Մատչելիության հղումներ

Նախկին վարչապետի եղբայրը պնդում է, որ «երբեւէ կապ չի ունեցել» «Լիզին»-ի հետ


Երեկ ԱՄՆ կառավարության պաշտոնական տեղեկագրում, ի թիվս 12 իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, հրապարակվել է նաեւ հայկական ընկերության անունը, որը երկակի, այսինքն՝ քաղաքացիականից բացի նաեւ ռազմական նշանակություն ունեցող տեխնոլոգիաներ է արտահանել Իրան, եւ, ըստ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի, նպաստել է այդ երկրի կողմից զանգվածային ոչնչացման զենքի մշակման ծրագրերին։

Ավելի ստույգ այդ, այսպես կոչված, «սեւ ցուցակում» Հայաստանից ընդգրկվել է Չարենցավանի «Լիզին» բաց բաժնետիրական ընկերությունը, իսկ որպես ֆիզիկական անձ՝ ներկայացված է նախկին վարչապետ Արամ Սարգսյանի մեծ եղբոր՝ Արարատի պահածոների գործարանի տնօրեն Արմեն Սարգսյանի անունը։ Շեշտենք, որ վերջինիս անունը վկայակոչված է վերստին «Լիզինի» առնչությամբ։

Արմեն Սարգսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում բացարձակապես ժխտեց իր կապը Չարենցավանի ձեռնարկության հետ՝ շեշտելով, թե ինքը երբեւէ այդ ընկերության մեջ բաժնեմաս չի ունեցել.

«Երբեւիցե կապ չեմ ունեցել այդ գործարանի հետ: Այդ գործարանը երբեւիցե ես չեմ գնել», - ասաց Արմեն Սարգսյանը, հերքելով նաեւ լուրերը, թե «Լիզին»-ը եղել է Սարգսյանների ընտանիքի այլ անդամների սեփականությունը. - «Դա վստահ եղեք. ո'չ ես, ո'չ Արամը, ո'չ Վազգենը, նույնիսկ ո'չ հորեղբորս տղաները... երբեւիցե կապ չենք ունեցել այդ գործարանի հետ, երբեւիցե չենք գնել այն: Կարող եք դիմել գործարան, թղթերը վերցնել՝ տեսնել, թե ովքեր են ներկա տերերը, ովքեր են եղել նախկին տերերը»:

Չարենցավանի «Լիզինը» գործարկվել է 1972 թվականին եւ իր տեսակի մեջ Խորհրդային Միության եզակի արտադրություններից էր: Շուրջ 20 տարի լրիվ հզորությամբ աշխատելուց հետո գործարանը, հումքի եւ պատրաստի արտադրանքի վաճառահանման շուկաների բացակայության պատճառով, 90-ականների սկզբներին դադարեցրել էր աշխատանքը: 1995-ին 20 տոկոս մասնակի անհատույց սեփականաշնորհման ընթացքում վերածվել է փակ բաժնետիրական ընկերության, 1997-ին վերջնականապես մասնավորեցվել է ու դարձել բաց բաժնետիրական ընկերություն։

Դրանից հետո էլ ձեռնարկությունը չի աշխատել, մինչդեռ, ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց գործարանի ներկայիս գործադիր տնօրեն Գեղամ Ղուկասյանը, իր լավագույն ժամանակներում «Լիզին»-ը տարեկան 800-1000 տոննա թանկարժեք արտադրանք էր տալիս: Գործարանի տեւական անգործությունը նրա նոր տերերին հարկադրել է ապամոնտաժել եւ իրանական ընկերություններին վաճառել թանկարժեք սարքավորումները:

Սակայն բինզնեսից զատ «Լիզին»-ը առնչվում է նաեւ քաղաքականությանը, այդ պատճառով հայտնվել է պատժամիջոցների տիրույթում:

Կենսաբանական տեխնոլոգիայի ինստիտուտի աշխատակից Ֆլորա Տխրունին «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց, որ լիզինը «անփոխարինելի ամինաթթու է», որը ստացվում է կենսաբանական մեթոդով: Լիզինն օգտագործվում է սննդաարդյունաբերության եւ որոշ չափով՝ դեղագործության մեջ, սակայն նյութի ամենամեծ սպառողը անասնապահության բնագավառն է: Չարենցավանի գործարանում հայ մասնագետների մշակած տեխնոլոգիայով ստացվել է բյուրեղային լիզին: Խորհրդային տարիներին հայկական արտադրանքն արտահանվել է Վրաստան, Ադրբեջան եւ Հարավային Ռուսաստանի շրջաններ: Բայց հիմա Հայաստանը ներմուծում է լիզինը Թուրքիայից եւ Իրանից:

Տխրունու խոսքերով, այդ նյութը ռազմական նպատակներով ուղղակիորեն չի կարող օգտագործվել: «Ես կարծում եմ, որ սանկցիաների խնդիրը ծագել է ոչ թե լիզին նյութի, այլ Չարենցավանի գործարանի սարքավորումների վաճառքի հետեւանքով: Բանն այն է, որ այդ սարքավորումները, որոնք օգտագործում են կենսաբանական գործընթացներում՝ այսպես կոչված բիոռեակտորները, հնարավորություն են ընձեռում արտադրել ոչ միայն լիզին, այլեւ հակաբիոտիկներ եւ այլ նյութեր», - ասաց Ֆլորա Տխրունին:

Հայաստանից երկակի նշանակության տեխնոլոգիաներին եւ սարքավորումների արտահանման մաքսային ռեժիմը տարբերվում է սովորական ապրանքների արտահանումից: Ըստ կառավարամերձ աղբյուրների, դրանց արտահանման թույլտվությունը տրվում է անձամբ վարչապետի կողմից՝ խնդրին առնվող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո միայն: Որոշ տեղեկություններով, Լիզինի արտադրության տեխնոլոգիայի արտահանման պարագայում այդ հանձնաժողովի եզրակացությունը չի եղել, ու այդ գործարքը հնարավոր է դարձել անձամբ վարչապետի թույլտվությունից հետո, իսկ պատժվել են ընդամենը կառավարության միջին օղակի մեկ-երկու պաշտոնյա։

Ըստ Արժեթղթերի հանձնաժողով ներկայացված հայտարարագրի, 176 բաժնետեր ունեցող գործարանի հիմնական բաժնետերը երկուսն են՝ իրանահպատակ Վարուժ Անդրեասյանը, որին պատկանում է բաժնետոմսերի 31 տոկոսը, եւ Հայաստանի քաղաքացի Աշոտ Օհանյանը, որը տնօրինում է բաժնետոմսերի 43 տոկոսը:

Ինչ վերաբերում է գործարքին, որին հետեւել են ամերիկյան պատժամիջոցները, ապա, ըստ նույն հայտարարագրի, խոսքը անցյալ տարվա կեսերին «Լիզին» ընկերության կողմից իր հիմնական արտադրական սարքավորումները Արաբական էմիրություններում գրանցված մի ընկերությանը 101 800 դոլարով վաճառելու մասին է։ Այդ սարքավորումները, ըստ ձեռնարկության տերերի, 30 տարվա հնություն ունեն, մաշված են եւ' ֆիզիկապես, եւ' բարոյապես:


Ատոմ Մարգարյան, Երեւան եւ Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG