Մատչելիության հղումներ

Կենտրոնական բանկը կրճատում է դրամի բազան՝ սղաճը կանխարգելելու նպատակով


Հայաստանի կենտրոնական բանկը կրճատում է դրամի բազան՝ նպատակ ունենալով կանխարգելել գյուղատնտեսական մթերքի աննախադեպ բարձր գների հետեւանքով հնարավոր սղաճը:

Կենտրոնական բանկի ներկայացուցչի խոսքերով, բանկը արդեն անցած ամսվանից սկսել է դրամի բազան կրճատելու քայլերը, եւ կիրառվող հիմնական միջոցը դոլարի վաճառքն է:

Միրգն ու բանջարեղենը, չնայած ցածր սղաճին, այս տարի գրեթե կրկնակի թանկ են նախորդ տարիների համեմատությամբ: Գյուղացիները, ինչպես նաեւ պաշտոնյաները դա բացատրում են անցած գարնան հորդառատ անձրեւներով ու կարկտահարությամբ:

Գյուղացիների կարծիքով, բարձր գները հետեւանք են նաեւ այն բանի, որ հայաստանյան միրգն ու բանջարեղենը արտահանվում են: Ամեն դեպքում, ինչպես գյուղացիներն ու այնպես էլ վերավաճառողները պնդում են, որ տեղական շուկայում պահանջարկն ընկել է, քանի որ գները շատ բարձր են:

Պաշտոնական տվյալների համաձայն, սպառողական գների սղաճը առաջին կիսամյակում կազմել է մոտ երկու տոկոս: Դա փոքր-ինչ բարձր է ծրագրված ցուցանիշից: Պաշտոնյաներն, այդուհանդերձ պնդում են, որ կհաջողվի վիճակը կայունացնել եւ տարեվերջին չգերազանցել սղաճի նախատեսված ցուցանիշը՝ մինչեւ 3 տոկոս:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG