Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրկին հերքում է «փարիզյան սկզբունքները»





Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը, հակառակ Հեյդար Ալիեւի վերջին հայտարարությունների, կրկին հերքել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը անցած տարի Փարիզում ձեռք էին բերել որոշակի համաձայնություններ՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ:

Երկար ժամանակ հերքելուց հետո, Ադրբեջանի նախագահը անցած ամիս խոստովանել էր, որ 2001 թվականի մարտին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի միջնորդությամբ անցկացված բանակցությունների ընթացքում ինքն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնեցրել էին խնդրի խաղաղ կարգավորման «փարիզյան սկզբունքները»:

Ըստ հայ պաշտոնյաների, այդ սկզբունքները «թղթին էին հանձվել» փարիզյան բանակցություններին հետեւած քիուեսթյան բանակցությունների ժամանակ, սակայն Բաքուն հետագայում հրաժարվել էր դրանցից:

Ադրբեջանական թերթերը մեջբերում են Գուլիեւի խոսքերը, թե Փարիզում էական համաձայնություններ չեն եղել: «Ես շարունակում եմ պնդել իմ կարծիքը՝ փարիզյան սկզբունքներ գոյություն չունեն», - ասել է նա: - «Փարիզում երկու նախագահները պարզապես տեսակետներ են փոխանակել հակամարտության կարգավորման վերաբերյալ»:

Արտգործնախարարի այս պնդումները հակասում են հունիսի 14-ին Ալիեւի արած հայտարարություններին: ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Հյուգ Պերնեի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը ընդունել էր, որ Փարիզում «մի շարք համաձայնություններ էին ձեռք բերվել»՝ դրանք անվանելով «փարիզյան սկզբունքներ»: Ալիեւը, սակայն, հայկական կողմին էր մեղադրել դրանցից ետ կանգնելու մեջ:

Հայաստանի ղեկավարներն, իրենց հերթին, Ալիեւին մեղադրել են «փարիզյան սկզբունքները» խեղաթյուրված ներկայացնելու մեջ՝ կտրականապես հերքելով, թե դրանք հիմնված են տարածքների փոխանակման գաղափարի վրա: Ըստ հայ ղեկավարների, Ադրբեջանը Մեղրիով ունենալու էր սոսկ երաշխավորված հաղորդակցության ուղի, մինչդեռ Հայաստանը վերահսկելու էր Լեռնային Ղարաբաղն ու Լաչինը:

Ըստ Գուլիեւի, Ալիեւի հիշատակած տարբերակը սոսկ մեկն է «բանակցությունների ընթացքում քննարկված բազմաթիվ տարբերակներից»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG