Մատչելիության հղումներ

Կառավարությունը լրացուցիչ լիազորություններ է ուզում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համար


Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում կան շուրջ 350 ընկերություններ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է պարբերաբար համալրվի-նորացվի։ Սակայն, դա անելն այնքան էլ հեշտ չէ. ամեն մի գործարար աշխատում է որքան հնարավոր է փակ պահել իր ֆինանսական ելումուտը:

Գործարարին հաճախ նույնիսկ ձեռնտու է տուգանքներ վճարել, քան թափանցիկ դարձնել բիզնեսը: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սամվել Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում դրանց չափերի վերաբերյալ ասաց. - «Այնպիսի չնչին չափերի են հասնում, որ որոշ տնտեսավարող սուբյեկտների համար այդպիսի տույժերի կիրառումը ծիծաղելի է թվում»:

Այդ պատճառով կառավարությունն Ազգային ժողովին առաջարկել է «Մրցակցության պաշտպանության մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարել, որի համաձայն, տեղեկատվությունը թաքցնելու փաստը կրկնվելու դեպքում ընկերությունից կգանձվի տասը անգամ մեծ տուգանք՝ ներկայիս 100 հազար դրամի փոխարեն մինչեւ մեկ միլիոն դրամ։

Հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով առաջարկվել է նաեւ նրան օժտել իրավական ակտեր ընդունելու լիազորություններով, այսինքն հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կատարման առումով տնտեսավարողների համար պետք է լինեն պարտադիր:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ըստ Ստեփանյանի, ուսումնասիրել է լայն սպառման երկու տասնյակ ապրանքախմբերի շուկաների վիճակը ու արդյունքներն արտացոլել 2001 թվականի հաշվետվության մեջ։

Ուսումնասիրվել են սիգարետի եւ հանքային ջրերի շուկաների վիճակը, տրվել է սուրճի, գարեջրի եւ դեղորայքի շուկաների ընդհանուր նկարագիրը։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ դրանցում բավարար մրցակցություն կա, ինչը նպաստում է ցածր գնին ու ապրանքների պատշաճ որակին։

Հանձնաժողովի եզրակացության համաձայն, անցյալ տարվա ընթացքում տեղական արտադրության սիգարետների վաճառքը կտրուկ ընկել է: Սիգարետի շուկայում գործում են 18 ընկերություններ, որոնցից 14-ը ներկրողներ են։ Եթե ֆիլտրով սիգարետի շուկան տնօրինում են ներմուծմամբ զբաղված մի քանի հայաստանյան ընկերություններ, ապա առանց ֆիլտրի սիգարետի մենաշնորհը «Գրանդ տոբակո»-յինն է։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիտարկման համաձայն, գրեթե ոչ մի տնտեսավարող սուբյեկտի կողմից ներմուծվող սիգարետ չի կրկնօրինակում մյուսին ու շուկան բաժանված է՝ ըստ ներմուծվող ապրանքատեսականու։ Ու այս առումով, մրցակցությունը իսպառ բացակայում է։

Այդուհանդերձ, ըստ Սամվել Ստեփանյանի, ծխախոտի շուկայում լարված մրցակցություն կա՝ ապրանքի որակական եւ գնային հատկանիշների առումով։ Ծխախոտի վաճառքի ընդհանուր ծավալում այդ բնագավառի առաջատար ընկերությանը բաժին է ընկնում ընդհանուր իրացման 44 տոկոսը, առաջին երկու ընկերություններին՝ 37 տոկոսը, իսկ առաջին երեք ընկերություններին՝ 82 տոկոսը։

Գարեջրի վաճառքի 3/4-ը բաժին է ընկնում «Կոտայքին»։ Վերջինս «Կիլիկիայի» հետ միասին արտադրում եւ վաճառում են շուկայում սպառվող գարեջրի 99,5 տոկոսը։

Որքան էլ տարօրինակ է, պաշտոնական տվյալներով, շուկայում վաճառվող հանքային ջրի 33 տոկոսը «Ջերմուկ»-ի այսպես կոչված «մայր» գործարանի արտադրանքն է, թեեւ, անուղղակի դիտարկումներով ավելի շատ վաճառվում է «Ջեմրուկ Գրուփ» ընկերության շշալցած ջերմուկը։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սամվել Ստեփանյանի խոսքերով, հանքային ջրերի շուկայում հանձնաժողովը անբարեխիղճ մրցակցության ու կանոնների խախտման բազմաթիվ դեպքեր է հայտնաբերել։ «Ջերմուկ Գրանտ», «Սուպեր Գրուպ», «Երեւանի թիվ 4 հացի գործարան» եւ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունները շշալցնում են «Ջերմուկ» հանքային ջրի քիմիական բաղադրությանը ու ստանդարտներին չհամապատասխանող հեղուկ։ Ուսումնասիրություններից պարզվել է, որ որոշ շշերի պարունակության մինչեւ 50 տոկոսը սովորական ջուր է։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG