Հակառակ սպասումների, Ազգային ժողովի այսօրվա նիստի շուրջ զարգացումներն ընթացան հանդարտ մթնոլորտում, եւ նիստը սկսվելուց հետո մեկուկես ժամ անց խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանը փակելով այն՝ ավարտված համարեց նաեւ հերթական՝ 7-րդ նստաշրջանը: Ընդդիմադիր պատգամավորների՝ Քոչարյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու նախաձեռնությունն այսպիսով առկախ մնաց մինչեւ աշնանային նստաշրջան:
Խորհրդարանական մեծամասնությունը այսօր չփորձեց գրավել ամբիոնը: Պաշտոնանկության գործընթաց նախաձեռնած պատգամավորները՝ Արամայիս Բարսեղյանը, Ղուկաս Ուլիխանյանը, Խորեն Սարգսյանը եւ այլոք առանց դիմադրության գրավեցին ամբիոնը: Դա, սակայն, չխանգարեց, որ խոսնակ Արմեն Խաչատրյանը մի քանի օրինագիծ, որոնք զեկուցող չէին պահանջում եւ պետք է երրորդ ընթերցում անցնեին, դներ քվեարկության:
Սակայն, երբ երրորդ ընթերցումն անցնելիք օրենքների պաշարը սպառվեց եւ Արմեն Խաչատրյանը փորձեց ամբիոնը տրամադրել բնապահապանության փոխնախարարին՝ «Ընդերքի մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները ներկայացնելու համար, ընդդիմադիր պատգամավորները խոչընդոտեցին դրան, եւ Հայաստանի Ազգային ժողովի ներկա գումարման հերթական՝ 7-րդ նստաշրջանը հայտարարվեց փակված:
Ընդդիմադիր՝ ՀԺԿ-ն (Հայաստանի ժողովրդական կուսակցությունը) ներկայացնող պատգամավոր Ստեփան Զաքարյանը հավաստեց, որ իրենք արտահերթ նստաշրջանները չեն խանգարելու: Իսկ որ այդպիսիք կլինեն արդեն հաջորդ շաբաթվանից սկսած, չբացառեց «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ազգային ժողովի շենքի մոտ այսօր կրկին հավաքվել էին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց համախոհները (մոտ 300 մարդ)՝ սատարելու ընդդիմադիր պատգամավորներին: «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի խոսքերով՝ եռօրյան տապալվեց, բայց գործընթացը շարունակվում է:
«Մի գործընթաց է, որ սկսված է եւ օդում լինելու է մշտապես՝ մինչեւ սեպտեմբեր: Այն է՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է, կասկածվում է «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպմանը առնչություն ունենալու մեջ», - հայտարարեց նա:
Ընդդիմադիրները մտադրություն չունեն հնարավոր արտահերթ նիստերը տապալելու. դա, Զեյնալյանի խոսքերով, օրենքի խախտում կլիներ:
Ներքին գործերի փոխնախարար, գեներալ Հովհաննես Վարյանի կարծիքով, այս երեք օրերին ԱԺ շենքի շրջակայքում կատարվածը իսկապես չարտոնված հավաք էր: Նա նշեց նաեւ, որ մի քանի օր առաջ հնչած ապստամբության եւ քաղաքացիական անհնազանդության կոչերը եւս առիթ են դարձել, որպեսզի իրավապահները լրջորեն նախապատրաստվեն այս ցույցերին: Փաստենք, որ այս երեք օրվա ընթացքում իրավապահների քանակը խորհրդարանի շենքի մերձակայքում գրեթե միշտ հավասար է եղել ցուցարարների քանակին:
«Եթե չհաջողվի դա կարգավորել խորհրդարանի ուժերով... ապա միջամտելու ենք եւ մարդկանց ցույց ենք տալու, որ կարգը նաեւ պատգամավորի համար պարտադիր է: Իսկ եթե շատ ձգձգվի, իհարկե, ստիպված կլինենք առանց դիմումի միջամտել», - երեկ խորհրդարանում տեղի ունեցածը մեկնաբանելով, լրագրողներին ասել էր Ռոբերտ Քոչարյանը:
Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը դա մեկնաբանեց այսպես. «Դա շատ նման էր Նաիրի Հունանյանի սպառնալիքներին»:
«Իշխանությունները լավ կանեն, որ կարդան օրենքները», - ասաց Արամ Սարգսյանը: - «Ազգային ժողովի կանոնակարգը էլի շատ խութեր ունի, ինչից ընդդիմությունն օգտվելու է մոտ ժամանակներում: Նոր բաներ ունենք անելու՝ թող սպասեն... Բայց հիմա ֆիքսում եմ, որ երկրի նախագահն այլեւս նախագահ չէ, այլ ժամանակավոր նախագահի պարտականություները կատարող մարդ՝ մինչեւ աշուն»:
Արամ Սարգսյանը բացառեց, թե Քոչարյանը մինչեւ աշուն կարող է ցրել Ազգային ժողովը: «Դա իր կարիերայի վերջակետը կլինի», - ասաց Արամ Սարգսյանը:
Այսպիսով, տապավեց այս նստաշրջանի վերջին եռօրյան:
Արմեն Զաքարյան եւ Շաքե Ավոյան, Երեւան