Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վերջապես: Ամբողջ մեկ ամիս մենք էլ կմիանանք քաղաքակիրթ աշխարհին՝ հետեւելով ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Ու էլ ի՜նչ միտինգ, ԱԺ նիստ, իմփիչմենթ եւ այլ մանր-մունր բաներ», - երանելի հեռանկար է բացում «Օրրան» թերթը, բայց առնվազն այսօր էլ հայաստանյան ողջ մամուլի մեխանիզմը ճռնչում է հենց այդ «մանր-մունր» որակված բաների վրա:

««Թեժ գարունն» էլ ավարտվեց» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը ամփոփել է. «Ի վերջո, իրականություն չդարձան ո'չ Հայաստանի շուրջ ստեղծվող նոր կացությունը եւ ո'չ էլ Հայաստանի քաղաքական դաշտում ակտիվ քայլեր ձեռնարկող արմատականներին իր նպատակների համար օգտագործելու ՀՀՇ-ի ծրագրերը... Արմատականների դաշինքը եւ նրա միջուկը կազմող ՀԺԿ, «Հանրապետություն» կուսակցություններն ու «Սոցիալիստական Հայաստան» միավորումը քաջ գիտակցում էին այն իրողությունը, որ իրենց առջեւ դրվող նպատակները չեն համապատասխանում սեփական հնարավորություններին... Իսկ վերջին օրերին ձեռնարկված «կանոնակարգային հնարքի» միջոցով նախագահի իմփիչմենթի հարցը Ազգային ժողովի օրակարգ մտցնելու փորձը ապացուցեց միայն մի բան՝ երբ քաղաքական պայքարում չի հաջողվում անել այն, ինչ ուզում ես, պետք է գոնե ցուցադրես, որ չես կորցրել ցանկությունդ»:

Ամեն դեպքում, իշխանության ճամբարում էլ նկատելի անհարթություններ կան, եւ դա է վկայում «Երկիր» թերթի մեկնաբանը՝ մասնավորապես խորհրդարանում իմփիչմինթի հարցի ծառացման բերած շփոթի առնչությամբ նշելով. «Որոշ հանրապետականների դիրքորոշումը, մեղմ ասած, չէր համապատասխանում ՀՀԿ-ի մոտեցումներին: Ճիշտ է, իր ղեկավարների շուրթերով կուսակցությունն արտահայտում է իմփիչմենթի կապակցությամբ հստակ բացասական վերաբերմունք, բայց միաժամանակ, անհետեւանք է թողնում պաշտոնանկության գործընթացի նախաձեռնությանը առանձին հանրապետականների կողմից առավել քան ակտիվ «խորհրդատվական» աջակցությունը»: «Տվյալ պարագայում էականը հանրության շրջանում որոշակի տարածում ունեցող այն տպավորությունն է, թե անկազմակերպվածության առումով իշխանության ու ընդդիմության ճամբարներում գրեթե նույնանման իրավիճակ է», - ընդգծում է մեկնաբանը:

Շարունակելով զարգացնել իշխանության ներսում հակադրությունների ու խարդավանքների թեզը, «Օրրան»-ի մեկնաբանը այսօր մատուցում է, թե «իշխանական հայտնի թեւն ունի նախագահի իր հստակ ձեւակերպված ու որոշված թեկնածուն, եւ սկսված իմփիչմենթային գործընթացը նախազգուշացում է Քոչարյանին՝ պալատի այդ թեւերին անցանկալի քայլեր չկատարել»: Այս հայացքով՝ իմփիչմենթի արծարծումը ընդամենը «պալատական պրոֆիլակտիկա է, եւ ինչպես պրոֆիլակտիկ մյուս օրերին է, հաշիվները կմաքրվեն, մեծ ու փոքրի, շատ ու քչի հարցը կճշտվի, ավելորդը դուրս կթափվի, կթարմացվի, եւ «գրասենյակը» կշարունակի գոյատեւել»:

«Հայկական ժամանակ» թերթն էլ «Ներիշխանական խաղեր» է խորագրել իր արդրադարձը, եւ ներկայացնում է այն տեսակետը, թե վարչապետն ու նրա Հանրապետական կուսակցությունը իրավիճակներ են ստեղծում, որոնք, հարվածելով նախագահին, կծանրացնեն իրենց կշիռն ու դիրքերը: «Պարզ է դառնում, որ իշխանական բուրգում ամենեւին էլ ոչ բոլորը ցանկություն ունեն հակահարված հասցնելու նախագահի պաշտոնանկության հարց բարձրացնելու փորձերին», - իր հերթին գրում է այսօր «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Հաջորդ եռօրյան կարող է վերածվել Ռոբերտ Քոչարյանի նյարդերի համար չափազանց տհաճ մի երեւույթի, առավել եւս, որ այս պահին Սերժ Սարգսյանի հետ փոխհարաբերություններն այնքան էլ մեղրամիսային չեն»: Իսկ ավելի լայն առումով, առաջիկա ընթացքը «Իրավունք»-ում ուրվագծված է այսպես. «Քաղաքական ամառը բավականին թեժ է ստացվում, եւ ներքաղաքական լարվածությունն անընդմեջ բարձրանալու է մինչեւ այն պահը, երբ խորհրդարանը կմեկնի արձակուրդ, ու կսկսվեն արտաքուստ չարտահայտվող, սակայն բավականին ակտիվ ստվերային բանակցությունները: Չէ՞ որ արդեն աշնանը լինելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որտեղ բախվելու են ինչպես քաղաքական, այնպես էլ կլանային ամենատարբեր շահերը»: «Իրավունք»-ում բերված է եւ Սուրեն Զոլյանի հետեւյալ դիտարկումը. «Այսօր Հայաստանի բնակչության 75 տոկոսը զբաղված է մանր առեւտրով, հետեւապես նրանց մտահորիզոնը մանր առեւտրականի է եւ, բնական է, քաղաքականությունն էլ դառնում է մանր առեւտուր»:

«Ամառն էլ եկավ, իսկ կառավարությունն այդպես էլ քաջություն չունեցավ հրապարակելու բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը՝ այսպիսով խախտելով սեփական խոստումը», - անդրադառնում է «Առավոտ» թերթը։ - «Որոշ առումով այդ ուշացումն արդարացված է. չի կարելի հրապարակել իշխանավորների մի մասի հայտարարագրերն այն դեպքում, երբ մյուսները շատ հանգիստ շարունակում են հասարակությունից թաքցնել իրենց իրական եկամուտները... «Հավաքվել էր» ընդամենը 6300 հայտարարագիր։ Մեր հայրենական չինովնիկների իրական թվի հետ համեմատած՝ սա շատ քիչ է։ Համաձայն օրենքի՝ հայտարարագիր ներկայացնելուց խուսափող բարձրաստիճան չինովնիկներին սպառնում է կա՛մ խոշոր տուգանք, կա՛մ պաշտոնանկություն։ Մինչդեռ հայտարարագիր չներկայացրած եւ ոչ մի պաշտոնյայի մինչ օրս ոչ միայն աշխատանքից չեն ազատել, այլեւ չեն տուգանել»։ «Առավոտ»-ի շեշտադրմամբ՝ քանի որ հայտարարագրեր ներկայացնելու օրենքն ընդունվել էր բավական արագ ու անսպասելի, «պաշտոնյաներից շատերն անակնկալի եկան եւ չհասցրին վերաձեւակերպել իրենց «Ջիպերն» ու դղյակները հարազատ-բարեկամների անուններով»: Եվ հիմա ձգձգումներ ու թողտվությունները այդ բացը լրացնելու ժամանակ են տալիս:

Ռուսաստանում հակահայ շարժումը, ինչպես ընդգծել է «Ազգ» թերթը, «լուրջ մտահոգություն է պատճառում Հայաստանի իշխանություններին նաեւ մեկ այլ առումով՝ իսկ ինչ կպատահի, երբ չքավորության հետեւանքով վերջին տարիներին այնտեղ մեկնած հարյուր հազարավոր հայերին արտաքսեն արդեն գործազրկության չարիքներից տառապող Հայաստան»։ Մինչ կհստակվի՝ ինչքանով են իրական վտանգները, «Ազգ»-ը ներկայացնում է իր մոսկովյան թղթակցի հայացքը տեղի ունեցողի արմատներին, ըստ որի, ռուս նացիոնալիստների պայքարը ուղղորդվում է կովկասցիները դեմ՝ շեղելու համար այն իրողությունից, որ, Ռուսաստանի բնական հարստությունները վաճառելով, հրեաներն են մեծ հարստություն կուտակում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG