Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եթե Ալիեւը փարիզյան բանակցություններից մանրամասներ հրապարակեր միայն Ադրբեջանի «ներքին սպառողների» համար, ապա գուցե թե հնարավոր լիներ հավատալ, թե Ալիեւը ստում է: Սակայն Արդբեջանի նախագահը Մեղրիի ու Լաչինի փոխանակության բանակցությունների մասին հայտնել է ոչ թե պատահական մեկին, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի նոր համանախագահին: Մի մարդու, որն, ի տարբերություն հայ եւ ադբեջանցի հասարակության, քաջատեղյակ է գաղտնի բանակցությունների մանրամասներին, առավել եւս՝ փարիզյան բանակցություններին: Ստացվում է», - տրամաբանում է «Առավոտ» թերթը, - «որ Ալիեւը, այնուամենայնիվ, ասել է ճշմարտությունը: Իսկ խաբել փորձում են մեզ»: «Ճիշտ է, ինչպես Ադրբեջանի նախագահն է վկայում, մեր կողմը Քի Ուեսթում հրաժարվել է Մեղրին հանձնել Ադրբեջանին, բայց անհանգստացնող է այն փաստը, որ մեր իշխանությունները հասարակության թիկունքում անգամ քննարկել են նման ծրագիր: Իսկ հիմա, իրենց բնավորության համաձայն, չքմեղանում են», - ամփոփել է «Առավոտ»-ը:

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը «Օրրան»-ի թղթակցին ասել է. - «Մենք երբեք չենք կասկածել, որ Հայաստանի թիկունքում նման դավադիր պայմանավորվածություններ են ձեռք բերվում: Մեզ համար հարցը փոքր-ինչ այլ է՝ Քոչարյանը Մեղրին փաթեթո՞վ էր հանձնում, թե՞ փուլ առ փուլ, եւ կամ՝ ո՞ւր մնաց 8 հազար քառ. կմ տարածքով անկախ Ղարաբաղի ծրագիրը»: Արա Սահակյանն այն կարծիքին է, որ ԵԱՀԿ եռանախագահների միջնորդությունը կարելի է ակնհայտորեն ձախողված համարել, քանզի խնդրի առնչությամբ ոչ մի լուծում չունենալով՝ վերջիններս փաստացի զբաղված են Հայաստանում ու Ադրբեջանում իշխանություններ ձեւավորելով եւ Ղարաբաղի հարցի կարգավորումը իրենց պետությունների շահերին ծառայեցնելով: «Վերջին մի քանի օրերի իրադարձությունները», - ընդգծում է «Օրրան»-ը, - «չեն կարող զուգահեռներ չառաջացնել 1998 թ. փետրվարյան իրադարձությունների հետ, երբ ադրբեջանական եւ հայկական մամուլում արտահոսք էր տեղի ունենում Ղարաբաղյան հարցի կարգավորման «փուլ առ փուլ» ու «փաթեթային» բանակցային պայմանավորվածությունների շուրջ: Պալատական եւ մնացյալ խաղերում Քոչարյանից հմուտ արդբեջանական առաջնորդը փորձեց մի ձեռքում երկու ձմերուկ տեղավորել՝ խփելով ճիշտ նշանակետին. օգնելով որդուն առավել սահուն բազմել գահին, թուլացնելով Քոչարյանի առանց այն էլ թուլացած իշխանությունը, որպեսզի որդին ապագա բանակցություններում կրկնակի շահի, քանզի, ըստ որոշ շրջանակների, Քոչարյանը մեծ-մեծ խոստումներ էր տվել գերտերություններին»:

«Ինչո՞ւ է խորամանկում Ալիեւը» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթը մատուցում է այսպիսի բացատրություններ. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում սկիզբ առնող արագացումները, որոնք, անկասկած, վերջերս կայացած Պուտին - Բուշ անմիջական հանդիպման արդյունքն են, ձեռնտու չեն Հեյդար Ալիեւին ու նրա կլանին՝ իշխանության խաղաղ փոխանցումն իրականացնելու եւ ժառանգորդությունն ապահովելու տեսանկյունից: Եվ Ադրբեջանի նախագահը միտումնավոր փակուղի է մտցնում այդ գործընթացը՝ փոխարենը փորձելով ստանալ գերտերությունների աջակցությունը իր որդուն իշխանության բերելու հարցում... Ադրբեջանի նախագահի մնան տարօրինակ «անկեղծության» գաղտնիքը ամենեւին չի գտնվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի տիրույթում, այլ թաքնված է այն նոր աշխարհաքաղաքական իրողությունների հետեւում, որոնք գերտերությունների եւ առաջին հերթին հենց Ռուսաստանի համար այլեւս ավելորդ եւ նույնիսկ անցանկալի են դարձնում Հեյդար Ալիեւի կլանի իշխանության ժառանգորդության ապահովումը Ադրբեջանում»:

Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանն էլ «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում կապել է. «Երկրի ներսում, խորհրդարանում զարգացող այս գործընթացները շատ համահունչ են դրսից արտահայտվող ինչ-ինչ տեսակետների»: Որոշ ընդդիմադիր ուժեր եւ գործիչներ, որոնք, Թորոսյանի խոսքերով, իրենց պատկերացմամբ իշխանությունների դեմ քաղաքական պայքար են մղում, ունեն առնչություններ արտաքին աշխարհի հետ եւ դառնում են գործիք տարբեր ուժերի ձեռքին: «Այսօր նկատելի է, որ արտաքին տարբեր ուժերի այս իրավիճակը ձեռնտու չէ, եւ նրանք չէին ցանկանա Հայաստանում իշխանության գլուխ տեսնել ներկայիս վարչակազմը՝ հատկապես Ղարաբաղյան հարցում իրենց շահերի տեսանկյունից», - ասում է Թորոսյանը: - «Տարածաշրջանն այժմ հզոր երկրների ավելի մեծ ուշադրության կենտրոնում է, քան տարիներ առաջ, եւ կարծես թե հիմնախնդրի շուտափույթ լուծման ցանկություն կա... Կարծում եմ՝ պատահական չէ, որ նախագահին անվստահություն հայտնելու գործընթացին զուգահեռ Հեյդար Ալիեւը հանկարծ հիշեց, թե իբր փարիզյան պայմանավորվածություններով Ադրբեջանը պետք է Մեղրիով միջանցք ստանա»: «Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով էլ՝ «Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հրապարակային ակնարկները, թե ամբիոնը գրավողները կատարել են արտաքին ուժերի պատվեր, ավելի շուտ ոչ թե շպիոնամանիայի դրսեւորում է, այլ նուրբ ակնարկ իշխանական որոշակի թեւերի եւ Կրեմլի համակարգված գործողությունների վերաբերյալ»: Այստեղ մատնանշվում է պաշտպանության նախարարի թիմը: Եթե հաշվի առնենք, որ «մեծ ութնյակը մտադիր է ամենայն լրջությամբ զբաղվել Ղարաբաղի հարցով, իսկ ԱՄՆ-ը շտապեցնում է Հայաստանին ու Ադրբեջանին եւ աշնանը ակնկալում է «լուրջ առաջընթաց», ապա պարզ է դառնում, որ սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանը կարող է հայտնվել ծանրագույն վիճակում, ինչպես դա եղել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ 1997-ի վերջում: «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա ստացվում է, որ վերջինս Քոչարյանին դրել է ծանր ընտրության առջեւ. կա'մ մնալ նախագահ բացառապես պաշտպանության նախարարի օժանդակությամբ, կա'մ ասպարեզը թողնել-հեռանալ»:

«Ռոբերտ Քոչարյանը ընտրվելու է եւ ընտրվելու է արդար ընտրությունների արդյունքում», - «Առավոտ»-ի հարցազրույցում հավաստիացնում է նախարար Անդրանիկ Մանուկյանը՝ չտեսնելով նրա հետ համեմատելի հավակնորդ ու հորդորելով՝ թողեք Քոչարյանը կառուցի երկիրը: «Լավ-վատ, Քոչարյանն այս երկիրը կառուցում է, անիվը պտտվում է», - ասում է Անդրանիկ Մանուկյանը: - «Ճիշտ է՝ ժողովրդի սոցիալական վիճակը վատ է, բայց դա միանգամից չի կարող լավանալ: Եվ եթե ձեզ թվում է, թե Հայաստանում ապրող 3 մլն մարդը միայն պիտի ընտրի երկրի նախագահ՝ շատ եք սխալվում: Երկրի նախագահը պիտի ընդունվի աշխարհի կողմից՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ այլ երկրների կողմից»: Իսկ արարումի առումով Մանուկյանը հատկապես մատնացույց է անում Երեւանի կենտրոնում աննախադեպ շինեռուզեռը:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի հայացքով՝ հավանականությունը, որ քաղաքը կմնա հավերժ անավարտ շինհրապարակ, շատ մեծ է: Ու նաեւ խիստ կասկածի տակ է, թե ինչքանով է արդյունավետ միլիոնավոր դոլարները ծախսել մայթեզրերի քարերը փոխելու վրա: «Այդ քարերը դեռ երկար տարիներ կծառայեին, իսկ գումարները կարելի էր օգտագործել՝ լուծելու ավելի կարեւոր ու հրատապ խնդիրներ»: Մեկնաբանի ձեւակերպմամբ, սեփական ուժերի գերագնահատումն ու առանց համապատասխան հիմքի լայնամասշտաբ ծրագրերի մոլուցքը դարձել է մեր ազգային գծերից:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG