Մատչելիության հղումներ

1000 դրամանոց նոր թղթադրամը ավելի բարձր պաշտպանական հատկանիշներ ունի


2001 թվականի նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը 1999 թվականի նմուշից արտաքնապես գրեթե չի տարբերվում, թեեւ օժտված է ավելի բարձր պաշտպանական հատկանիշներով:

Կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների եւ դրամական պահուստների վարչության պետ Գեւորգ Թումանյանը, ներկայացնելով նոր թղթադրամը, ասաց, որ այն ոչ թե փոխարինելու, այլ համալրելու է հնին: Թումանյանը պարզաբանեց, որ այս նորամուտը կապված է ոչ այնքան 1000 դրամանոցի զանգվածային կեղծումների, որքան ժամանակի թելադրանքին համընթաց գնալու հետ: «Սա ուղղակի հերթական բարելավումն է», - ասաց նա:

Նոր թղթադրամի պաշտպանական հատկանիշները ավելի բարձր մակարդակի վրա են: Առկա է, ասենք, հակապատճենահանման հատկանիշ: Գեւորգ Թումանյանի պարզաբանմամբ, նկատի է առնվել, որ պատճենահանող տեխնիկան շատ արագ թափով է զարգանում եւ շատերի համար է մատչելի դարձել: Նոր թղթադրամը պատճենահանելու դեպքում կեղծ թղթադրամի ֆոնի տպագրության վրա հայտնվում են ուրվապատկերներ:

Նոր թղթադրամը նաեւ լաքապատված է: Թեեւ սա որոշակիորեն բարձրացրել է թղթադրամի ինքնարժեքը, սակայն, ինչպես վկայում է փորձը, լաքապատված թղթադրամը մոտ երկու անգամ ավելի երկար է մնում շրջանառության մեջ:

Փոփոխություններից է նաեւ Եղիշե Չարենցի բանաստեղծությունից վերցված «Ես իմ անուշ Հայաստանի Արեւահամ բարն եմ սիրում» տողերում «բար»-ը «բառ»-ով փոխարինելը: Գեւորգ Թումանյանի խոսքերով, առաջին տարբերակում օգտվել էին 1969 թվականի ակադեմիական հրատարակությունից: Այս անգամ, սակայն, հետեւել են Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի խորհրդին: Հարկ է նշել, որ այս հարցը գրականագետների երկարամյա վիճաբանության առարկա է:

Կենտրոնական բանկի պաշտոնյան տեղեկացրեց նաեւ, որ աշխատանքներ են տարվում 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամների համալրման ուղղությամբ, իսկ 10000 դրամանոց թղթադրամը, նրա խոսքերով, շրջանառության մեջ կդրվի 2003 թվականին:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG