիներին այլեւայլ ոտնձգություններից պաշտպանելու հնարավորություն չեն տալիս:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասրյանի խոսքերով, այսօրվա քննարկման համար խթան էր հանդիսացել Արմավիրի մարզում տեղի ունեցած մի մասնավոր դեպք, երբ 12 երեխաների հավաքագրման համար մեղադրվող Եհովայի վկաներ աղարդավորական շարժման ներկայացուցիչ Լեւոն Մարգարյանին դատարանը արդարացրեց՝ վստահելի ապացույցների բացակայության պատճառով: Այուհանդերձ փաստ է, որ հանրապետությունում քիչ չեն կրոնական շարժառիթներով կատարվող հանցագործությունները:

Որոշ աղանդների քայքայիչ գրծունեությունը լրջորեն հուզում է նաեւ եվրոպական առաջատար երկրներին, ուստի հակաաղանդավորական որոշակի միջոցառումներ են իրականացվում: Ֆրանսիայում, օրինակ, 2001թ մայիսին համապատասխան օրենք է ընդունվել, որը հնարավորություն է տալիս կասեցնել աղանդավորական շարժման գործունեությունը: Աղանդներին, ըստ այդմ, արգելվում է միսիաներ ստեղծել, խաբեությամբ հետեւորդներ հավաքագրել դպրոցների, հիվանդանոցների մոտակայքում:

Հայաստանում, մինչդեռ, հոգեորսությունը անարգել ու անպատիժ իրականացվում է: Ֆրանսիայում «վտանգավոր» որակված աղանդներից մի քանիսը՝ Եհովայի վկաներ, Սայենթոլոգիայի եկեղեցի, Մունի աղանդ (գրանցված է իբրեւ հասարարակական կազմակերպություն) գործում են նաեւ Հայաստանում: Ավելին՝ դրանցից մի մասը նույնիսկ բարեգործության անվան տակ որոշակի գործունեություն են ծավալում ու խաբեությամբ ընդլայնում իրենց շարքերը:

Մարդու իրավունքների հանձնաժողովի անհանգստությունը գուցե ուշացած, բայց տեղին է: Այսօր հանձնաժողովն ի վերջո որոշեց հրավիրել հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ուշադրությունը խնդրի նկատմամբ՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններ ձեռնարկելու նպատակով:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG