Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը կորցնում է վերջերս ստացած պատգամավորական մանդատը


Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել մայիսի 16-ին Շիրակի մարզում կայացած խորհրդարանական լրացուցիչ ընտրությունների արդյունքները՝ գտնելով, որ քվեարկությունն անցել է խախտումներով ու կեղծիքներով:

Սահմանադրական դատարանի կայացրած որոշումն աննախադեպ է այն առումով, որ շահող կողմը ընդդիմությունն է. բողոքով Սահմանադրական դատարան էր դիմել ընտրություններում պարտված ճանաչված թեկնածուն՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նապագահ Պետրոս Մակեյանի եղբայրը՝ Վարդան Մակեյանը: Իսկ պատգամավորական մանդատից զրկվողը ՀՅԴ անդամ Հակոբ Մատիլյանն է: Վերջինս արդեն ստացել էր իր պատգամավորական մանդատը եւ նույնիսկ մասնակցել մի շարք քվեարկությունների:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Խոջոյանը համոզված է, որ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթության վրա է:

«Նրանք հաշվի առան այն փաստարկները, որոնք մենք էինք ներկայացրել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խոջոյանը, ավելացնելով, որ անցկացված ստուգումները հաստատել են իրենց ներկայացրած փաստերը եւ նույնիսկ հայտնաբերել նոր խախտումներ:

Հակոբ Մատիլյանի մանդատն այլեւս անվավեր է: Վերաքվեարկությունը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, հուլիսի 14-ին: Նոր թեկնածուներ չեն գրանցվելու:

Հակոբ Մատիլյանին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր քվեարկության երրորդ փորձից հետո միայն: «Ես գտնում եմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, իրոք, լուրջ քննարկումներ եղան», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը: - «Ցավոք, ըստ Ընտրական օրենսգրքի, մենք այլ գործառույթ չունեինք. պետք է գրանցեինք»:

Երեւանի երեք համայնքներում երեկ տեղի են ունեցել թաղապետերի ընտրություններ: Երեք համայնքներում էլ հաղթել են գործող թաղապետերը՝ բոլորն էլ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: Երեւանի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աննա Ալեքսանյանի տվյալներով, ոչ մի լուրջ պատահար կամ միջադեպ չի արձանագրվել, գրավոր բողոքներ չեն ստացվել: Համայնքներից մեկում՝ Դավիթաշենում, գործող թաղապետը եղել է միակ թեկնածուն:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG