Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երեկ սպառվեց «Ա1+»-ի՝ եթերում վերականգնվելու վերջին իրավական հնարավորությունը: Ինչպես եւ սպասվում էր, Վճռաբեկ դատարանը վավերացրեց նախորդ երկու դատական ատյանների ակնհայտ ապօրինի վճիռները», - փաստում է «Հայկական ժամանակ»-ը: «Խիստ անտրամաբանական եւ զավեշտալի կլիներ, իհարկե, եթե բողոքն ընդունվեր կամ բավարարվեր», - լրացնում է «Օրրան» թերթը: «Հայոց Աշխարհ»-ի մատուցմամբ՝ «Գործի քննության ողջ ընթացքում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմը ստիպված չեղավ պաշտպանվել. նրա դարպասի ուղղությամբ բոլոր հարվածները շեղ էին»: «Այժմ ճանապարհը մեկն է՝ դեպի Եվրոպական դատարան», - ուղենշում է «Հայկական ժամանակ»-ը՝ հավելելով, թե այս պահից «Ա1+»-ի հետագա քայլերը ամենաշատը մտահոգելու են արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, որին «հանձնարարվելու է Հայաստանի դատական համակարգի վճիռները հիմնավորել միջազգային դատարանում»:

«Մելտեքս» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է, թե Վճռաբեկի կայացրած որոշումը ոչ միայն անակնկալ չէր, այլեւ՝ իրենք այդ լուծմանը անհամբերությամբ էին սպասում. - «Հիմա արդեն հանգիստ շունչ քաշեցինք: Մենք պատրաստ էինք դրան եւ գիտենք մեր հետագա անելիքները՝ դիմելու ենք Եվրոպական դատարան եւ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում»:

Եվրոպայում գտնվող Արկադի Վարդանյանը էլեկտրոնային փոստի միջոցով «Հայկական ժամանակ»-ին հարցազրույց է տվել: «Քոչարյանի պաշտոնավարման այս փուլը նրա համար վերջինն է լինելու», - կանխատեսել է վտարանդի քաղաքական գործիչը: Նա հայտնել է նաեւ, որ ցանկություն ունի վերադառնալ ակտիվ քաղաքականություն:

«Օրրան»-ի թղթակիցը փորձել է պարզել, թե խորհրդարանում սկսված նախագահի պաշտոնանկության գործընթացին ինչպես է վերաբերում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Լեւոն Տեր-Պետրոսյանը հիմա չի զբաղվում քաղաքականությամբ եւ որեւէ դիրքորոշում այդ հարցի առնչությամբ չունի», - թերթին փոխանցել է նախկին նախագահի մամուլի քարտուղարը: Ինչ վերաբերում է անձամբ Լեւոն Զուրաբյանի դիրքորոշմանը, ապա նա հայտնել է, որ ամբողջովին աջակցում է ընդդիմությանը: «Լավ է ուշ, քան երբեք», - ասել է նախկին խոսնակը, հավելելով, թե համոզված է, որ «գործընթացը հաջողությամբ չի պսակվելու»:

«Օր» թերթի դիտարկումներով, խորհրդարանում առաջացած հարցերի շուրջ հակասական կարծիքներ են հնչում նույնիսկ միեւնույն ճամբարում գտնվող ուժերի ներկայացուցիչների կողմից: Մեկնաբանի հայացքով, սա առաջին դեպքը չէ, որ «Միասնության» եւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կոշտ դիրքորոշում են դրսեւորում այլ իշխանամետ ուժերի նկատմամբ: «Այս «խանդն» արտացոլում է այն պայքարը, որ ընթանում է նրանց միջեւ նախագահի պաշտպանության հարցում ավելի նպաստավոր պայմաններ ձեռք բերելու համար», - ընդգծում է թերթը: Հակասություններ նկատելով նաեւ ընդդիմադիր ճամբարում, «Օր»-ը մտահոգվում է. «Այսպիսի իրարամերժ կարծիքների պարագայում չի երեւում փոխզիջման գնալու ու համաձայնության եզրեր գտնելու ցանկություն եւ անհասկանալի է՝ ի՞նչ է լինելու հետագա նիստերի ճակատագիրը»:

Շարունակելով դղյակների լուսանկարների շարքը, «Առավոտ» օրաթերթը ««Օրինաց երկրի» օրինաց օբյեկտները» վերնագրի տակ ներկայացնում է. «Ջրվեժում գտնվող «Էլինա» անունը կրող հյուրանոց-ռեստորանը, նաեւ «Աստորիա» բար-ռեստորանը, «Կրիստալ» տաքսի ծառայությունը պատկանում են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին, որոնք, սակայն, գրանցված են իր հոր եւ եղբոր անուններով»: «Սա, իհարկե, նրա կողմից կիրառվող նոր գործելաոճ չէ», - նշում է թերթը: - «Քաղաքականության մեջ դա նրա հիմնական սկզբունքն է... 1996 թ. նախագահական ընտրություններում հայտնի պոպուլիստ Ա. Բաղդասարյանը հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանել է ՀՀՇ թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, սակայն 1998-ին նույն ոգով ու ջանասիրությամբ պաշտպանել եւ մինչեւ օրս էլ պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին: Հաջորդ նախագահը, ցանկության դեպքում, նույնպես կարող է օգտագործել Արթուր Բաղդասարյանին ու նրա «Օրինաց երկիր»-ը»:

«Հայոց Աշխարհ»-ը մի շարք հայտնի մարդկանց դիմել է նույն հարցերով՝ մեքենաների եւ ավտոտեսուչների մասին: «Մեքենայի ղեկին առաջին անգամ նստել եմ 10-րդ դասարանում: Շատ լավ եմ հիշում այդ օրը, եւ ավտոմեքենան «Մոսկվիչ - 408» էր», - պատմում է տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: - «Առաջին ավտոմեքենաս «Ժիգուլի» է եղել: Հետո ունեցել եմ «Վոլգա», «Մերսեդես», «Հունդայի», BMW: Հիմա «Մերսեդես» ունեմ»: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը տարբեր տարիների ունեցել է «Ժիգուլի 03», հետո՝ «Զապորոժեց», «Ժիգուլի 08», հիմա նորից «Ժիգուլի 03» ունի: Նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը անձնական ավտոմեքենա չունի: Ցանկանում է ամենագնաց «Ջիպ» տեսակի մեքենա ունենալ: «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը, ըստ իր պատասխանի, մեքենաների պահանջ չունի: «Այսօր ունեմ եւ' «Մերսեդես», եւ' «Լեքսուս», եւ' «Միցուբիշի» ջիպ: Այդպիսի մեքենա չկա, որը երազեմ ունենալ», - ասել է նա:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG