Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը չի բացառում նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրումը





Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը չի բացառում իր թեկնածության առաջադրումը 2003-ի նախագահական ընտրություններում:

Ուրբաթ օրը Գյումրիում Մանուկյանը լրագրողներին ասաց, որ ինչպես իր ղեկավարած կուսակցությունը, այնպես էլ անձամբ ինքը «հակված են մասնակցել նախագական ընտրություններին», սակայն վերջնական որոշումը դեռեւս ընդունված չէ:

Զուգահեռներ անցկացնելով 1996 թվականի նախագահական ընտրությունների եւ առաջիկա ընտրությունների միջեւ, Մանուկյանը ասաց, որ այն ժամանակ միասնական թեկնածուի հարցը ավելի հեշտ լուծվեց. նախապես թեկնածուները հանդես էին եկել առանձին-առանձին, եւ միայն ընտրություններից 20 օր առաջ որոշել էին իրեն առաջադրել որպես միասնական թեկնածու:

Այժմ, Մանուկյանի խոսքերով, վիճակը այլ է. նախագահական ընտրություններից դեռ շատ առաջ բազմաթիվ կուսակցություններ (ոչ միայն 13 ընդդիմադիր կուսակցությունները) հանդես կգան միասնական թեկնածուով: ԱԺՄ առաջնորդը, այդուհանդերձ, չբացառեց երկրորդ տարբերակը, որի դեպքում կուսակցությունների առաջնորդները սկզբում հանդես կգան առանձին-առանձին, իսկ հետագայում կմիավորվեն՝ եթե «ճանապարհին իրար վրա էնքան ցեխ չթափեն, որ հետո չկարողանան միավորվել»:

«Լուրջ նախադրյալներ, որպեսզի մենք խոսենք, որ ինչ-որ միասնական թեկնածու կլինի, դեռ չկան», - ավելացրեց, սակայն, Վազգեն Մանուկյանը:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում օրերս կատարված փոփոխությանը, ըստ որի Ազգային ժողովում մեծամասնական տեղերն ավելացան՝ ի հաշիվ համամասնական տեղերի կրճատման, Մանուկյանը դա բացատրեց իշխանությունների՝ Հանրապետական կուսակցության՝ որպես մեծամասնություն, կամ Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախագահ, հանդես գալուն:

«Երեւի իրենցից մեկն ու մեկը կամ երկուսը գտել են, որ զուտ քաղաքականացված եւ կուսակցական ընտրություններում իրենց հնարավորությունները ավելի քիչ են, եւ դրա համար ուզել են, որպեսզի մեծամասնականը լինի ավելի շատ», - ասաց նա, ավելացնելով, թե մեր երկրում մեծամասնականով ընտրվել, նշանակում է, որ «իշխանությունն է որոշում, իշխանության ենթակա մարդն է ընտրվում»:


Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG