Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մեր Սահմանադրության մասին «Առավոտ» թերթի ներկայացրած պատումը հետեւյալ ոճով է. «Նա ակնհայտորեն դժբախտ աստղի տակ է ծնվել։ Իր ծննդյան առաջին իսկ պահից ստիպված էր կրել ապօրինի ծնունդի խարանը։ Նրանից, որ կոչված էր կառավարել, հրաժարվեցին կնքահայրերից ու հարազատներից շատերը։ Վերջիններս արագ սկսեցին ծառայել իշխանության Օլիմպոս սպրդած տեղապահներին, որոնք խոստացան արդեն երեքամյա մանկիկին հնարավորինս կարճ ժամկետում փոփոխել՝ պլաստիկ վիրահատության ճանապարհով։ Որպեսզի ուղղեն ծնողներից նրան բաժին հասած դիմագծերը եւ, իրենց կարծիքով, այլ ժառանգական թերությունները»: - Ներկային հասնելով էլ «Առավոտ»-ը ամփոփում է. - «Առայսօր իր արտաքինն այդպես էլ չբարեփոխած Սահմանադրությունը դարձավ 7 տարեկան: Այդ տարիքում վիրաբույժները խորհուրդ են տալիս զերծ մնալ ամեն կարգի պլաստիկ վիրահատություններից։ Արդյունքը, ասում են, առանձնապես չի երեւում։ Փոխարենը՝ անկանխատեսելի բարդություններ՝ որքան ուզես։ Ասենք, գեղեցիկ կամ տգեղ, միեւնույն է, նրա երկրպագուների թիվը չի ավելանում։ Չեն ավելանալու նաեւ նրան ծնունդով սահմանված իրավասությունները։ Մեզ մոտ կառավարում են բացառապես ռեգենտները, իսկ Սահմանադրությունը պետք է այնքանով, որքանով արդարացնում է նրանց գոյությունը։ Իսկ նման համեստ դերի համար չարժե ավելորդ զարդեր կախել»։

«Հայկական ժամանակ» թերթն էլ ընդգծում է. «Իրականում Սահմանադրությունը ոչինչ է, եթե նա այն հենման կետը չէ, որի շնորհիվ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պիտի շուռ տանք աշխարհը: Հակառակ դեպքում, այն ընդամենը ցուցանակ է՝ երկրիս անսվաղ պատից կախ: Ու այն ժամանակ, երբ մենք սեփական ձեռքերով կկերտենք մեր հաղթանակները եւ փողոցային հարայհրոցներով կնշենք դրանք, ահա այդ ժամանակ երեւի թե ժամանակ կունենանք մտածելու. Աստված իմ, ինչ անզուգական է Հայրենիք ունենալու եւ Հայրենիքով հպարտանալու զգացողությունը: Շնորհավոր մեր տոնը՝ Սահմանադրության»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթը այս տարվա առաջին կիսամյակն ամփոփում է՝ «Պիտի հավատալ, որ անցնում է չհավատալու ժամանակը» վերնագրի տակ արձանագրելով. «Հայաստանի ներքին կյանքն իր քաղաքական ու տնտեսական ենթաբաժիններով կիսամյակի սահմանը հատում է գոնե առանց հետընթացի միտումների»: Ավելին, առանձնացվում է հատկապես կառավարության ու խորհրդարանական մեծամասնության կայացված համագործակցությունը՝ որպես հետագա քաղաքական կայունության ու տնտեսական առաջընթացի առհավատչյա: «Հայկական ժամանակ» թերթն այսօր ուշադրություն է սրում, որ տնտեսական ձեռքբերումների մատուցումները վերջերս կարծես շրջանցում են նախագահ Քոչարյանի անունը, «տնտեսական հրաշքը» հանրությանը ավետելու առաջնությունը ամբողջությամբ իր ձեռքն է վերցրել կառավարությունը: Երեկ էլ, մասնավորապես, ֆինանսների նախարարը կառավարությունում ավետեց տարվա առաջին կիսամյակի փայլուն կատարողական, մինչդեռ նախկինում այդ ամենը կզուգորդվեր «նախագահի հատուկ դերի» ֆորմատով: «Մեր «տնտեսական հրաշքի» ցուցանիշները նկարված են՝ անկախ նրանից, թե ով է այդ նկարը ներկայացնում՝ Քոչարյա՞նը, թե՞ Մարգարյանը», - ի մի է բերել «Հայկական ժամանակ»-ը՝ որպես երանգ ավելացնելով. - «Ակնհայտ է, որ վերջին մեկ տարվա ընթացքում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դերը ներքաղաքական կյանքում բավականաչափ մեծացել է: Համենայնդեպս, ժամանակին ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ Մարգարյանը այս աստիճան ազդեցիկ կդառնա»:

«Օրրան» թերթի մեկնաբանի հայացքով էլ, Ազգային ժողովում ծավալված վերջին ներքաղաքական խաղից «շահած դուրս եկան բոլորը, բացի Քոչարյանից եւ ՀՅԴ-ից. «Արտահերթը, ինչպես նաեւ 67-րդ ընտրատարածքը եկան փաստելու, որ միջիշխանական երկարատեւ հենարանային որոնումները լուծվեցին հօգուտ Սերժ Սարգսյանի: Արանքում մի պստիկ էլ «հագուրդ» ստացավ խորհրդարանական մեծամասնությունը՝ սեփական ինքնասպանության հաշվին»: Որպես նախագահի պարտություն «Օրրան»-ում շեշտադրվում է, որ նա ստիպվեց երես թեքել իրեն առավել հոգեհարազատ սատարող Դաշնակցությունից:

Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթի այսօրվա խմբագրականը ընդգծում է. - «Ընդհանուր առմամբ, որեւէ արտառոց բան չի եղել. հաջողությունն ու անհաջողությունը քաղաքական կյանքի անբաժան տարրերն են։ Եվ մենք էլ ո՛չ հաջողություններից ենք կորցրել սթափ դատելու կարողությունը, ոչ էլ առանձին անհաջողությունն է փոխելու երկրի քաղաքական կյանքում մեր տեղն ու դերը։ Իսկ նրանց, ովքեր առանձին դրվագների հիմամբ վերլուծել-կանխատեսելու հակում ունեն, խորհուրդ ենք տալիս սպասել մեր հաջորդ հաղթանակներին»: Փոխարենը «Երկիր»-ը մտահոգությունն ուղղել է նախկին իշխանությունը ներկայացնողների ասպարեզ վերադարձին: Ուշադրություն է գրավել եւ , մասնավորապես, Ժիրայր Լիպարիտյանի հայտնությունը Հայաստանում: «Երկիր»-ը նշում է. - «Արծարծվող թեման եւ պահը պատահականորեն չեն ընտրված. առիթ է ստեղծվում սեփական ուղղության ու շրջանակի մասին նոր խոսակցության ծավալման եւ միաժամանակ՝ ազդանշան որոշ արտաքին շրջանակներին՝ իրենց կողմից կրկին դերակատարության ստանձնման համար»:

«Հայոց Աշխարհ» թերթի տեսաբանի հայացքով, Տեր-Պետրոսյանի քաղաքական հայտը բացառում է ընդդիմության միասնական թեկնածուի ի հայտ գալու հնարավորությունն անգամ: Նման պայմաններում ընդդիմությունը կարող է հանդես գալ առնվազն երկու «միասնական թեկնածուով»: «Տեր-Պետրոսյանի քաղաքական հայտը անխուսափելի է դարձնում մի կողմից արմատական ընդդիմության պառակտումը արեւմտահետ եւ ռուսամետ թեւերի, մյուս կողմից էլ արագացնում է այդ թեւերից վերջինի համախմբման, բյուրեղացման եւ ներկաներ-նախկիններ սխեմայի մեջ չտեղավորվող նոր առաջնորդ փնտրելու գործընթացը»:

Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ում ասում է. - «Ոչ միայն ես, նաեւ մեր կուսակցությունը ողջունում է առաջին նախագահի վերադարձը քաղաքականություն»: Միասնական թեկնածուի թեմայով Արամ Սարգսյանը առայժմ ակնարկում է. - «Մենք շատ լուրջ ուժ պիտի դնենք Քոչարանի դեմ, եւ պատահական չէր, որ պարոն Բազեյանն ասաց, թե չի բացառվում, որ միասնական թեկնածուն 13-ի համագործակցությունից դուրս լինի»: «Իշխանությունները թող հույս չունենան, թե մենք հիմա միասնական թեկնածուի անուն կտանք», - ավելացնում է նախկին վարչապետը: - «Միասնական թեկնածուն կհայտարարվի ընտրություններից 5,10, ամեանաշուտը՝ 20 օր առաջ: Միասնական թեկնածու անպայման կլինի, եթե ընտրություններին մասնակցի Ռոբերտ Քոչարյանը»:

«Այսօրվա նախագահին նեցուկ կանգնելը, նրա կատարած ավերները չնկատելու տալն արդեն դավաճանություն է ժողովրդի, երկրի ապագայի նկատմամբ», - «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է Հայկոմկուսի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը՝ իր կողմից այսօր փաստորեն հաստատելով նաեւ, որ նախագահի իրենց թեկնածուն լինելու է Վլադիմիր Դարբինյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG