Մատչելիության հղումներ

Արտաքին պայմաններն ավելի նպաստավոր են դառնում Ղարաբաղի խնդիրը լուծելու համար


Թեեւ հայաստանցի պաշտոնյաները բազմիցս պնդել են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը նավթի հետ որեւէ առնչություն չունի, մասնագետները փաստում են, որ նավթային շահերն այստեղ էլ դեր ունեն:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երեք երկրներն էլ նավթային շահեր ունեն: ԱՄՆ-ը նավթի մեծագույն սպառող է եւ կառավարական մակարդակով անթաքույց առաջ է մղում Բաքու-Ջեյհան նավթատարի գաղափարը, թեեւ բուն նավթային ընկերությունները շատ ավելի զգուշավոր են այդ հարցում:

Ֆրանսիան նույնպես նավթի մեծ սպառող է, սակայն դրանով չեն սահմանափակվում Ֆրանսիայի նավթային շահերը: Ֆրանսիական «Տոտալֆինաէլֆ»-ը, որը Եվրոպայի երրորդ խոշորագույն ընկերությունն է, երեկ Բաքվում համաձայնագիր ստորագրեց, եւ Ֆրանսիան դարձավ Բաքու-Ջեյհան խողովակաշարի կառուցումը հովանավորող երկիր: Ֆրանսիական ընկերությունը հինգտոկոսանոց բաժին կունենա այդ ծրագրում:

Մինսկի խմբի երրորդ համանախագահը Ռուսաստանն է, որն աշխարհի խոշորագույն նավթային տերություններից է, նաեւ՝ ավանդական շահեր ունի Կասպից ծովի ավազանում:

Դիտորդների կարծիքով, նախկինում Ռուսաստանը դեմ էր, որ Արեւմուտքը իր ազդեցությունը տարածի Անդրկովկասում ու նավթատարներ անցկացնի Կովկասով եւ ցանկանում էր օգտագործել Ղարաբաղյան խնդիրը տարածաշրջանում լարվածությունը պահպանելու համար: Սակայն այժմ իրողությունները փոխվել են, մանավանդ՝ սեպտեմբերի 11-ից հետո: Մասնագետները պնդում են, որ իրականում Արեւմուտքը՝ ի դեմս Միացյալ Նահանգների, եւ Ռուսաստանը նավթային հակասություններ չունեն. ընդհակառակը, նրանց նավթային շահերն այժմ համընկնում են:

«Ջեյնս» հայտնի միջազգային վերլուծական կենտրոնը փաստում է, որ Ռուսաստանը մեծ կարեւորություն է ձեռք բերում ԱՄՆ-ի համար որպես ՕՊԵԿ-ի՝ նավթարտահանող երկրների կազմակերպության, լուրջ հակակշիռ: Հայտնի է, որ ԱՄՆ-ը մտադիր է միջոցներ ձեռնարկել Իրաքի դեմ, բայց զգուշանում է, վախենալով, որ արաբական երկրները ի նշան բողոքի կարող են կրճատել նավթի արդյունահանումը, ինչը կտրուկ կերպով կբարձրացնի գները: Ռուսաստանը կարող է կանխել նման վտանգը՝ ավելացնելով իր նավթի արտահանումը միջազգային շուկաներ:

«Ջեյնս» կենտրոնի վերլուծաբանները պնդում են, թե Ջորջ Բուշի եւ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման գլխավոր թեման նավթն է եղել:

Մյուս կողմից, Ռուսաստանն ինքն է շահագրգռված ավելի շատ նավթ վաճառելու հարցում, թեեւ լրացուցիչ նավթ արտահանելու փորձերը բախվում են Անկարայի դիմադրությանը, քանզի Թուրքիան թույլ չի տալիս, որպեսզի իր նեղուցներով ավելի շատ ռուսական նավթատար նավեր անցնեն: Այս առումով Ռուսաստանի համար շատ շահեկան է նավթը Բաքու-Ջեյհան խողովակաշարով տեղափոխելու տարբերակը: Եվ այդ տարբերակն արդեն կենսագործվում է:

Անցած ամսվա վերջին ռուսաստանցի եւ վրացի պաշտոնյաները հայտարարեցին, որ համատեղ ծրագիր են իրականացնելու՝ կառուցելու են մի նավթամուղ, որը ռուսաստանյան Նովորոսիյսկը կկապի վրացական Սուպսա նավահանգստի հետ: Քանի որ Բաքու-Ջեյհան նավթատարը հենց Սուպսայով է անցնելու, այդ նավահանգստում ադրբեջանական նավթին կմիանա ռուսականը եւ կհոսի դեպի Եվրոպա: Հետեւաբար Ռուսաստանն այժմ չի ընդդիմանում Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցմանը: Ռուսները շտապում են սկսել Նովորոսիյսկ-Սուպսա խողովակաշարի կառուցումը, որպեսզի երկու տարի հետո, երբ ավարտվի Բաքու - Ջեյհան մայրուղու կառուցումը, կարողանա անմիջապես իր նավթը արտահանել հենց այդ խողովակով:

Ուստի, փաստում են փորձագետները, եթե մինչ այս ողջ տարածաշրջանը եւ Լեռնային Ղարաբաղը կռվախնձոր էին մեծ տերությունների համար, ապա հիմա բոլորի շահերը համընկնում են եւ արեւմտյան տերություններն ու Ռուսաստանը ցանկանում են, որ տարածաշրջանը հնարավորին չափ կայուն լինի, ու Ղարաբաղյան հակամարտությունը հնարավորին չափ արագ կարգավորվի խաղաղ ճանապարհով:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG