Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Քննարկելով այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովի վերջին եռօրյայում, «Իրավունք»-ը գրում է. «Խորհրդարանական մեծամասնությունը ցույց տվեց, որ պատրաստ է հրապարակավ գործադրել անգամ ապօրինի ջանքեր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հարցը չմտնի օրակարգ, իսկ իմփիչմենթի նախաձեռնողներն ապացուցեցին, որ բողոքի գործողություններ կազմակերպելով՝ ի վիճակի են տապալել օրենսդիր մարմնի աշխատանքը եւ մեծամասնությանը թույլ չտալ օրենքներ ընդունել: Խորհրդարանական ճգնաժամը այլեւս կատարված փաստ է»:

Ինչո՞ւ տապալվեց խորհրդարանի վերջին եռօրյան: Իր իսկ կողմից առաջ քաշված հարցին «Ժամանակ»-ի մեկնաբանը պատասխանում է. «Իշխանությունը, մեղմ ասած, «հաբրգել» է եւ կորցրել հասարակ թվաբանությունից գլուխ հանելու դպրոցականի կարողությունը: Մինչդեռ թվաբանությունն այդ չափազանց պարզունակ էր. 20-25 ելույթ՝ ընդդեմ նախագահի ու գործող վարչախմբի, 30-ից ավելի ելույթ՝ ի պաշտպանություն գործող վարչախմբի ու նախագահի: Արդյունքում՝ երկրի ղեկավարի պաշտոնանկությանը հետամուտ օրինագծի անփառունակ վախճան, «մոլի» ցուցարարների հիասթափված շարքեր, կայացած եռօրյա, նախընտրական արտահերթ պայքարի սկիզբն ազդարարող շեփորականչ»: «Ժամանակ»-ի գնահատմամբ, իշխանությունը խուսափեց այս պատասխանից՝ «ընդիմադիր ճտերին ողջ ամառ մի լավ փետրակալելու հնարավորություն ընձեռելով»:

«Օրրան» թերթի մատուցմամբ, ինչպես շատերը, այնպես էլ ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) առաջնորդ Վազգեն Մանուկյանը հակված է կարծել, որ Ռոբերտ Քոչարյանն այս փուլում կրեց իր նախընտրական ամենամեծ պարտություններից մեկը: «Եթե իմփիչմենթի հարցը մտցվեր օրակարգ, քննարկվեր, ապա Ռոբերտ Քոչարյանն ավելի նվազ կորուստներ կունենար, քան այս դեպքում եղավ, երբ նա եւ ԱԺ ղեկավարությունը «զոռբայությամբ» փորձեցին հարցը փակել: Իսկ դա հենց նշանակում է, որ իսկապես ինչ-որ բան այն չէ», - «Օրրան»-ի թղթակցին ասել է Վազգեն Մանուկյանը:

Անդրադառնալով նաեւ 2003 թվականի նախագահական ընտրություններին, Վազգեն Մանուկյանը կարծիք է հայտնել, թե Ռոբերտ Քոչարյանն արդար ընտրություններով լեգիտիմ նախագահ դառնալ չի կարող, իսկ օգտագործել պետական վարչական լծակները եւ «զոռբայությամբ» փորձել իշխանության գալ, այս անգամ նրան չի հաջողվի, որովհետեւ եռօրյան ցույց տվեց, որ «զոռբայությամբ» իշխանության եկածին քաղաքական դաշտը չի հանդուրժելու, եւ սկսվածը շարունակվելու է»:

«Համամիտ չեմ, որ նախագահի պաշտոնանկության հարցը այնքան անհեթեթ էր, որ պետք է մտներ ԱԺ օրակարգ, քննարկվեր եւ մեկընդմիշտ «ջարդվեր»: Այդ հարցը չի կարող մտնել օրակարգ, որովհետեւ դա հակասում է օրենքին», - «Ազգ»-ի լայնածավալ հարցազրույցում պնդում է ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը: - «Համոզված եմ՝ Ռոբերտ Քոչարյանը առաջիկա շրջանի համար կվերընտրվի Հայաստանի Հանրապետության նախագահ: Չեմ կասկածում, որ առաջիկա ընտրություններում նա կստանա ընտրողների անհրաժեշտ աջակացությունն ու ձայները: Նման համոզվածության համար հիմք են ծառայում այն շատ որոշակի տեղաշարժերը, որոնք առկա են մեր սոցիալ-տնտեսական կյանքում»:

«Երկիր» շաբաթաթերթի գնահատմամբ, ընդդիմությունը միայն իմփիչմենթի գործընթացի շուրջ ստեղծված աղմուկը պահելու խնդիր է հետապնդում եւ ո'չ ավելին: Այստեղ տպագրված հոդվածում արձակագիր, պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը ուրվագծում է. «Ազգային ժողովի նիստերի դահլիճում, նախագահության սեղանից քիչ աջ հատուկ սեղան է հատկացված հանրապետության նախագահի համար: Անձամբ ես այդ սեղանի մոտ երբեք չեմ տեսել հանրապետության նախագահին: Իսկ ականազերծման աշխատանքը երկրում ուրիշ ո՞վ պետք է ղեկավարի, եթե ոչ այդ սեղանի տերը: Որքա՞ն կարելի է սպասել ինքնավնասազերծման սին հրաշքին»:

«Ի վերջո պարզ դարձավ, թե ինչու է Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի պատգամավոր Լեւոն Սարգսյանը ԱԺ հունիսի 11-ի տապալված նիստի ընթացքում հարձակվել ընդդիմադիր պատգամավոր Արամայիս Բարսեղյանի վրա», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Բանն այն է, որ այդ օրը պատգամավորի եղբայր Արմեն Սարգսյանը նշանակվել է Զեյթունի էլցանցի տնօրեն: Փաստորեն Արամայիս Բարսեղյանի վրա հարձակումը երախտագիտության նշան էր հայրենի իշխանություններին»:

«Թող ես լինելի Ազգային ժողովում, եւ այդ խաժամուժից մեկը փորձեր ինձ հայհոյել, ես նրա դեմ դատ կբացեի անպայման, նրա հերը կանիծեի», - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում վրդովվում է արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, հանրապետության նախագահի տված գնահատականները շատ զուսպ էին: «Համաձայն չեմ, որ սա ճգնաժամ չէ: Սա խորհրդարանական ճգնաժամ էր: Վաղուց պիտի այս խորհրդարանը լուծարված լիներ. իր բարոյազրկությունը վաղուց է ցույց տվել», - ասում է արվեստաբանը՝ շարունակելով. - «Հանրապետության նախագահը պետք է գործադրի իր բոլոր իրավունքները, որքան որ իրեն տրված է: Բավական եղավ: Դեմոկրատիայից առաջ մեզ կարգ է պետք»:

«Իրավունք»-ի դիտարկմամբ, Հայաստանում ձեւավորվել է այնպիսի իրավիճակ, որը դասական առումով նպաստավոր է ռազմական հեղաշրջման համար. «Երկրի ղեկավարը, օրենսդիր եւ գործադիր մարմինները վարկաբեկված են հանրության աչքում, երկրի ղեկավարը չունի նորմալ հենարաններ անգամ արտաքուստ իշխանամետ համարվող ուժերի շրջանակներում: Միաժամանակ ընդիմությունը դեռեւս հնարավորություն չունի փոխելու երկրի ղեկավարին: Բնակչությունը հակված չէ հավատալ քաղաքական ուժերի եւ գործիչների մեծամասնությանը: Կարճ ասած», - ընդհանրացնում է մեկնաբանը, - «բավական է, որպեսզի հասարակության քչից-շատից լայն շերտերը հավանության արժանացնեն «ամեն ինչը տեղը գցող» «ազգային» դիկտատուրայի գաղափարին, որպեսզի պայմանները լիովին հասունանան, եւ հնչի մարտական տեխնիկան ու զորքը Երեւանի փողոցներ դուրս բերող եւ ամեն ինչ բանակի հսկողության տակ վերցնող հրամանը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG