Մատչելիության հղումներ

Խորհրդարանի արտահերթ նստաշրջանը կքննարկի «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունները


Վաղը սկսվող Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում տեղ է գտել «ԱԺ կանոնակարգ» օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունների քննարկումը: Այդ փոփոխությունները Աժ նախագահին պատգամավորներին պատժելու հնարավորություն են տալու:

Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին եռօրյայի իրադարձությունները, երբ Ազգային ժողովի ղեկավարությունը եւ իշխանամետ խորհրդարանական ուժերը հրաժարվեցին օրակարգում ընդգրկել նախագահ Քոչարյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու հարցը, իսկ դա պահանջող պատգամավորները խափանեցին եռօրյայի աշխատանքը, ստիպել են կառավարությունը հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ փոփոխություններ առաջարկելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում, որի վրա հիմնվելով էլ ընդդիմադիրները բարձրացրել են Քոչարյանի պաշտոնանկության հարցը:

Նախագահ Քոչարյանը այդ կապակցությամբ կոշտ բնորոշումներ ու սպառնալիքներ ուղղեց ընդդիմադիր պատգամավորներին, ասելով, թե կարգազանց պատգավորների «ականջից կբռնեն» ու տեղափոխեն համապատասխան վայրեր: Ընդդիմության առաջնորդներից Ալբերտ Բազեյանն էլ հնչեցրեց «երկրապահական շրջանակների» պատասխան սպառնալիքը, թե «նա, ով կփորձի բռնել կամ ձգել ընդդիմադիր պատգամավորների ականջից, մենք կկտրենք նրա ականջները»:

Ըստ վաղը սկսվող արտահերթ նստաշրջանում քննարկվելիք փոփոխությունների, ԱԺ նախագահը կարող է կարգազանց պատգամավորին 4 նիստով հեռացնել դահլիճից, նրան զրկել15 օր ԱԺ տարածքում գտնվելու հնարավորությունից: Կառավարությունը առաջարկում է նաեւ փոփոխել նախագահի պաշտոնանկության, կառավարությանն անվստահություն հայտնելու հարցերի գաղտնի քվեարկության կարգը՝ այդ հարցերի քվեարկությունը դարձնելով բաց:

Կառավարության նախաձեռնությունը ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, «որեւէ քննադատության չի դիմանում, քանի որ նախագծում կան բազմաթիվ հակասական դրույթներ»: Նրա խոսքերով, սակայն, նույնիսկ գլխադասային հանձնաժողովի եզրակացության բացակայության դեպքում, հարցը քննարկվելու է, քանի որ արտահերթ նստաշրջան հրավիրողը, (տվյալ դեպքում՝ կառավարությունը) ինքն է սահմանում օրակարգը:

Ըստ Վիկտոր Դալլաքյանի, ԱԺ նախագահի նոր իրավասությունները, որոնք առաջարկում է կառավարությունը, հակասում են գործող կանոնակարգի 18-րդ հոդվածին, որի փոփոխության մասին առաջարկություններում խոսք չկա: Հստակ չէ, թե 15 օրով խորհրդարանից վտարվելու դեպքում, պատգամավորը ներկա՞, թե՞ բացակա է համարվելու: Օրենսդրությամբ, մինչդեռ, սահմանված է, որ քվեարկություների կեսից ավելիին չմասնակցելու պարագայում պատգամավորը զրկվում է մանդատից: Հետեւաբար, ըստ Դալլաքյանի, Աժ նախագահը ցանկացած պատգամավորի ի վիճակի է զրկել խորհրդարանականի լիազորությունից:

Վիկտոր Դալլաքյանը նշեց նաեւ, թե էթիկայի առումով խոցելի է, երբ կառավարությունը օրենսդիր մարմնի կանոնակարգում առաջարկում է փոփոխություններ, որոնք չեն վերաբերում կառավարության գործունեությանը, ասենք՝ բյուջեի ընդունման կարգին:

Իսկ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի խոսքերով, կառավարության օրենսդրական նախաձեռնության իրավունքն անվիճելի է, սակայն, նրա կարծիքով էլ, փոխհարաբերությունների էթիկայի տեսանկյունից նախընտրելի կլիներ, որ «պատգամավորներին վերաբերող հոդվածների գծով առաջարկությունները լինեին պատգամավորների կողմից»:

Գարնանային նստաշրջանի վերջին եռօրյայի օրերին խորհրդարանի կենտրոնական ամբիոնը գրաված պատգամավորներից Մանուկ Գասպարյանը ապօրինի է համարում կառավարության նման նախաձեռնությունը, քանի որ, նրա խոսքերով, կառավարությունը Ազգային ժողովի նկատմամբ վերադաս մարմին չէ, կարգավիճակով ԱԺ-ն ավելի բարձր է:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG