Մատչելիության հղումներ

Ալբերտ Բազեյան. «Ղարաբաղի հարցը երբեք մենք շահարկման առարկա չենք դնելու»:


«Հանրապետություն» կուսակցությունը, որ վերջին տարիներին Մեղրու հարցը ուշադրության կենտրոնում էր պահում՝ «Մեղրին ծախելու մեջ» մեղադրելով իշխանություններին եւ նախագահ Քոչարյանին, պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ՝ Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման նպատակով:

«Ղարաբաղի հարցը երբեք մենք շահարկման առարկա չենք դնելու՝ իշխանափոխությունը իրականացնելու կամ իշխանությանը հարվածներ հասցնելու համար», - խոսելով անցած շաբաթ Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին, «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: - «Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման համար մենք պատրաստ ենք համագործակցել ու աջակցել Հայաստանի իշխանություններին»:

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահը Բաքվում հայտարարել էր, թե 2001 թվականի մարտին Փարիզում համաձայնություն էր ձեռք բերվել Լաչինի եւ Մեղրու միջանցքները փոխանակելու մասին:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ արտաքին քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե Ալիեւի հայտարարությունը թերեւս քարոզչական նպատակներ է հետապնդում՝ որպեսզի «կայացած համաձայնությունը մերժողի դիրքում ներկայացնի Հայաստանը»: Կիրո Մանոյանի կարծիքով, Ալիեւի հայտարարությունը նպատակ ունի ազդել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա՝ «իշխանության դեմ որոշ տրամադրություններ ստեղծելով»:

Փոխանցելով ՀՅԴ բյուրոյի դիրքորոշումը, նա ասաց, որ Դաշնակցությունը համաձայն չէ նաեւ կարգավորման այնպիսի տարբերակի, ըստ որի Լաչինը կարող է հանձնվել հայերի վերահսկողությանը, իսկ Մեղրիով կապ տրամադրվի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ:

ՀՅԴ-ն գտնում է, որ հակամարտության կարգավորման դեպքում, որը, ըստ կուսակցության, Ղարաբաղի անկախացումն է կամ միավորումը Հայաստանին, նորմալ հարաբերություններ կհաստատվեն, ինչը ենթադրում է, որ կբացվեն հաղորդակցության բոլոր ուղիները եւ հատուկ կարգավիճակների հարց չի լինի:

Հայաստանի նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանը, «անհեթեթ» որակելով «Հայաստանի Հանրապետության տարածքի որեւէ մասի ինքնիշխանության զիջման, Ադրբեջան - Նախիջեւան սուվերեն միջանցի մասին իբր ձեռք բերված համաձայնության վերաբերյալ խոսակցությունները», շաբաթ օրը նշել էր նաեւ, որ Ալիեւի կողմից ներկայացվել էր «խեղաթյուրված շարադրանք»: Իսկ «փարիզյան սկզբունքները», որոնց գոյությունը Ադրբեջանը համառորեն հերքում էր մինչեւ անցած շաբաթ, Քի Ուեսթում արձանագրվել են, եւ հայկական կողմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնության դեպքում, պատրաստ է հրապարակել այդ փաստաթուղթը: Առայժմ, սակայն, Հայաստանն այդ հարցը չի բարձրացրել:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG