Մատչելիության հղումներ

Հարցախույզը հաստատում է, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները պատրաստ չեն փոխզիջումների


Անցյալ տարվա մարտ - սեպտեմբեր ամիսներին Երեւանի, Բաքվի եւ Ստեփանակերտի մամուլի ակումբների՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները վկայում են, որ երկու երկրների ժողովուրդները պատրաստ չեն փոխզիջումների:

Հարցախույզի արդյունքները, կարծես, եկան հաստատելու 2001 թվականի գարնանը Քի Ուեսթի բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի դիտարկումը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ու քաղաքական վերնախավերը պատրաստ են հաշտեցման փոխզիջումային տարբերակին, իսկ բնակչությունը՝ ոչ:

Հարցումն անցկացվել է քաղաքային եւ գյուղական բնակչության, քաղաքական եւ կուսակցական գործիչների շրջանակներում պատահական ընտրության մեթոդով: Ընդգրկվել են 1000 մարդ Հայաստանից, 1155-ը՝ Ադրբեջանից եւ 250-ը՝ Լեռնային Ղարաբաղից: Հարցադրումները մասնավորապես վերաբերել են բանակցային գործընթացի արդյունավետությանը, ակնկալիքներին ու խնդրի կարգավորման շրջանառվող տարբերակներին:

Հայաստանում հարցված բնակչության եւ փորձագետների ճնշող մեծամասնության կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը հրահրված է արտաքին ուժերի կողմից: Եթե նախկինում, ըստ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, «հիմնականում Ադրբեջանում էր պատասխանատվությունը դրվում դրսի ուժերի վրա, ապա այս պահին Հայաստանում են այդպիսի կարծիքի»:

Ադրբեջանի փորձագետների 12 տոկոսը համարում է, որ հակամարտության համար հավասարապես պատասխանատու են թե' Ադրբեջանը եւ թե' Լեռնային Ղարաբաղը: Տարօրինակ է, որ Հայաստանում կան մարդիկ (ինչպես փորձագետների, այնպես էլ բնակչության շրջանում), ովքեր համարում են, որ հակամարտության մեջ մեղավորը Հայաստանն է:

Ադրբեջանում հարցվածների գերակշռող մասը կողմնակից է հարցի կարգավորման ուժային տարբերակին՝ եթե, իհարկե, խաղաղ կարգավորումն անհնար լինի: Հայաստանի բնակչության մեծ մասն արտահայտվել է հօգուտ հարցի կարգավորման փուլային, իսկ փորձագետների մեծամասնությունը՝ փաթեթային տարբերակի:
Իսկ Ադրբեջանում ինչպես փորձագետներն, այնպես էլ բնակչությունը առավելությունը հավասարապես տվել են փուլային տարբերակին, այսինքն՝ տարածքների հանձնում, փախստականների վերադարձ, ինչից հետո միայն՝ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա Հայաստանում հարցման ենթարկված բնակչությունն ու փորձագետները առավելապես կողմնակից են Լեռնային Ղարաբաղի անկախացմանը, իսկ ԼՂՀ-ում հակառակը՝ մեծամասամբ երկրի ապագան տեսնում են Հայաստանի կազմում:

Ադրբեջանում հարցվածներն առավելապես կողմնակից են տարբերակին, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում՝ առանց ինքնավարության պահպանման: Որոշ փորձագետներ ընդունելի են համարել նաեւ ինքնավարության պահպանումը՝ նույնպես, բնականաբար, Ադրբեջանի կազմում: Անսպասելիորեն Ադրբեջանում հարցվածներից 8 հոգի կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի անկախացմանը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG