Մատչելիության հղումներ

Մերձմոսկովյան քաղաքում հայկական ջարդի ժամանակ տուժել է 20 մարդ


Կիրակի օրը մերձմոսկովյան Կրասնոարմեյսկ քաղաքում հայերի ջարդի ժամանակ տուժած անձանց թիվը հասնում է 20-ի, որոնցից 8-ը տեղափոխվել են հիվանդանոց:

Լույս կիրակի գիշերը 27 հազար բնակչություն ունեցող Կրասնոարմեյսկի սրճարաններից մեկում ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. 46-ամյա Գարիկ Սահյանը դանակահարել է 26-ամյա Իգոր Սամոյլյուկին: Վերջինիս խոսքերով, Սահյանը եւ նրան ուղեկցող հայերը իրենց անվայել էին պահել: Սահյանի մեկնաբանությունները հնարավոր չեղավ ստանալ, քանի որ վերջինս կալանված է:

Նույն օրը երեկոյան դանակահարվածի յուրայինները ավտոմեքենաներով շրջում են քաղաքում ու ծեծում բոլոր պատահած հայերին՝ ընդ որում ոչ միայն փողոցներում, այլեւ հենց հայերի բնակարաններում: Մի քանի տասնյակ հարձակվողները փայտե մահակներով ծեծում էին նաեւ կանանց ու երեխաներին: Սա շարունակվել է շուրջ 4 ժամ, եւ այդ ընթացքում իրավապահները չեն միջամտել՝ ահազանգերին պատասխանելով, թե չունեն բավարար քանակությամբ կարգախմբեր: Կեսգիշերին մոտ, երբ հարձակվողների թիվն անցնում է 80-ից, իսկ ծեծված հայերի թիվը՝ 20-ից (որոնցից 8-ը վերջույթների ու կողերի կոտրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց), իրավապահները վերջապես միջամտում են ու ձերբակալում երկու երիտասարդի:

Տուժածների վկայությունը հաստատում է, որ Կրասնոարմեյսկում տեղի ունեցածը հայկական ջարդ էր: Այն, որ Ռուսաստանի նորագույն պատմության մեջ տեղի ունեցած առաջին հայկական ջարդը սկսվել է կենցաղային դանակահարությունից, ոչինչ չի նշանակում, ջանդերը սովորաբար հենց նման աննշան միջադեպերից են սկսվում:

Բոլոր տուժածները, բացառությամբ Իգոր Սամոյլյուկի, հայեր են: Եթե սկզբում հարձակումներին մասնակցում էին միայն Սամոյլյուկի յուրայինները, ապա հետագայում նրանց էին միացել հայերի նկատմամբ թշնամաբար տրամադրված տեղաբնակներ՝ այդ թվում՝ «սափրած գլուխներ»:

Տուժածներից Արտուր Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրեն ծեծել էին ուշ երեկոյան՝ 50-60 հոգով: Հարցին, թե ինչո՞ւ ծեծեցին, Գալստյանը պատասխանեց. - «Ես էլ չիմացա: Նույնիսկ չասացեն, թե ինչու են ծեծում: Բայց հեռանալիս ասացին՝ թողեք-գնացեք այստեղից»:

Ռուսաստանյան լրատվամիջոցները, առավել եւս իշխանությունները չեն ընդունում, թե կատարվածը ջարդ էր: Մոսկվայի մարզի ներքին գործերի գլխավոր վարչության մամլո ծառայության պետ Ալեքսանդր Ալեքսեեւի մեկնաբանությամբ, «միջադեպը չի կարելի միջէթնիկական բախում անվանել»: Նրա որոկմամբ, դա սովորական ծեծկռտուք է եղել: Միայն «Նեզավիսիմայա գազետա» թերթն է կատարվածը «ջարդ» որակել:


Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG