Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները համեստ եկամուտներ եւ ունեցվածք են հայտարարագրել


Առաջին անգամ հրապարակված Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց կապակցված անձանց եկամուտների ու գույքի հայտարարագրերը հազիվ թե արդարացնեն հույսերը, թե գույքի եւ եկամուտների պարտադիր հայտարարագրումը արդյունավետ հակակոռուպցիոն միջոց կդառնա:

Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարագրել է 148 քառակուսի մետր մակերեսով բնակելի տարածք եւ 3,2 մլն դրամ աշխատավարձ (ամսական մոտ 500 ԱՄՆ դոլար): Հասարակական, արտադրական, շենքեր, հողամասեր, տնամերձեր, այլ տեսակի անշարժ գույք, ինչպես նաեւ որեւէ փոխադրամիջոց նախագահը չունի: Չունի նաեւ արտարժույթով արտահայտված եկամուտ:

Առաջին տիկին Բելլա Քոչարյանն ունի 1 միավոր բնակելի տարածք՝ 56 քառակուսի մետր մակերեսով: Այլ եկամուտներ չեն նշված: Նշված չի նաեւ, թե որտեղ են գտնվում Քոչարյան ամուսինների բնակարանները: Նախագահի դուստրը նշել է 71 հազար 550 դրամ եկամուտ (հավանաբար ուսանողական կրթաթոշակն է): Արտարժույթով արտահայտված եկամուտ նախագահի ընտանիքում ունի միայն որդին՝ Սեդրակ Քոչարյանը. 2 677 դոլար: Որդին նաեւ միակն է ,որ ավտոմեքենա է հայտարարագրել՝ 1999 թվականի թողարկման ՎԱԶ 2106:

Կառավարության անդամներից պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարագրել է ամենացածր տարեկան եկամուտներից մեկը՝ 1 միլիոն 680 հազար դրամ (ամսական մոտ 250 ԱՄՆ դոլար): Ըստ հայտարարագրի, Սարգսյանը, բացի աշխատավարձից այլ եկամուտներ չունի: Ունի մեկ բնակարան եւ 1992 թվականի ճապոնական ավտոմեքենա:

Ուժային մյուս նախարարը՝ ազգային անվտանգության գերատեսչությունը ղեկավարող Կառլոս Պետրոսյանը, անցած տարի ունեցել է 3 միլիոն 400 հազար դրամի եկամուտ: Երեւանում կառուցված նրա առանձնատունը, որի լուսանկարը տպագրել էր «Առավոտ» թերթը, պաշտոնապես պատկանում է նախարարի կնոջ:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը որպես գույք հայտարարագրել է 1 բնակարան՝ 77,9 քառ մետր տարածքով, 3 տնամերձ հողամաս, 1 գյուղատնտեսական հողամաս: Միակ եկամուտը աշխատավարձն է, որը կազմել է տարվա ընթացքում 2 մլն 465 հազար դրամ: Վարչապետի ընտանքից Սուսաննա Մարգարյանը՝ ըստ երեւույթին, նրա կինը, եւս ունի մեկ բնակարան 63 քառ մետր տարածքով: Աշխատավարձով արտահայտված եկամուտ չունի, բայց հայտարարագրել է 10 հազար դոլար: Սա միակ դեպքը չէ, երբ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքներում զարմանալիորեն տիկնայք ավելի հարուստ են, քան ամուսինները:

Հայտարարագրերում չեն նշվում ոչ աշխատավարձային եւ դրան հավասարեցված եկամուտների աղբյուրները: Այդպիսի եկամուտներից ամենաբարձրը ունեցել է գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանի կինը՝ 100 հազար ԱՄՆ դոլար: Իսկ նախարարն ինքը անշարժ գույք կամ որեւէ փոխադրամիջոց չի հայտարարագրել:

Տրասպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, որը նաեւ խոշոր գործարար է, բացի աշխատավարձից, հայտարարարել է նաեւ 51 հազար դոլարի եկամուտ, «Մերսեդես-Բենց» մակնիշի 2000 թվականի արտադրության ավտոմեքենա:

Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ընտանիքի բոլոր անդամները մեքենաներ ունեն: Որդին ունի 3 մեքենա, կինը՝ նաեւ 26 հազար դոլար: Բայց ինքը՝ զինդատախազը, ըստ հայտարարագրի, փոխադրամիջոց չունի, եւ բացի աշխատավարձից էլ այլ եկամուտ անցած տարի չի ունեցել:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG