Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» եւ «Օրրան» թերթերը այսօր ուշադրություն են հրավիրում, որ Ֆրանսիայի արտգործնախարարությունը ըստ էության ոչ թե հերքել է Հեյդար Ալիեւի՝ Փարիզում Մեղրին եւ Լաչինը փոխանակելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հայտարարությունները, այլ պարզապես մեղադրել է Ադրբեջանի նախագահին՝ բանակցային մանրամասներ գաղտնազերծելու համար: «Ստացվում է, որ Ֆրանսիան հետեւում է Ալիեւի օրինակին եւ նույնպես, ըստ իշխանամետների, Ռոբերտ Քոչարյանին հայ հասարակության աչքում վարկաբեկելու փորձ է անում», - բխեցնում են այս թերթերը: «Օրրան»-ում նաեւ ընդհանրացված է. «Արդարացան դիտորդների ու Մինսկի խմբի համանախագահների այն մտավախությունները, թե բանակցային՝ հարաբերականորեն կայուն գործընթացը կբախվի երկու հանրապետություններում սկզբնավորված նախընտրական սուբյեկտիվ խոչընդոտների: Այս ֆոնի վրա բոլորովին անսպասելի չեն նաեւ համանախագահող երկրների իրավասու շրջանակներից հնչած ենթադրությունները, թե բանակցային որոշակի փուլում չի բացառվում երկուստեք իշխանափոխության հնարավորությունը: Փաստորեն հերթական անգամ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի նախագահները ապացուցել են, որ զուրկ են հակամարտությունը կարգավորելու քաղաքական կամքից... Կարելի է ենթադրել, որ ամենամոտ ապագայում Հարավային Կովկասում աննախադեպ կերպով կուժեղանա արտաքին՝ մասնավորապես արեւմտյան ճնշումը: Եվ այս պարագայում անչափ կարեւորվում է նախընթաց պայմանավորվածությունների ելակետային բովանդակությունը»:

Անցնող շաբաթվա քաղաքական խճանկարում «Հայոց Աշխարհ» թերթն էլ ընդգծել է. «Այն առանձնացավ նախ եւ առաջ նրանով, որ երկար ընդմիջումից հետո կրկին ներքաղաքական պայքարի եւ դիմակայության առանցքում հայտնվեց Ղարաբաղյան հիմնահարցը: Նման ակնհայտ բեկումը վերջերս կայացած Պուտին - Բուշ հանդիպման արդյունքում տարածաշրջանում սկիզբ առած աշխարհաքաղաքական նոր տեղաշարժերի հետեւանքն է, որոնք ստիպում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին վերանայել 2003-ին կայանալիք նախագահական ընտրություններին նախապատրաստվելու իրենց ողջ մարտավարությունը»: Թերթի մեկնաբանի ձեւակերպմամբ, Ադրբեջանի ղեկավարությունը օգտագործում է բանակցությունների թղթածրարը՝ իր բանակցային գործընկերոջ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի դեմ պայքարող հայաստանյան ընդդիմությանը տրամադրելու անհրաժեշտ փաստարկներ՝ Հայաստանում ընթացող ներքաղաքական պայքարը է'լ ավելի սրելու համար:

«Ազգ» թերթի մեկնաբանի հայացքով, ընդդիմությունը լուրջ գործընթացներ է նախապատրաստում, գործադիր իշխանությունն ընկել է, մեղմ ասած, դժվար իրավիճակի մեջ: «Ընդդիմությունը իշխանության օգնությամբ լրացնում է իր զինանոցը», - շեշտադրված է «Ազգ»-ում: - «Հակադարձելով իշխանության՝ ընդդիմության ներսում ականներ դնելու քաղաքականությանը, ինքն է ականներ դրել իշխանության տարբեր մակարդակներում։ Ավելի ճիշտ՝ ոչ թե ինքն է դրանք շարել, այլ ականներն ի հայտ են եկել սեփական ցանկությամբ»:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն էլ «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. - «Այսօր թե' կառավարության շատ անդամներ, թե' քաղաքական ասպարեզում գտնվող առանձին գործիչներ տարօրինակ վարքագիծ են դրսեւորում... Ոչ մի երաշխիք, որ առնետավազքի չեն դիմի: Հարցական է նաեւ, թե այս կամ այն մարդկանց կողմից նախագահի թեկնածություն պաշտպանելը դրակա՞ն արդյունքի կհանգեցնի, թե՞ բացասական»: Միեւնույն ժամանակ, ըստ Իսագուլյանի, «իշխանությունները զգացմունքային մոտեցում են դրսեւորում ընդդիմության ցանկացած գործողությանն ու արտահայտությանը... Թիմի բացակայությունը հանգեցնում է նրան, որ ինչ-որ մեկի հայտարարությանը ստիպված է լինում արձագանքել նախագահը: Իսկ այն մարդիկ, ովքեր պարտավոր են պատասխանել, աշխատում են մնալ ստվերում»: Գառնիկ Իսագուլյանի կարծիքով, «գործընթացների ներկայիս տրամաբանությունը ցույց է տալիս, որ անպայման լինելու են լուրջ բախումներ»:

Պաշտոնական տվյալներով 2001-ին Հայաստանում գրանցվել է մոտ 10 տոկոս աճ: Իրակա՞ն է այդ աճը, թե՞ ոչ: Եթե իրական է, ինչո՞ւ ընդդիմությունը համառորեն փորձում է հերքել այն, իսկ իշխանությունը նույն համառությամբ փողհարում է այդ թռիչքանման նվաճումը: Մասնագիտական մեկնաբանություն ստանալու համար «Օրրան»-ի թղթակիցը դիմել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հայկ Սարգսյանին: Վերջինս, մասնավորապես, ասում է. - «Տնտեսական աճի կայունության հարցում ունեմ լուրջ վերապահում, հատկապես՝ երկարաժամկետության առումով: Անցած տարիների զիգզագով բնութագրվող 3-10 տոկոս աճը կայուն չեմ համարում: Դա պսեւդոկայունություն է, որովհետեւ ուղեկցվում է գործազրկության բավականին բարձր մակարդակով. դեռեւս չի ապահովվում նաեւ դրամական միջոցների ցանկալի ներհոսքը, լուրջ խնդիրներ կան ստվերայնության առումով... Այսօր շուրջ 50 հազար տնտեսավարող սուբյեկտների ճնշող մասը կաթվածահար վիճակում է»: Եկամուտների ներկա անհավասար բաշխվածության պայմաններում բնակչության գերակշիռ մասը տնտեսական աճ զգալ չի կարող:

Կենսուրախ, ակտիվ, մեծ ինտելեկտի եւ հումորի տեր Վլադիմիր Նազարյանի ինքնասպանությունն էլ, ինչպես ակնարկված է մի շարք թերթերում, այսպես թե այնպես Հայաստանի անկումների ու այդ ընթացքը կանխելու իր անզորության ծանր գիտակցման հետեւանք էր: «Նա հասկանում էր Հեգելին, Կանտին, չեմ ասում կարդում էր՝ նա հասկանում էր», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ կիսվել է նրա եղբայրը: - «Հաճախ էր կրկնում. «Մեր բանականությունը շատ ժամանակ անզոր է մարտնչող տգիտության դեմ»: «Առավոտ» թերթը ներկայացրել է հատվածներ Վլադիմիր Նազարյանի տարբեր ժամանակների հարցազրույցներից. «Էն մարդիկ, ովքեր 27-ին պառկել էին եւ հետո չեն կարողացել վրեժը լուծել, մինչեւ հիմա այդպես պառկած էլ մնացել են։ Իրենց թվում է, թե քայլում են։ Իրենք հոգեպես պառկած են։ «Պապլավոկում» գտնվողները, ովքեր շարունակում են խմբակային լռել, դադարել են մարդ լինելուց... Մահապատժի վերացման կողմնակիցների հղումը մարդկային կյանքի բացարձակ արժեքին ինքնին ճիշտ է, սակայն դա, ըստ էության, փաստարկ է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն մահապատժի, քանի որ բացարձակ արժեքավոր է նաեւ զոհի (սպանվածի) կյանքը... Ուզում ես սպանել՝ ինքնասպանություն գործիր»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG