Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի մեկնաբանի հայացքով, այն, ինչ երեկ, նախորդ օրը, վստահ ենք՝ նաեւ այսօր, կատարվել ու կատարվելու է խորհրդարանում, կարելի է կոչել երկու բառով՝ կեղտոտ խաղեր։ «Օրենսդիր մարմինն ավելորդ անգամ ապացուցեց, որ իր կազմով ու մակարդակով չի համապատասխանում իրեն վերապահված դերին», - գրում է նա։ - «Բառացիորեն բոլոր պատգամավորներն իրենց խաղն են խաղում եւ սեփական անձի, սեփական «թայֆայի» խնդիրներն են լուծում։ Իսկ այն, որ պետության երկրորդ դեմքը՝ Ազգային ժողովը, դառնում է ծաղրուծանակի առարկա, որտեղ կարելի է քաշքշվել, ծեծվել, հայհոյել ու հայհոյանք լսել, ոչ մեկին չի հետաքրքրում»։ «Առավոտ»-ում նախանշված է նաեւ, թե Ազգային ժողովում այսօր ամենայն հավանականությամբ կլինեն ձերբակալություններ:

Որ խորհրդարանում ստեղծված փակուղին հաղթահարելու համար իշխանությունները ոչ մի ողջամիտ քայլ չեն ձեռնարկի՝ բացի ներքաղաքական իրավիճակը նորովի սրելուց եւ եւս մի քանի կասկածողի բանտարկելուց, ըստ մեկնաբանի, փաստեց եւ նախագահ Քոչարյանի երեկվա հարցազրույցը կոնյակի գործարանում: Նախագահի երեկվա ակնարկներից «Հայկական ժամանակ»-ը բխեցրել է. «Ակնհայտ է, որ «պետականամետ» ելույթները Քոչարյանին այլեւս չեն բավարարում, եւ նա կասկածներ ունի, որ խորհրդարանի պետականամետներն էլ իրենց հերթին նպաստում են խորհրդարանական ճգնաժամի խորացմանը եւ ամեն ինչ չեն անում ներքաղաքական կայունությունն ապահովելու համար»: Նախագահը պատգամավորներից, խումբ-խմբակցություններից ակնկալում է առավելագույնս հստակ դիրքորոշման դրսեւորում:

Երեկ պատգամավոր Լեւոն Սարգսյանը ԱԺ նիստերի դահլիճում հարձակվեց ամբիոնը գրաված պատգամավորներից Արամայիս Բարսեղյանի վրա եւ հարվածներ հասցրեց: Նման պահվածքը մեկնաբանելու հարցով իրեն դիմած «Հայկական ժամանակ»-ի թղթակցին Լեւոն Սարգսյանն ավելու ուշ բացատրել է, թե այդ քայլին դիմել է «հանուն հայրենի տնտեսության»: «Երբ տնտեսությունը սկսում է աճել, մարդիկ, որոնք իրենցից բան չեն ներկայացնում, ամեն ինչ անում են, որ խանգարեն...», - դժգոհել է նա: «Իհարկե, Բարսեղյանին հարվածներ հասցնելով, Սարգսյանը ներքաղաքական կայունությունը չփրկեց: Բայց որ դրանով գործարար պատգամավորը իր տնտեսությունը գոնե առժամանակ փրկեց (այդ հարվածները մի քանի ամիս երաշխավորում են, որ հարկային-մարկայինը Սարգսյանի տնտեսությունից հեռու կմնա), դա հաստատ», - ավելացնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Սարգսյանը ընդամենը ցանկացել է ցույց տալ իր հավատարմությունը գործող իշխանություններին, նա ընդամենը ցանկացել է ապացուցել, որ իր կապիտալը պատրաստ է ծառայել Քոչարյանի վերընտրությանը»:

«Հայկական ժամանակ»-ում բերված է եւ ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանի հետեւյալ մեկնաբանությունը. - «Ակնհայտ է, որ պատգամավոր Լեւոն Սարգսյանը, որը խորհրդարանում հազվադեպ է երեւում, ուղարկված էր հատուկ խորհրդարանական ձեռնամարտին մասնակցելու համար: Քանզի նման կարգի պատգամավորները, որոնց վրա իշխանությունները ազդեցության լծակներ ունեն, օգտագործվում են հատուկ այդ նպատակների՝ այդ կարգի ծառայություններ մատուցելու համար»: «Երեկ կոնյակի գործարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը խուլիգանություն որակեց մի քանի պատգամավորների՝ ԱԺ կանոնակարգը պաշտպանելու փորձերը: Մնում է ենթադրել, որ կամ նախագահը ընդհանրապես հայերեն չգիտի եւ խուլիգանություն բառի իմաստը չի հասկանում, կամ Լեւոն Սարգսյանի վարքագիծը նրա համար խուլիգանություն չէ, քանզի խիստ հոգեհարազատ է իր խառնվածքին», - համադրել է ՀԺԿ լրատվականի ղեկավարը:

«Արժեքների շուկա» խորագրի տակ «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը ուղղորդում է. «Թող ժողովուրդ բառը գրագիտության պատճառով նույնիսկ մարդավարի արտասանել չկարողացող որոշ երեսփոխաններ հիշեն, որ իրենց վեհաշուք ջիպերի որոշ պահեստամասեր հաստատ ավելի թանկ արժեն, քան նույն ժողովրդի շատ ներկայացուցիչների մի քանի ամսվա բյուջեն: Հիշեն, որ ժամանակին իրար կողքի (խրամատում կամ հանրահավաքի հրապարակում) կանգնածների մի մասն այսօր զանազան օբյեկտ ու «ֆիրմա» մեքենա ունի, իսկ մյուս մասը, որը գուցե պակաս արժանիքներ չունի, սոցիալական բարդ խնդիրների առջեւ է կանգնած նաեւ այն պատճառով, որ հիշյալ «ջիպը» իր տիրոջ ստվերային եկամուտների կենդանի վկան է»:

«Այն, ինչ այս երկու օրերին կատարվում է հայոց խորհրդարանում, տպավորություն է ստեղծում, որ նախատեսված սցենարը երկու հակամարտ կողմերի համար էլ դուրս է եկել վերահսկողությունից եւ «ապրում է» ինքնուրույն կյանքով», - միջանկյալ ի մի է բերել «Օրրան» թերթը: - «Ընդդիմությունը, ըստ էության, ավելի լավ տարբերակ եւ նմանատիպ քաղաքական էֆեկտ՝ նախաձեռնությունը սկսելիս չէր էլ կարող պատկերացնել»: «Օրվա իշխանությունների նրբամտության եւ խորամտության իսպառ բացակայության պատճառով բոլորս հայտվել ու դեռ էլի ենք հայտնվելու այնպիսի իրավիճակներում, երբ միակ կանխատեսելի ու տրամաբանական զարգացումները լինելու են միանգամայն անկանխատեսելի եւ անտրամաբանականները», - ընդհանրացված է «Օրրան»-ում:

«Հայոց Աշխարհ» թերթի գնահատականով, բուռն ավարտ ունեցած «թեժ գարնանը» փոխարինած իսկապես թեժ ամառը Հայաստանում ստեղծում է սկզբունքորեն նոր, հիրավի բարդ ու անկանխատեսելի քաղաքական իրավիճակ: «Դրա հիմնական յուրահատկությունը նախընտրական տարվա քաղաքական ակտիվ պայքարի խարույկի վրա պարբերաբար ավելացվող դյուրավառ հեղուկի նորանոր խմբաքանակների կուտակումն է, որոնք եթե ոչ ամռան, ապա գոնե աշնան ընթացքում կարող են փոխել ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ 2003-ի ընտրապայքարներին նախապատրաստվող ընդդիմության», - ընդգծված է խմբագրականում: - «Միաբեւեռ իշխանության ներսում նախընտրական տարում ներքին վերադասավորումների ու հստակեցումների իրականացման անխուսափելիությունը անտեսելու ու բարձիթողի վիճակում թողնելու պարագայում կարող է տատանվող եւ անգամ իշխանությանն աջակցող ուժերի հաշվին մեծանալ ընդդիմության ազդեցության դաշտը»: «Հայոց Աշխարհ»-ի ամփոփմամբ, իշխանության քաղաքական դեմքի եւ քաղաքական հենարանի հստակեցման գործընթացը մինչեւ աշուն կամ տարեվերջ հետաձգելը այս վիճակում գտնվող երկրի համար անթույլատրելի շքեղություն է. «Երկրի ներսում ու նրանից դուրս տեղի ունեցող վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հապաղելու, հարցերի լուծումը հետաձգելու քաղաքական լիմիտը սպառվել է արդեն եւ եկել է այն պահը, երբ նախագահը պետք է ձեռնարկի քաղաքական անհրաժեշտ խորհրդակցություններ՝ իշխանությանն աջակցող ուժերի՝ քաղաքական դեմքը եւ համախմբման կազմակերպական մեխանիզմները հստակեցնելու եւ քաղաքական դաշտում դրանց գործադրման միասնական ռազմավարություն եւ մարտավարություն մշակելու համար»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG