Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երեկ խորհրդարանական խումբ-խմբակցություններն աննախադեպ հաճույքով փաստեցին, որ ընդդիմությունը հերթական անգամ խայտառակ եղավ», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - Պետականամետները հրճվում են եւ ընդդիմությանը նայում որպես խղճուկ մի իրողության: Նախագահի պաշտոնանկության ստորագրահավաքին միանալու փոխարեն, աշխարհացունց հայտարարության սպառնալիքով հանդես եկող կոմկուսն էլ արդեն, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի գնահատականով՝ դառնում է պարզապես ծիծաղելի, որովհետեւ այդպես էլ որեւէ հայտարարություն չարեց, թեեւ կոմունիստ պատգամավորներից մի քանիսը շարունակում են պնդել, թե իրենց բյուրոն նման որոշում ընդունել է:

«Դեռ շատ բան ունեն սովորելու բոլշեւիկներից այսօրվա քաղաքական դեռահասները» , - ընդգծում է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը՝ հատուկ տնտղելով կոմկուսի քաղաքական խոհանոցը: Ենթադրվում է, որ վերջինիս ղեկավարությունը հերթական անգամ բաժանվել է «իշխանամետների» եւ «ընդդիմադիրների», եւ հիմա պարզապես նախապատրաստվում է հերթական «չիստկա», որի հավանական զոհերը կդառնան պատգամավորներ Խորեն Սարգսյանը, Նորիկ Պետրոսյանը եւ Գագիկ Թադեւոսյանը: Այստեղ, ըստ մեկնաբանի, էական դեր է խաղում հետեւյալ հանգամանքը. «Հայկոմկուսի ներսում առկա է լուրջ դժգոհություն, որ կուսակցական ցուցակով տարիներ շարունակ Ազգային ժողովի պատգամավոր են դառնում նույն մարդիկ: Եվ դա այն դեպքում, երբ կուսակցության մեջ կան մարդիկ, ովքեր պատրաստ են լուրջ ֆինանսական ներդրումներ կատարել նախընտրական պայքարի համար, եթե, իհարկե, տեղ զբաղեցնեն կոմկուսի կուսակցական ցուցակի վերին մասում: Իսկ փող կոմկուսին այսօր անհրաժեշտ է ավելի քանի երբեւէ»:

Հին ընդդիմադիր Ազատ Արշակյանը «Առավոտ»-ի հարցազրույցում նոր ընդդիմադիրներին առաջարկում է վերջապես ծրագիր ներկայացնել: «Որպես քաղաքացու, ինձ առաջին հերթին պիտի մատուցեն ծրագիր. նախ՝ ինչպես է ավելի լավ լուծվելու Հայաստանի ինքնիշխանության խնդիրը՝ այն ավելանալո՞ւ է, թե՞ պակասելու, երկրորդը՝ Հայաստանի տնտեսությունը զարգանալո՞ւ է, թե՞ քայքայվելու է, երրորդը՝ Ղարաբաղի հարցն ինչպե՞ս են լուծելու: Մի քանի հանրահավաքների մասնակցել եմ, եւ այնտեղ ընդհանրապես չեմ ստացել իմ հարցերի պատասխանները. խոսք չի եղել որեւէ խնդիր լուծելու մասին՝ բացի նախագահին փոխելուց... Գտնում եմ, որ ընդդիմությունը՝ խնդիրների լուծման իր ծրագիրը ներկայացնելուն զուգահեռ, առաջին հերթին նաեւ պիտի հանդես գա իր հավակնորդով: Որեւէ հավակնորդ պիտի հայտ ներկայացնի եւ հանդես գա իր ծրագրով, խոսի դրա մասին: Պիտի իմանանք, թե իշխանափոխության հաջորդ օրն ինչ է լինելու: Եվ այդ ծրագիրը պիտի այնքան հրատապ լինի, որ ընտրողները ցանկանան ժամկետից շուտ սկսել դրա իրականացումը, որպեսզի մեկ օր շուտ հասնենք մեր խնդիրների լուծմանը»:

«Իրավունք» թերթի ընկալմամբ՝ «Հասարակական ատելությունը գործող իշխանության նկատմամբ չափազանց ուժեղ է, եւ տասնյակ ու հարյուր հազարավոր մարդիկ կհայտնվեն հրապարակում հենց որ ընդդիմությունը հայտնի նախագահի միասնական թեկնածուի անունը: Միասնական թեկնածուի փնտրտուքով զբաղված են եւ' իշխանություններին սպասարկող, եւ' կտրուկ հակաիշխանական քարոզչամիջոցները»: Ներկայումս, ըստ մեկնաբանի, ուշադրությունն առավել շատ է Վազգեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինիս պարագայում, ինչպես նշված է, «նշանակություն ունի նաեւ այն հանգամանքը, որ ԱԺՄ առաջնորդը արեւմտամետ եւ Արեւմուտքի բարեհաճությունը վայելող գործչի համբավ ունի, ինչը կարեւոր է այն պայմաններում, երբ ուժեղանում է Հայաստանի թեքումը դեպի Արեւմուտք»:

Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանն էլ զբաղվում է սեփական ընտրարշավով, եւ այդ առումով «Իրավունք»-ում առանձնացվում է Հանրապետական կուսակցության ու Դաշնակցության ավելի ու ավելի հավանական դարձող դաշինքը: «Նման դաշինքը կյանքի կոչելը բավականին կառարկայանա, եթե նախագահը որոշի պահպանել Անդրանիկ Մարգարյանի վարչապետությունը՝ միաժամանակ կառավարությունը համալրելով դաշնակցականներով՝ ոչ հանրապետական նախարարների հաշվին: Սակայն դաշնակցական նոր նախարարների հայտնությանը դեմ են ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Արցախում ՀՅԴ-ի հետ հակամարտող Արկադի Ղուկասյանը: Իսկ որ Դաշնակցությանը որոշակի խոստումներ տրված են, երեւում է թեկուզ այն հանգամանքից, որ դաշնակցական պատգամավորները անվարան պաշտպանում են, մեղմ ասած, ժողովրդավարություն չվայելող եւ ընտրազանգվածի ավելացմանը ամենեւին էլ չնպաստող օրենսդրական նախաձեռնությունները», - մեկնաբանված է «Իրավունք»-ում:

Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթի մատուցմամբ, հանրապետականները հիմա ճամփաբաժանին են. «Իշխանության կուսակցության մեջ աստիճանաբար մեծամասնություն են դառնում պետական ու կուսակցական չինովնիկները, այլ ոչ թե գաղափարական անձինք: Այդպիսի մեծամասնությունը, անշուշտ, սկսում է նաեւ իր կամքն ու տրամադրությունը թելադրել ողջ կուսակցությանը: Տվյալ դեպքում՝ մեծամասնական տեղերն ավելացնելու կամքն ու տրամադրությունը»: Եվ մոտ ապագան պիտի ցույց տա՝ արդյո՞ք շահելու են զուտ կարիերիստական, շահադիտական մղումներով հանրապետական դարձածները:

«Մեր երկրում», - արձանագրված է այսօր նույն թերթում, - «իշխանությունը տնտեսական կոորդինացիայի արդիական համակարգեր ու արդյունավետորեն գործող շուկայական ինստիտուտներ ստեղծելու փոխարեն, գնաց սեփականությունը եւ մյուս սուղ ռեսուրսները ըստ նախընտրության քաղաքական (տեղ-տեղ էլ՝ քրեական) վերնախավին հանձնելու ճանապարհով... Մեզանում սեփականությունը կարող է ծառայել իր տիրոջը այնքանով, որքանով դա ցանկանում է պետական չինովնիկը... Առանց պետության «դաբրո»-յի՝ անհնար է որեւէ կերպ այդ սեփականությունից շահույթ ստանալ՝ անկախ նրանից, թե գործարարը ինչպիսի ջանքեր կամ ֆինանսներ է ներդրել»: Մի խոսքով, իշխանության վարքագիծը արմատավորել է «արտոնությունների շուկա», որտեղ արդեն բաշխող-վերաբաշխողը ամենակարող ու ամենակուլ բյուրոկրատական ապարատն է: Այստեղից էլ՝ կոռուպցիայի աննախադեպ բարձր մակարդակը: «Ստեղծված վիճակը ազգային-ռազմավարական շահերի տեսանկյունից փակուղային է, եւ դրանից ելքերը գտնվում են քաղաքական -օրենսդրական հարթության վրա», - շեշված է «Երկիր»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG