Մատչելիության հղումներ

ԱԺ պատգամավորը բռնությունների է ենթարկվել ներքին գործերի բաժնում


Լրատվամիջոցների փոխանցմամբ, հուլիսի 9-ի երեկոյան Ազգային ժողովի պատգամավոր, «Միասնություն» խմբակցության եւ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Հակոբյանին եւ տրանսպորտի ու կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանին Երեւանի ներքին գործերի վարչության պետ Աշոտ Գիզիրյանի կարգադրությամբ ՆԳ բաժնում բռնությունների են ենթարկել:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիլտոր Դալլաքյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գեւորգ Հակոբյանի պատմածը: Ըստ այդմ՝ երբ Հակոբյանը, Էդուարդ Մադաթյանը եւ Էրեբունու ՆԳ բաժնի պետ Յազիչյանը վերադառնալիս են եղել Սեւանից, Յազիչյանի բջջային հեռախոսի զանգին պատասխանել է Գեւորգ Հակոբյանը: Զանգահարողը Երեւանի ՆԳ վարչության պետ Աշոտ Գիզիրյանն է եղել: Գեւորգ Հակոբյանը նախ ներկայացել է, ապա ասել, թե Յազիչյանը չի կարող խոսել ու փորձել է բացատրել, թե ինչ պատճառով: Ի պատասխան Գիզիրյանը սկսել է հայհոյել, ինքն էլ նույն ոճով պատասխանել է: Կարճ ժամանակ անց մայրաքաղաքի մատույցներում մոտ 50 ավտոտեսուչներ կանգնեցրել են պատգամավորի մեքենան՝ վարորդի խմածության կասկածանքով եւ տարել են ՆԳ բաժին: Երեկոյան ժամը 8-ից մինչեւ գիշերվա երեքը պատգամավորին պահել են քրեական հետախուզության վարչության պետի սենյակում: Մոտ 2.30-ին սենյակ է մտել Գիզիրյանը. երկու ոստիկաններ բռնել են Գեւորգ Հակոբյանի թեւերից, եւ Գիզիրյանը սկսել է ծեծել պատգամավորին: Դրանից հետո պատգամավորին ազատ են արձակել:

Ներքին գործերի նախարարության լրատվական վարչության պետ Արտակ Վարդազարյանի ներկայացմամբ, սակայն, պատգամավորին ընդամենը խմածության կասկածանքով տարել են ՆԳ բաժին, վերջինս երկար ժամանակ չի համաձայնել խմածության համար ստուգման ենթարկվել: Ի վերջո ստուգման ենթարկվել է, բժիշկը հաստատել է նրա խմածությունը, կազմվել է համապատասխան արձանագրություն:

Արձանագրությունը, ըստ Վարդազարյանի, դեռ պետք է քննարկվի եւ ըստ այդմ որոշվի, թե վարչական ինչ պատասխանատվության է ենթարկվելու ԱԺ պատգամավոր Գեւորգ Հակոբյանը:

Ըստ Վիկտոր Դալլաքյանի, Գեւորգ Հակոբյանը միջադեպի կապակցությամբ հանդիպել է երկրի վարչապետի հետ, եւ վարչապետը խոստացել է, որ լուրջ քայլեր կձեռնարկի:

«Մեր հանձնաժողովի մի շարք պատգամավորներ են եկել ինձ մոտ եւ առաջարկել են, որ մենք ստորագրություններ հավաքենք եւ դիմենք ներքին գործերի նախարարին, երկրի վարչապետին եւ երկրի նախագահին՝ Գիզիրյանին պատասխանատվության ենթարկելու համար», - ասաց Դալլաքյանը:

Պետաիրավական հարցերով հանձնախողովի անդամ Արշակ Սադոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ եթե պատգամավորը գրավոր բողոք ներկայացնի հանձնաժողովին, ապա գործին «բավականին լուրջ» ընթացք կտրվի: Սակայն Գեւորգ Հակոբյանը որեւէ գրավոր բողոք առայժմ չի ներկայացրել:

Ինչպես Արշակ Սադոյանը, այնպես էլ Վիկտոր Դալլաքյանը որոշակի կապ են տեսնում միջադեպի եւ վերջերս «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխությունների միջեւ, որոնցով պատժամիջոցներ են սահմանվում կարգազանց պատգավորների նկատմամբ: Ըստ Սադոյանի, կատարվածը իսկական դաս կարող է լինել պատգամավորների համար:

«Եթե դահլիճից կարող են տանել, ուրեմն փողոցից էլ կարելի է տանել», - ասաց Վիկտոր Դալլաքյանը: - «Սա շատ ցավալի երեւույթ է»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG