Մատչելիության հղումներ

Գաղտնի բանակցությունները կնախապատրաստեն Օսկանյան - Ջեմ հերթական հանդիպումը


«Թըրքիշ Դեյլի Նյուս» անգլալեզու թերթն այսօր գրել է, թե Թուրքիայի եւ Հայաստանի դիվանագետները մեկշաբաթյա գաղտնի բանակցություններ են նախատեսում, հավանաբար, Վիեննայում կամ Ժնեւում: Ըստ թերթի, թուրքական կողմը ներկայացնելու է արտգործնախարարության աշխատակից Էրթան Թեզգորը, իսկ Հայաստանը՝ արտգործնախարարության Մերձավոր Արեւելքի վարչության աշխատակից Կարեն Միրզոյանը:

«Սա ընդունվում է նախնական հավաք՝ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հունիսի 25-ի հանդիպումից առաջ», - հաղորդում է թուրքական թերթը: Իր աղբյուրը հրապարակելուց խուսափելով, «Թըրքիշ Դեյլի Նյուս»-ը գրում է, որ կողմերը համաձայնել են մամուլի հետ չհաղորդակցվել այս առիթով:

Թերթը գրում է նաեւ, թե մայիսի 14-ին նույն պաշտոնյաները նույն կարգի հանդիպում են ունեցել Անկարայում՝ նախապատրաստելու երկու երկրների արտգործնախարարների՝ Ռեյկյավիկում տեղի ունեցած առանձին հանդիպումը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրերին:

«Տեղեկությունը ամբողջովին հաստատել չեմ կարող», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը: - «Ենթադրվում է, քանի որ նախարարների [ռեյկյավիկյան] հանդիպման ժամանակ արդեն իսկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկրորդ նմանատիպ հանդիպումը ունենալ, շատ հնարավոր է, որ նախապատրաստական աշխատանքները եւ օրակարգային հարցերը քննարկելու նպատակով, նման հանդիպում լինի: Սակայն, որեւէ կոնկրետ ժամկետ կամ վայր այս պահի դրությամբ նշել հնարավոր չէ»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք այդ բանակցությունները կարելի է «գաղտնի» անվանել, արտգործնախարարության խոսնակն ասաց. - «Բուն բանակցությունների ընթացքը եւ քննարկվող հարցերը հասարակական մեկնաբանման տվյալ պահին ենթակա չեն: Այդ առումով՝ գուցեեւ այո»:

«Թըրքիշ Դեյլի Նյուս»-ի նույն հոդվածը տեղեկացնում է նաեւ, որ 2000 թվականի դեկտեմբերին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել, որն ուղի է հարթում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների ձեւավորումման համար: Շեշտադրումներն ամեն դեպքում, արվում են առեւտրային հարաբերություններն ու մշակութային հաղորդակցությունը զարգացնելու վրա:

Հիշեցնելով Հայաստանի համաձայնությունը՝ Միացյալ Նահանգների խնդրանքին, օդուղի տրամադրել Թուրքիայի Ինջիրլիկ օդակայանից Աֆղանստան մեկնող ամերիկյան ռազմական օդանավերի համար, թերթը գրում է. «Վերլուծաբաններն ասում են, որ Անկարան ու Երեւանը միջազգային ահաբեկչական ցանցերի դեմ պայքարի աջակիցն են եւ այդ հարցում նման տեսակետ ունեն: Մեկնաբանների կարծիքով, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո նոր քաղաքական իրավիճակը ոսկյա հնարավորություն է ընձեռում երկու երկրներին՝ խորտակել պատմական խոչընդոտները»:

«Երեւանը մշտապես նշել է, որ սեպտեմբերի 11-ից հետո ահաբեկչության դեմ պայքարի այդ միջազգային կոալիցիայում Հայաստանի եւ Թուրքիայի, այսպես ասած, հանդես գալով հնարավոր է շատ ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել: Այստեղ խնդիրը այդ քայլերը իրապես ձեռնարկելուն է ուղղված», - այս կապակցությամբ ասաց Ձյունիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով, իսկապես հնարավորությունը կա, որ երկու երկրների միջեւ՝ որպես հարեւանների, նորմալ հարաբերություններ հաստատվեն եւ հարցը իսկապես օրակարգային դառնա:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG