Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկված փոփոխությունները


Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը հինգշաբթի օրը կայացած վերջին նիստում առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրինագիծը՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ:

Ըստ ընդունված փոփոխությունների ու լրացումների, այսուհետեւ կարգազանց պատգամավորի նկատմամբ Ազգային ժողովի նիստը վարողը կարող է կիրառել հետեւյալ պատժամիջոցները. զրկել ձայնի իրավունքից մեկ նիստի ընթացում, մեկ օրով զրկել նիստերի դահլիճում գտնվելու հնարավորությունից եւ 6 օրով՝ ԱԺ տարածք մտնելու իրավունքից:

Երբ հունիսի 28-ին օրինագիծը առաջին անգամ բերվել էր խորհրդարան, «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասել էր, թե նման փոփոխությունների անհրաժեշտությունը առաջացել էր գարնանային նիստի վերջին եռօրյայից հետո: Այն ժամանակ Ազգային ժողովի աշխատանքները տապալեցին ընդդիմադիր պատգամավորները, երբ խորհրդարանի ղեկավարությունը հրաժարվեց օրակարգում ընդգրկել նախագահ Քոչարյանի պաշտոնանկության հարցը: Դրան հետեւեցին Ռոբերտ Քոչարյանի կոշտ բնորոշումներն ու սպառնալիքները՝ ուղղված ընդդիմադիր պատգամավորներին եւ, ավելի ուշ՝ կառավարության նախաձեռնությունը՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելով պատժամիջոցներ սահմանել կարգազանց պատգամավորների նկատմամբ:

Առաջին քննարկման ընթացքում ակնհայտ դարձավ, որ առաջարկությունները մեկնարկային տեսքով պատգամավորների համար ընդունելի չեն, եւ որոշվել էր դրանց անդրադառնալ 15 օր անց:

Այսօր, սակայն, օրինագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանն ասաց, որ փոփոխություններն արդեն կատարվել են:

Կարգազանց պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներից բացի, առաջարկվում էր նաեւ բաց քվեարկությամբ փոխարինել նախագահի պաշտոնանկության եւ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցերի փակ քվեարկությունը: Նշված ընթացակարգերի քվեարկություններից միայն մեկի ժամանակ է փակ քվեարկության պահանջը հանվել, մնացած դեպքերում գործող կարգը (փակ քվեարկությունը) պահպանվելու է:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG