Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայում կեղծ թղթադրամների մաքսանենգության մեջ մեղավոր ճանաչված անձը «հայաստանցի չէ»


Հայաստանի արտգործնախարարությունը հերքել է Մեծ Բրիտանիայից հնչող հայտարարությունները, թե այդ երկրում կեղծ թղթադրամների ամենախոշոր մաքսանենգության դեպքի համար մեղավոր ճանաչված անձնավորությունը հայաստանցի է:

Արեւմտյան Անգլիայի Ուորչեսթըրշիր քաղաքում բնակվող 36-ամյա Դեյվիդ Լեւինը, ում բրիտանական իշխանություններն ու զանգվածային լրատվամիջոցները բնորոշում են որպես «հայ», այս տարվա ապրիլին մեղավոր է ճանաչվել մեծ քանակությամբ ամերիկյան կեղծ թղթադրամներ մաքսանենգ ճանապարհով Մեծ Բրիտանիա ներմուծելու ու տարածելու մեջ:

Լոնդոնի դատարանը Լեւինին եւ երկու բրիտանացու մեղավոր է ճանաչել աշխարհով մեկ գործող հանցախմբի անդամներ լինելու մեջ: Այդ հանցախումբը, ինչպես հաղորդվում է, պատասխանատու է 28 միլիոն դոլարի կեղծ թղթադրամներ տարածելու համար: Երկու տարի առաջ ձերբակալված հանցախումբը, ըստ հաղորդումների, կեղծված հարյուրդոլարանոցները գնել է Մոսկվայում եւ Մեծ Բրիտանիա է անցկացրել Իռլանդիայի հանրապետական բանակի օգնությամբ:

«Այդ անձնավորությունը երբեք որեւէ կապ չի ունեցել Հայաստանի հետ», - «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչ Ջուդ Գալստյանը:

Նրա խոսքերով, ավելի վաղ դեսպանատունը, ի պատասխան բրիտանական իրավապահ մարմինների եւ լրագրողների հարցումների, նրանց է փոխանցել Հայաստանի արտգործնախարարության կողմից հաստատված տեղեկությունը:

Լեւինին, սակայն, բրիտանական լրատվամիջոցները շարունակում են բնորոշել են որպես «հայաստանցի»: Ակնկալվում է, որ նրա ազատազրկման ժամկետը կսահմանվի այս ամսվա ընթացքում:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG