Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հերքում է, թե հակասություններ կան իր եւ նախագահի միջեւ


Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը կտրականապես հերքեց որոշ լրատվամիջոցներում շրջանառվող ակնարկները, թե ինչ-ինչ հակասություններ են առկա իր եւ նախագահ Քոչարյանի միջեւ՝ դրանք որակելով «հեքիաթներ»:

«Իշխանության ձգտողների հնարածն է: Եթե դուք հարցնեիք, թե ինչու վերջին ժամանակներս այդ խոսակցությունները շատացել են, ապա ես շատ հանգիստ կարող եմ պատասխանել, որ այո, ամբողջ երկու տարի դրա մասին խոսում են», - ասաց Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով նախկինում տված իր պատասխաններից մեկը՝ «Ծիտը երազում կորեկ է տեսնում»:

Մյուս կողմից, այդօրինակ խոսակցությունների ակտիվացումը պաշտպանության նախարարը համարում է նախընտրական կրքերի աստիճանական շիկացման դրսեւորում: Ընդ որում, նրան չի զարմացնում, որ նման զրույցների սկզբնաղբյուր են երբեմն հանդիսանում ընդդիմություն ներկայացուցիչներ չհանդիսացող անձինք:

«Եվ ես դա բնական համարում, որովհետեւ յուրաքանչյուր մարդ երեւի փորձում է ապացուցել իր շրջապատին, թե ինչքան ինքը նվիրված է հանրապետության նախագահին, եւ ինչքան ինքը շատ է մտածում, որ հանրապետության նախագահը ընտրվի: Դրա համար էլ կարող են այդպիսի բաներում կասկածել նույնիսկ ինձ», - ասաց նա:

Պատասխանելով Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովի՝ սպասվող այցին վերաբերող հարցին, այդ հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող համանախագահը կոնկրետ ժամկետ չնշեց:

«Վստահ եմ, որ դա տեղի է ունենալու շուտով», - Սերժ Սարգսյանը: - «Մի քիչ հետաձգվելը կապված է նրա հետ, որ Կլեբանովը վերջնական համաձայնություններ է ձեռք բերում ռուսական նախարարությունների հետ, ինչի մասին երեկ ինձ տեղյակ է պահել մեր դեսպանի միջոցով»:

Կլեբանովը Հայաստան այցը կապված է «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձի շրջանակներում Հրազդանի ՋԷԿ-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը Ռուսաստանին փոխանցելու վերջնական պայմանների համաձայնեցման հետ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG