Մատչելիության հղումներ

Միրոնովի հետ հանդիպման ժամանակ բարձրացվել է Կրասնոդարի հայության հարցը


Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Պետդումայի վերին պալատի՝ Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումների ժամանակ ԱԺ ղեկավարների նախաձեռնությամբ քննարկվել է նաեւ Կրասնոդարի երկրամասում բնակվող հայերը խնդիրը:

Կրասնոդարի երկրամասի իշխանությունները անցած ամիս հայտարարել են, որ երկրամասից վտարելու են տեղի գրանցում չունեցող բնակիչներին: Վերջիններիս մեջ կան բազմահազար հայազգիներ: Ապրիլի 17-ին մի խումբ երիտասարդներ անգամ շիրիմներ էին պղծել տեղի հայկական գերեզմանատանը:

Սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սերգեյ Միրոնովի անդրադարձը, թե «անհանգստության առանձնապես մեծ տեղիք չկա: Մի քանի հիմար վանդալների գործողությունները չի կարելի հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում նայել»:

Հայաստանի պատվիրակությունը, մինչդեռ, երկու ամիս է, Կրասնոդար է ուզում այցելել, բայց նահանգապետ Տկաչովից պատասխան են ստանում, թե իրենք հրավիրում են միայն գործադիր իշխանության ներկայացուցիչներին:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, Ռուսաստանի պատվիրակության անդամներից մեկը իրավիճակը բնորոշել է որպես «էպիզոդիկ», ինչին ինքը հակադարձել է, թե դա «նոր պրոբլեմ չէ», եւ այդ հարցով լրջորեն պետք է զբաղվեն երկու կողմերն էլ:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Հայաստանի պատվիրակությունը մայիսի 30-ին այնուամենայնիվ մեկնելու է Կրասնոդար, Հովհաննիսյանը ասաց. - «Ամենայն հավանականությամբ կմեկնենք, բայց երեւի ֆորմատը այլ լինի՝ ընդգրկված լինեն գործադիր իշխանության ներկայացուցիչներ»: Հովհաննես Հովհանիսյանը ավելացրեց, որ Կրասնոդարի նահանգապետ Տկաչովը առաջարկել է ընդգրկել նաեւ մշակույթի, սպորտի, տնտեսական ոլորտների ղեկավարներին, քանի որ «փորձում է խնդիրը քաղաքական ոլորտից հանել»:

«Մենք պատրաստ ենք նաեւ մշակութային հարցեր քննարկել, բայց մենք չենք գնում մշակութային հարցեր քննարկելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:- «Մենք գնում ենք քաղաքական քննարկման, քաղաքական լուծումների, որովհետեւ այստեղ դրված է մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության խնդիրը»:

Ըստ Աժ լրատվական ծառայության հաղորդագրության, հանդիպման ժամանակ Միրոնովը նշել է նաեւ, որ հարավկովկասյան հակամարտությունների լուծման հարցում «ժամանակն է առաջ շարժվել մեռյալ կետից, ելման կետ ընդունել առկա իրավիճակը՝ գտնելով փոխըմբռնելի վճիռներ»:

«Բանն այն է, որ զինադադարից հետո մի քանի տարում կան որոշ իրողություններ, եւ երկու պետությունները ապրում են այդ իրողությունների մեջ: Բնական է, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելիս պետք է ելնել նրանից, որ հիմա նման իրողություն գոյություն ունի, եւ պետք է փոխադարձաբար ընդունելի ելք փնտրել՝ ելնելով ներկայումս ստեղծված իրադրությունից», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միրոնովը:

Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցերը քննարկվել են նաեւ նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Ասուլիսում Միրոնովն ասաց, որ «առաջին ձեռքից» տեղեկություն ստանալով, խնդրի կարգավորումը մի կողմից արդեն պատկերացնում են՝ մինչեւ մյուս կողմի հետ վաղը հանդիպելը:

Սերգեյ Միրոնովի գլխավորած պատվիրակությանը վաղը կընդունի Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Վաղն իսկ պատվիրակությունը կմեկնի Թբիլիսի, այնտեղից՝ Բաքու:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG