Մատչելիության հղումներ

Հայաստանը առաջին անգամ մասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին


Հայաստանի զինված ուժերի մի ստորաբաժանում`խաղաղապահ գումարտակի մեկ ջոկը, եւ տարբեր մասնագիտության սպաներ առաջին անգամ մասնակցեցին ՆԱՏՕ-յի զորավարժություններին: Վրաստանում հունիսի 17-28-ը անցկացված «Լավագույն համատեղ ջանք 2002» զորավարժություններին մասնակցում էին նաեւ 14 այլ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի զինվորականներ:

ՆԱՏՕ-ի հարավարեւելյան միացյալ շտաբի հրամանատար, թուրք գեներալ Օքթար Աթամանը խուսափեց հայկական զինվորական ստորաբաժանման ցուցաբերած պատրաստականությանը գնահատական տալուց: «ՆԱՏՕ-ն ունի կոնկրետ չափանիշներ, որոնց բոլոր ազգերն էլ ձգտում են բավարարել, եւ Հայաստանը բացառություն չէր», - ասաց թուրք գեներալը:

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք հայ-թուրքական համատեղ զորավարժությունների անցկացումը, թուրք գեներալը ասաց. - «Սրանք ՆԱՏՕ-ի զորավարժություններ էին, որոնց հայերը, թուրքերը եւ արդբեջանցիները մասնակցում են նույն հովանու ներքո: Իսկ հայ-թուրքական զորավարժությունների անցկացման համար անհրաժեշտ է երկու երկրների կառավարությունների որոշումը»:

Սա հազիվ թե հնարավոր է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ անգամ չունեն: Ռազմական առումով, մինչդեռ, Թուրքիան ներկա է Հարավային Կովկասում: «Լավագույն համատեղ ջանք 2002»-ի խորհրդանիշը դրա ամենախոսուն վկայությունն է. երկու մկանուտ ձեռք ամուր բարեւում են, իսկ նրանց բազուկները շարունակվում են Թուրքիայի ու Վրաստանի դրոշներով:

Թբիլիսիի մերձակայքում գտնվող Վազիանիի ռազմակայանում տեղի ունեցած զորավարժություններում հայ եւ ադրբեջանցի զինվորները չեն շփվել: Հայկական ջոկը հանդես է եկել կանադացի եւ հոլանդացի զինվորականների հետ՝ մեկ դասակի կազմում:


Արմեն Զաքարյան, Թբիլիսի-Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG