Մատչելիության հղումներ

ԱԺ կանոնակարգի փոփոխությունները քննարկվում են լարված մթնոլորտում


Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը այսօր վերջապես սկսեց քննարկել «ԱԺ կանոնակարգ» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները: Վիճահարույց օրինագծի քննարկումներն անցան շատ բուռն, երկուստեք մեղադրանքներով ու վիրավորանքներով:

«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունները կառավարությունն առաջարկեց այն բանից հետո, երբ մի շարք ընդդիմադիր պատգամավորներ, հիմնվելով հիշյալ օրենքի վրա, առաջարկեցին գարնանային նստաշրջանի վերջին եռօրյայի օրակարգում ընդգրկել նախագահ Քոչարյանի պաշտոնանկության հարցը, ինչը հանգեցրեց խորհրդարանի նիստերի տապալմանը:

Առաջարկվող փոփոխությունները նախատեսում են պատժամիջոցներ կարգազանց պատգամավորների նկատմամբ՝ ընդհուպ մինչեւ 15 օր ԱԺ շենքում գտնվելու իրավունքից զրկելը: Կան նաեւ սկզբունքային այլ առաջարկներ. օրինակ նախագահի պաշտոնանկույան հարցի փակ քվեարկությունը փոխարինել բաց քվեարկությամբ:

Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով, քվեարկության գաղտնազերծման դրույթը առաջին հերթին վիրավորում է հենց խորհրդարանական մեծամասնութանը, քանի որ պարզ է դառնում, որ կառավարությանը սատարող քաղաքական մեծամասնությունը վստահություն չի վայելում: Իսկ կառավարության կողմից հապճեպորեն ներկայացված այս նախագիծը անուղղակիորեն ապացուցում է, որ ընդդիմության պահանջը՝ վերջին հերթական եռօրյայում արտահերթ քննարկել նախագահի պաշտոնակության հարցը, օրինական էր:

Ընդդիմադիրներից Արշակ Սադոյանի մեկնաբանությամբ, օրենքը չի արգելում, որ Ազգային ժողովի կանոնակարգի մասին կառավարությունը հանդես գա առաջարկություններով: Բարոյական տեսանկյունից, սակայն ստացվում է, որ իշխանության մի թեւը, նախագահի համաձայնությամբ, իրեն իրավունք է վերապահում վերահսկելու մյուս թեւի գործունեությունը, ինչը խախտում է իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը:

Հարկ է նկատել, որ իշխանամետ պատգամավորները ամենեւին էլ միարժեք չէին գնահատում առաջարկությունները, ճիշտ է՝ առանց դրանց անհրաժեշտությունը վիճարկելու:

Քննարկումները բուռն էին՝ համեմված երկուստեք վիրավորանքներով, հին ու նոր հիշատակումներով:

«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ առաջարկող օրինագիծը քվեարկության կդրվի վաղը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG