Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ուժերի մեծամասնությունը դեմ է Քոչարյանի պաշտոնանկության հարցը կրկին բարձրացնելուն


Հինգշաբթի օրը Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի մեծամասնության ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին ընդդիմության նոր նախաձեռնությամբ նախագահ Քոչարյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին նախագիծը խորհրդարանի օրակարգ մտցնելուն:

Վկայակոչելով ԱԺ նոր կանոնակարգը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանը երեկ ներկայացրեց Քոչարյանի պաշտոնանկության մասին օրինագիծ, պնդելով, թե քանի որ այն հիմնված է «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի եզրակացության վրա, պետք է առանց քվեարկության մտնի Ազգային ժողովի օրակարգ:

Խորհրդարանական մեծամասնության՝ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, նախաձեռնությունը չի բխում պատգամավորական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունից, ուստի նախագահի պաշտոնանկության հարցը օրակարգում ներառելու հիմքեր չկան: «Թվում թե, մի ճանապարհ է ընտրված, որ նորից լարվածություններ ստեղծվեն», - ասաց Սահակյանը, ավելացնելով, որ ոչ ոք չի կարող «Հոկտեմբերի 27»-ի վրա քաղաքական կապիտալ հավաքել:

«Միասնության» ղեկավարի կարծիքը պաշտպանեցին իշխանամետ մյուս ուժերի, այդ թվում՝ Դաշնակցության ներկայացուցիչները:

Ընդդիմության ներկայացուցիչները, մինչդեռ, պնդում են, թե հարցը արդեն մտել է օրակարգ եւ պետք է քննարկվի հունիսի 10-ին:

Դիտորդների կարծիքով, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը կարող է պարզապես հայտարարել, թե արված առաջարկությունը չի բխում ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի եզրակացությունից եւ հարցը չմտցնել օրակարգ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG