Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր կուսակցության մարզային կառույցի ղեկավարին «հրավիրում են» ոստիկանություն


Չորեքշաբթի վաղ առավոտյան Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Վահան Թումասյանը, իր խոսքերով, «հրավիրվել» է Գյումրիի ներքին գործերի թիվ 3 բաժանմունք՝ երեկ Երեւանում կայացած հանրահավաքի ու երթի կազմակերպմանը մասնակցելու համար:

«Զրույցի թեման եւ պատճառը, ասացին՝ անցած օրը Երեւանում կայացած հանրահավաքին մասնակցելու եւ հատկապես երթը կազմակերպելու պատճառով», - ավելի ուշ լրագրողներին ասաց Թումասյանը, ավելացնելով, որ ինքը նախ ներկայացրել է, թե յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու խաղաղ երթերի եւ ցույցերի, իսկ այնուհետեւ ապացուցել, որ ինքը նշված հանրահավաքին ու երթին չի մասնակցել:

«Դա կապված էր ոչ միայն հանրահավաքներին ու երթերին մասնակցելու, այլեւ առաջիկա ընտրությունների հետ», - լրագրողներին իր տպավորությունը փոխանցեց Վահան Թումասյանը:

Մայիսի 19-ին Շիրակի մարզում գտնվող թիվ 67 ընտրատարածքում անցկացվելու են Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ: Թումասյանը, որը մասնակցում է թեկնածուներից մեկի քարոզարշավին, գյուղական համայնքներում ընտրողների հետ հանդիպումների ընթացքում բողոքներ է լսել, որ ներքին գործերի մարմինները սկսել են միջամտել եւ ճնշումներ են գործադրում՝ հօգուտ մեկ այլ թեկնածուի:

Թումասյանի խոսքերով, բաժանմունքից նրան տարել էին ՆԳՆ մարզային վարչություն, ուր նույն թեմաների շուրջ իր հետ զրուցել է վարչության պետ Խաչիկ Ասատրյանը:

«Սա արվում է ընդհանուր առմամբ քաղաքական ուժերին եւ հասարակությունը ահաբեկելու նպատակով», - համոզմունք հայտնեց ԱԺՄ մարզային կառույցի պատասխանատուն:

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքերով, Վահան Թումասյանի ազատմանը նպաստել են տարբեր կուսակցական գործիչների հեռախոսազանգերը եւ ճնշումները, ինչպես նաեւ՝ լրագրողների «ակտիվ եւ օպերատիվ մասնակցությունը:


Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG