Մատչելիության հղումներ

Վալտեր Շվիմերը վտանգավոր է համարում Ղարաբաղյան հարցի կարգավորման ձգձգումը





Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը, որ անցած երկու օրերի ընթացքում հանդիպումներ ունեցավ Հայաստանի ղեկավարության հետ՝ քննարկելով հիմնականում համաեվրոպական այդ կառույցին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, վտանգավոր է համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգումը:

«Շատ վտանգավոր է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը երկար սպասելը, որովհետեւ մարդիկ ընտելանում են ընթացիկ իրավիճակին, ստատուս քվոյին», - այցի ավարտին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը: - «Այդ պատճառով էլ մենք քաջալերում ենք Մինսկի խմբի գործունեությունը»:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այս անգամ իր այցը տարածաշրջանային չէր, ինչպես սովորաբար լինում է, Վալտեր Շվիմերը ասաց, թե Վրաստանում արդեն եղել է, իսկ Բաքու այցելությունը դեռ առջեւում է, եւ ինքն ակնկալում է, որ մինչ այդ առաջընթաց կարձանագրվի Եվրախորհրդի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ, մասնավորապես՝ քաղբանտարկյալների հարցում:

Բացի այդ, Ադրբեջանը հրաժարվում է ընդունել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում Ադրբեջանի հարցով զեկուցող, շվեյցարացի Անդրեաս Գրոսին՝ պատճառաբարելով, թե վերջինս հայամետ է: Անդրադառնալով այդ հարցին, Շվիմերը ասաց, որ որեւէ երկիր չի կարող ընտրել զեկուցողին:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ասուլիսի ընթացքում մի քանի անգամ շեշտեց, որ Հայաստանի ստանձնած առանցքային պարտավորություններից մեկը՝ մահապատժի վերացումը պետք է կատարվի՝ եթե Հայաստանն իրեն եվրոպական ընտանիքի անդամ է համարում:

Կոռուպցիան Շվիմերը որակեց որպես «նոր ժողովրդավարություններին բնորոշ մանկական հիվանդություն», իսկ անդրադառնալով մեր երկրում սպասվող ընտրություններին, ասաց, որ Եվրախորհուրդն անպայման դիտորդներ կուղարկի ինչպես աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ գալիք տարվա նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին:

Վալտեր Շվիմերը լրագրողներին ասաց նաեւ, որ հասունացել է Եվրախորհրդի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու անհրաժեշտությունը, քանի որ Եվրամիությունը, ըստ երեւույթին, 2004 թվականին կընդլայնվի, եւ Եվրախորհուրդը կդառնա համաեվրոպական գործակցության համար պատասխանատու կառույց:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG