Մատչելիության հղումներ

Սաղաթելյանի դատավճիռը կհրապարակվի մի քանի օրից


Ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի վերջին խոսքով այսօր, ըստ էության, ավարտվեցին երկու ամիս տեւած բոլոր դատավարական գործընթացները: Մնացել է սոսկ դատավճռի հրապարակումը, ինչի մասին, ինչպես հայտարարեց դատավոր Վազգեն Լալայանը, կլինի լրացուցիչ տեղեկատվություն:

Սաղաթելյանը ձերբակալվել էր անցած տարեվերջին, այն բանից հետո, երբ հրապարակայնորեն մեղադրեց նախագահ Քոչարյանին եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչական գործողությունը կազմակերպելու մեջ:

Կալանավայրերի վարչության նախկին պետը, ըստ մեղադրական եզրակացության, «Հոկտեմբերի 27»-ի գործով կասկածյալներից մեկին «ԱՄՆ 50 հազար դոլար խոստանալու միջոցով գրել է տվել ակնհայտ սուտ հայտարարություն», թե վերջինս տեղեկություններ ունի, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցածը կազմակերպել են հանրապետության նախագահը եւ պաշտպանության նախարարը:

Մեղադրող Կորյուն Փիլոյանը ուժի մեջ թողեց բոլոր հիմնական մեղադրանքները՝ կեղծ դիպլոմի ձեռքբերում, «Հոկտեմբերի 27»-ի գործով սուտ մատնության է նախապատրաստում, իշխանազանցություն՝ պահանջելով Սաղաթելյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման եւ 100 հազար դրամ տուգանքի:

Դատավարության սկզբից ի վեր Մուշեղ Սաղաթելյանը շարունակաբար հերքել է բոլոր մեղադրանքները՝ ասելով, թե «իշխանությունները իր նկատմամբ կազմակերպել են հետապնդում»:

«Ինչի համար մեղադրում են ինձ, ես դա չեմ կատարել: Դրանք ընդամենը պատվերի արդյունք են», - իր վերջին խոսքում այսօր էլ պնդեց ամբաստանյալը; - «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»:

Իրեն ներկայացված մեղադարանքը ամբաստանյալը բնորոշեց իբրեւ «իրավական ու մարդկային կանոնների մեջ չտեղավորվող», իսկ այն հնչեցնողին՝ մեղադրող Փիլոյանին անվանեց «ստրուկ, որը չի կարող չկատարել» պատվերը:

Մուշեղ Սաղաթելյանը հայտարարեց, որ իրեն ներկայացված բոլոր մեղադրանքներն անհիմն են եւ չեն ապացուցվել: «Դրանք ապացույցներ չե՞ն, որ սա պատվեր է», - ասաց նա, ավելացնելով, թե դատարանից ակնկալիքներ չունի:

«Պայքարել եմ ու կպայքարեմ արդարության համար: Առանձնապես՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով, որովհետեւ իմ սպարապետին են սպանել», - վերջացնելով իր խոսքը ասաց Սաղաթելյանը՝ արժանանալով ներկաների ծափահարություններին:

Դատական այսօրվա նիստի ներկաների թվում էին նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Վահան Շիրխանյանը:

Դատավոր Լալայանը մի քանի օրից կհրապարակի դատավճիռը: Եթե պատժաչափ սահմանվի միչեւ 5 տարի, ապա իբրեւ Ղարաբաղյան ազատամարտին մասնակցած անձ, ինչը հաստատված է պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկանքով, Մուշեղ Սաղաթելյանը համաներմամբ ազատ կարձակավի դատարանի դահլիճից: 5 տարուց ավելի պատժաչափի դեպքում՝ կալանավայրում կանցկացնի սահմանված ժամկետի կեսը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG