Մատչելիության հղումներ

Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները որոշեցին կրկին հանդիպել


Երեկ Իսլանդիայի մայրաքաղաքում Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը նախ հանդիպեց իր ադրբեջանցի պաշտոնակից Վիլայաթ Գուլիեւին, ապա զրուցեց Վարդան Օսկանյանի հետ, իսկ այդ երկու առանձնազրույցի միջեւ նրանք մեկուկես ժամ խոսեցին երեքով:

Երեք նախարարներն էլ գոհ մնացին հանդիպումից: Իսմայիլ Ջեմը եռակողմ բանակցություններն անվանեց «մեկ քայլ առաջ»: Վարդան Օսկանյանը կարծիք հայտնեց, որ նման հանդիպումները պետք է շարունակել, քանզի տարածաշրջանում եւ մասնավորապես Կովկասում թե' ընդհանուր շահեր, թե' ընդհանուր պրոբլեմներ կան:

Վիլայաթ Գուլիեւը հայտնեց, որ քննարկվել է ղարաբաղյան հարցը եւ Հարավային Կովկասում տիրող իրադրությունն ընդհանրապես: Բաքվում լույս տեսնող "Էխո" թերթն այսօր հարցազրույց է տպագրել Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Գուլիեւը հարցազրույցում պնդում է, թե եռակողմ հանդիպման մասնակիցները շեշտել են, որ Թուրքիան պետք է միանա Ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Վերլուծաբանները նկատում են, որ հայկական կողմը մինչ այժմ երբեք չի նշել Թուրքիային այդ գործընթացին ներգրավելու անհրաժեշտությունը:

Եռյակի տարածած համատեղ հայտարարությունում ասվում է, որ հանդիպման մասնակիցները քննարկել եւ ուսումնասիրել են անվտանգության եւ համագործակցության խնդիրներին արձագանքելու ուղիները եւ շեշտել են տարածաշրջանի հակամարտությունները կարգավորելու կարեւորությունը: Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ երեք նախարարները որոշել են մոտ ապագայում կրկին հանդիպել միջազգային որեւէ համաժողովի շրջանակներում:

Մեկնաբանները փաստում են, որ առաջին նման հանդիպումն առնվազն մեկ արդյունք տվել է՝ կողմերը համաձայնել են շարունակել եռակողմ հանդիպումները: Ուստի բոլոր դեպքերում Թուրքիան իրոք այս կամ այն կերպ ներգրավված է լինելու ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ինչը միանգամայն բացատրելի է. չէ՞ որ Անկարան դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի հետ պայմանավորում է Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ:

Հայկական ու ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով Իսլանդիայի արտգործնախարարության մամլո ծառայության ներկայացուցիչ Մայքլ Մաքլյուիսին, հաղորդել են այսօր, որ երեք նախարարների հանդիպումն անցել է շատ լարված ու բազմաթիվ տարաձայնություններով, բայց Իսլանդիայի արտգործնախարարության խոսնակ Հաննեսը «Ազատություն» ռառիոկայանին հայտնեց, որ նախ Մաքլյուիս անունով մարդ իրենց մոտ չի աշխատում եւ որեւէ մեկը չէր կարող մանրամասներ հայտնել եռակողմ հանդիպումից, քանզի այն դռնփակ էր:

Վիլայաթ Գուլիեւը նույնպես հերքել է պնդումները, թե հանդիպումն անցել է լարված մթնոլորտում:

Թուրքական մամուլը, իր հերթին, այսօր գրում է, որ Օսկանյանը եւ Գուլիեւը «անկեղծ ու սրտաբաց կերպով քննարկեցին ղարաբաղյան հարցը»: Իսկ թուրք անանուն մի դիվանագետ ասել է. - «Երեք նախարարներն էլ գոհ մնացին: Կարեւորն այն է, որ նման հանդիպում կայացավ: Համոզված ենք, որ այն նոր արագություն կհաղորդի Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու եւ անվտանգության նոր միջոցներ որոնելու գործընթացներին»:

Մեկնաբանների կարծիքով, թուրք նախարարի նախաձեռնած հանդիպումները, եթե նույնիսկ հայ-ադրբեջանական հաշտեցման չհանգեցնեն, կարող են նպաստել հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

Մյուս կողմից նաեւ շատ կարեւոր է, որ Ջեմ-Օսկանյան բանակցություններում ներկա լինի նաեւ Գուլիեւը, որպեսզի Ադրբեջանը մտավախություն չունենա, թե իր մեջքի ետեւում Թուրքիան ու Հայաստանը գործարքներ են կնքում:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG