Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ամփոփելով նախընտրական տարվա առաջին հանրահավաքային ալիքը, «Հայկական ժամանակ»-ի վերլուծաբաններից մեկը արձանագրում է, որ կազմակերպիչները իրենց հռչակած նպատակներին չհասան, այս առումով տապալվեցին, բայց եւ եղան, այսպես ասած, ստվերային արդյունքներ՝ փորձառության ու որոշ հստակեցումների ձեւով: Մասնավորապես, ըստ այս վերլուծության, նեղանում է եւ ընդդիմության միասնական թեկնածուի հավակնորդների շրջանակը. մնում են Դեմիրճյանը, Գեղամյանը, թափ հավաքող Վազգեն Մանուկյանը: Իսկ հրապարակը, այնուամենայնիվ, հնարավոր է լցնել, - հեռանկարի համար ընդգծվում է անդրադարձում: - «Պարզ է դառնում, որ Երեւանում անհրաժեշտության դեպքում մեկ օրում կարելի է հավաքել մինչեւ 6-7 հազար մարդ, որը որոշ պայմաններում բավականին պատկառելի թիվ է: Սա այն թիվն է, որն անհրաժեշտության դեպքում կարող է զսպել անպատժելիության ֆոնը եւ հիմք հանդիսանալ ավելի զանգվածային միջոցառումների համար: 6-7 հազարն իրականում վտանգավոր թիվ է. նրա աճի միտումները անկանխատեսելի են»:

«Հակված եմ ենթադրելու, որ Քոչարյանն իրողությունների մասին ունի աղճատված պատկերացումներ», - «Օրրան» թերթում գրում է այսօր քաղաքագետ Աղասի Ենոքյանը: - «Դա են ապացուցում վերջին շրջանի նրա անիմաստ, քաղաքական առումով զրոյական արդյունք բերող, զուտ ինչ-ինչ արդեն բարի կրքերին հագուրդ տվող քայլերը՝ լինի շրջագայություն Լատինական Ամերիկայում, թե Հայաստան - Սփյուռք համաժողովը: Հաշվի առնենք նաեւ, որ անկախ-ընդդիմադիր մամուլ նրա համար գոյություն չունի եւ իրավիճակի մասին լուրերը ստանում է սոսկ քծնող լրատվամիջոցներից: Քոչարյանի ստեղծած երաշխիքները՝ ընդդիմության անդամալուծության կամ կոմպլեմենտարության տեսքով, 100 տոկոսանոց չեն: Միջազգային իրադրության պահանջներն ու փոփոխությունները հաշվի չառնելը կարող է ճակատագրական լինել նրա համար, բայց նաեւ՝ ծանր մեզ համար»:

Անցնող շաբաթվա քաղաքական խճանկարում «Հայոց Աշխարհ» թերթում էլ մեկ այլ տեսանկյունից տրված է նույնատիպ մտահոգություն. «Որքան էլ ընդդիմության համար ցանկալի լինի 2003-ի նախագահական ընտրություններից առաջ Հայաստանը հարկադիր պարապուրդի մատնելու հեռանկարը, մի բան ակնհայտ է՝ ոչ ոք դրանից չի շահելու: «Տուժող կողմի» դերում հանդես են գալիս ոչ թե իշխանությունները կամ ընդդիմությունը, այլ երկիրն ու ժողովուրդը»: «Հայոց Աշխարհ»-ի մատուցմամբ, սակայն, այս ընթացքում Հայաստանի եւ Բելառուսի նախագահների բարձր մակարդակի հանդիպումը «լավագույն պատասխանն էր սպասվող հերթական սրացումների ճարտարապետներին»:

«Ցանկացած դեպքում լավագույն ելքը երկրին եւ պետականությանն առնչվող հարցերում դրանց վերջնական քննարկումներն ու որոշումները կայացնելն է»։ - Այս ելակետից «Ազգ»-ի մեկնաբանը դժգոհությամբ ձեւակերպել է. - «Խորհդարանական մեծամասնությունը փորձում է նախաձեռնությունը տապալել ամենախայտառակ ձեւով։ Թեեւ քաղաքական առումով ԱԺ մեծամասնության ընտրած տակտիկան կարող է արդարացվել, պետականության եւ երկրի հեղինակության առումով պարզապես հակացուցված է։ Այդպիսով, ԱԺ մեծամասնությունը կամ հիմնականում հանրապետական-ժողովրդադեմոկրատական տանդեմը ապացուցում է առնվազն 4 բան. ա) իր անզորությունը հարցը քննարկման միջոցով վերջնական լուծման հասցնելու գործընթացում, բ) իր անզորությունն ընդդիմության դեմ ուղղած քաղաքականության մեջ, գ) հարվածի տակ է առնում Հայաստանի միջազգային հեղինակությունը, դ) պարզապես արջի ծառայություն է մատուցում նախագահին»։

Ինչպես փոխանցում է «Առավոտ»-ը, «Հանրապետություն» էլեկտրոնային թերթում անդրադառնալով «13»-ի հասցեին նախկին իշխանավորների քննադատությանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանն ասում է. - «Մենք գտնում ենք, որ եթե ընդդիմությունն արմատական է, այն պետք է հանրության հետ միասին, անընդհատ պայքարի վարչակազմի ապօրինությունների դեմ... Նախորդ իշխանության ուժերն իրենց թիկունքում իրական ժողովուրդ չունեն։ Եթե իրենք իրենց արմատական ընդդիմություն են համարում, թող վերցնեն քաղաքական պատասխանատվությունը, համախմբեն քաղաքական դաշտը եւ իրականացնեն իշխանափոխություն։ Իսկ եթե չեն անում, թող չխանգարեն մեզ՝ իրենց գնահատականներով, տարբեր կարգի պառակտիչ բնութագրումներով եւ չփորձեն գործող ընդդիմության մեջ սեպեր խրել»։

Դժգոհությունների դաշտում է եւ ներքին գործերի նախարարության հնարավոր վերակազմավորման արծարծումը: Մինչ որոշ թերթերում մատուցվում է, թե դա արվելու է ներիշխանական պայքարը մեղմելու, Դաշնակցությանն էլ այդ համակարգում որեւէ բարձր պաշտոն հատկացնելու նպատակով, ՀՅԴ ղեկավարներից Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ» թերթում «առնվազն բավականաչափ վիճելի» է որակում ներքին գործերի նախարարությունը փոխակերպելու՝ շրջանառվող մոտեցումները ու նաեւ անբնական համարում, որ այդ կապակցությամբ որեւէ պաշտոնական տեղեկություն չի ստացել:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG