Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով, հայ-ռուսական ռազմական համագործակցության ուժեղացումը անխուսափելի էր


Նախագահ Քոչարյանի՝ այսօր սկսված պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի մայրաքաղաքում ստորագրվելիք փաստաթղթերի շարքում է նաեւ համաձայնագիր զինամթերքի ու ռազմական տեխնիկայի փոխադարձ առաքման մասին: Երկու երկրներն էլ անդամակցում են ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրին: Նրանց երկկողմ ռազմական համագործակցությունը նոր է սկսվում եւ, ինչպես երեւում է պայմանագրի բնույթից, նպատակ կա փոխադարձաբար ուժեղացնել սպառազինությունները:

Այդ ուղղությամբ նոր զարգացումներ կան նաեւ հայ-ռուսական համագործակցության մեջ: Բոլորովին վերջերս Երեւան կատարած այցելության ժամանակ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն հայտարարեց, որ զենք, ռազմական տեխնիկա ստանալու խնդրանքով Հայաստանը դիմել է Ռուսաստանին, եւ հարցն, ամենայն հավանականությամբ, դրական լուծում կստանա: Նախկինում էլ Ռուսաստանը զենք է առաքվել Հայաստան, բայց առաջին անգամ այդ մասին հայտարարվեց հրապարակավ:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե տարածաշրջանում որեւէ հատուկ վտանգ, վտանգավոր զարգացումներ չկան, որոնց դիմակայելու նպատակով Հայաստանը ուժեղացնում է սպառազինությունները: Նրա խոսքերով, դա սոսկ նշանակում է, որ «հայ-ռուսական ռազմական համագործակցությունը զարգանում է»:

Ավելի վաղ, Վլադիմիր Ռուշայլոյի մասնակցությամբ անցկացված համատեղ ասուլիսում Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասել էր, թե Ռուսաստանից սովորական սպառազինություններ են ստանալու՝ խստորեն պահպանելով զենքերի քանակի նկատմամբ միջազգայնորեն հաստատված սահմանափակումները:

Հարավային Կովկասի երեք երկրների համար Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրով սահմանված են նույն քվոտաները: Արտաքին գործերի նախարության ռազմաքաղաքական վարչությունը «Ազատություն» ռադիոկայանին տրամադրել է տվյալներ այդ քվոտաների, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական տեխնիկայի փաստացի քանակների մասին:

Եվրոպական պայմանագիրը սահմանափակումներ է նախատեսում 5 տեսակի ռազմական տեխնիկայի նկատմամբ, եւ, ըստ պաշտոնական տվյալների, ստացվում է, որ այդ բոլոր տեսակներով Հայաստանի սպառազինությունը զիջում է Ադրբեջանին:

Հարավկովկասյան երեք երկրներին թույլատրված է ունենալ 220-ական տանկ, նույնքան ռազմական զրահապատ մեքենա: Ըստ պաշտոնական թվերի, Ադրբեջանն ունի 220 տանկ, Հայաստանը՝ 110: Ադրբեջանը 210 զրահամեքենա ունի, Հայաստանը՝ 146: Թույլատրված է ունենալ100 մարտական օդանավ եւ 50 հարվածային ուղղաթիռ: Ադրբեջանը 48 մարտական օդանավ եւ 15 հարվածային ուղղաթիռ ունի, Հայաստանը՝ համապատասխանաբար 6 եւ 7: Թույլատրված 285 միավոր մեծ տրամաչափի հրետանուց Ադրբեջանն ունի 282-ը, Հայաստանը՝ 229:

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի համար այլ քվոտաներ են սահմանված, ներկայացվածը վերաբերում է միայն հարավկովկասյան հանրապետություններին: Ոստի, ելնելով այս պաշտոնական տվյալներից, Հայաստանի իշխանությունները հանգիստ կարող են ասել, թե միջազգայնորեն սահմանված քանակներից ավելի քիչ սպառազինություն ունեն, լրացնելու տեղ կա:

Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով, այս քայլով Ռուսաստանը նաեւ փորձում է հակազդել Վրաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը:

«Սա նաեւ այն ապացույցն է, որը պիտի հաստատի Ռուսաստանի շահերի, այսպես ասած, անձեռնմխելիությունը Կովկասում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց փորձագետը, ավելացնելով, թե Ռուսաստանի համար անհրաժեշտ էր ընդգծել, որ Անդրկովկասում դաշնակից ունի, եւ այդ դաշնակիցը պետք է Ռուսաստանից օգնություն ստանա:

Ռազմական հարցերով հայտնի տեսաբան, ռուսաստանցի Պավել Ֆելգենգաուերը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, թե այն, ինչ կատարվում է Վրաստանում, ընդգծում է Մոսկվա-Երեւան առանցքի կարեւորությունը: Նրա խոսքերով, հայ-ռուսական ռազմական համագործակցության ուժեղացումը, թերեւս, անխուսափելի էր: Միեւնույն ժամանակ Ֆելգենգաուերը նշեց, որ դա արմատական փոփոխություն չի նշանակում. պարզապես հաստատվում են վերջին տարիների իրողությունները:

Ռուսաստանցի փորձագետի հայացքով, Հայաստանը Թուրքիային նայում է որպես իր ավանդական թշնամու: Ռուսաստանը եւս, չնայած Թուրքիայի հետ վատ հարաբերություններ չունի, բայց մեծ կասկածանքով է նայում Թուրքիայի՝ Կովկասում իր ազդեցությունը մեծացնելուն ուղղված գործողություններին: Մոսկվային եւ Երեւանին անհանգստացնում է ռազմական ոլորտում Թուրքիա-Վրաստան ուժեղացող համագործակցությունը: Չնայած Ռուսաստանի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ դեմ չէ Միացյալ Նահանգների ռազմական ներկայությանը Վրաստանում, որ ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, բայց, ինչպես ասաց Պավել Ֆելգենգաուերը, Կրեմլին մոտ կանգնած մարդիկ համարում են, որ ամբողջ աշխարհում ամենահակառուսական ռեժիմը Վրաստանում է:

Մեկնաբանելով հանգամանքը, որ Ռուսաստանից զենք ստանալու մասին առաջին անգամ հայտարարվեց հրապարավ, ռուսաստանցի ռազմական տեսաբանը նախ ասաց, որ Հայաստանը ԱՄՆ-ի հետ միշտ լավ հարաբերություններ է ունեցել, խոսակցություններ կան, որ Միացյալ Նահանգները ռազմական օգնություն են ցուցաբերելու Հայաստանին, որ այստեղ եւս ընդունելու են ամերիկացի զինվորական մասնագետների:

«Իհարկե, Մոսկվան դա չի ցանկանա, եւ հավանաբար նրանց վախեցնելու համար հրապարակավ հայտարարում է այն, ինչի մասին նախկինում չէր խոսվում», - ասաց Ֆելգենգաուերը: - «Ադրբեջանի հետ դա որոշակի լարվածություն կառաջացնի»:

Ռուսաստանցի ռազմական տեսաբանի կարծիքով, Հայաստանին նորից զենք մատակարարելը որեւէ կերպ չի անդրադառնա ղարաբաղյան կարգավորման միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի առաքելության վրա: Ֆելգենգաուերի կարծիքով, միջնորդների խմբից Ռուսաստանին հեռացնելու փորձերը իմաստ չեն ունենա, քանի որ Ռուսատանը մեր տարածաշրջանում «բավականին լուրջ խաղացող է»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG