Մատչելիության հղումներ

Առաջին կիսամյակում գերակատարվել են հարկային մուտքերը, թեեւ «ստվերը» տնտեսությունում չի կրճատվել


Պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ առաջին կիսամյակի հարկային եկամուտների պլանը կատարվել ու գերակատարվել է: Անցած հինգշաբթի բյուջետային եկամուտների գերակատարման մասին հայտարարած Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի օրինակով, Երվանդ Զախարյանն էլ հաջողությունը վերագրում է հանրապետության ղեկավարությանը:

«Առանձին վերցրած մեկ նախարարությունը հաջողություն չի կարող ունենալ ամենամեծ ցանկության դեպքում անգամ: Այդ բոլոր դրական միտումները նախարարությունում եւ ընդհանրապես հարկային դաշտում, դա ընդհանուր կառավարության աշխատանքն է, հանրապետության նախագահի ամենամսյա, ամենօրյա հետեւողական աշխատանքը», - ասաց նախարարը:

Երվանդ Զախարյանի մատուցմամբ, առաջին կիսամյակի ընթացքում հավաքվել են շուրջ 47 միլիարդ դրամի հարկեր, որոնք կազմում են տարեկան բյուջեով ծրագրվածի 45 տոկոսը: Երկրորդ կիսամյակում կհավաքվի եւս 57 միլիարդ 300 միլիոն դրամի հարկ։

«Գործող հարկային օրենքների պայմաններում շուրջ 60 հազար տնտեսավարող սուբյեկտները իրականում որքա՞ն հարկեր պետք է վճարեին» հարցին Զախարյանը պատասխանեց, թե հավաքվածը պահանջվածի մոտ 60 տոկոսն է: Սա նշանակում է, որ ստվերում գոյանում եւ յուրացվում են ավելի քան 60 միլիարդ դրամի եկամուտներ։ Ուստի տնտեսության ստվերային կամ չհաշվառվող մասը մոտ 40 տոկոս է, ու ոչ մի կերպ չի հաջողում այդ թիվն իջեցնել:

«Հանրապետությունում շարունակվում են բարձր տոկոս կազմել չհայտարարագրված շրջանառությունները եւ, այսպես կոչված, ստվերը, որ այսօր դեռ կան որոշ արտադրություններում եւ որոշ ոլորտներում», - ասաց Զախարյանը՝ ավելացնելով, թե հարկային մարմինները դեռ «լուրջ մտածելու տեղ» եւ «լուրջ աշխատանքներ» ունեն:

Ըստ նախարարի, իր պաշտոնավարության օրոք, հարկատուների մոտ կտրուկ բարձրացել է հարկային կարգապահությունը. - «Հարկատուները ավելի լուրջ են մոտենում իրենց հարկային պարտավորություններին: Արդեն իսկ գիտակցում են, որ հարկային պարտավորությունները եւ հարկային մուտքերը ոչ միայն հարկային մարմինների գործն է, այլ հարկատուների եւ բոլորիս գործն է»:

Զախարյանը, սակայն, չհստակեցրեց պարադոքսալ իրողությունը, թե ինչպե՞ս է բարձրանում հարկատուների օրինապահությունը, երբ տնտեսության մեջ ստվերայնության մակարդակը ոչ մի կերպ չի իջնում:

Հարկային գերատեսչության ղեկավարի մատուցմամբ, հարկահավաք գերատեսչությունը ծրագրում է արդեն աշնանային նստաշրջանում խորհրդարան ներկայացնել հարկային լուրջ փոփոխություններ ենթադրող օրինագծեր։ Հարկերի իջեցում, սակայն, կարելի է ակնկալել միայն 2004-2005 թվականներին:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG