Մատչելիության հղումներ

ՀԱՊ-ը դարձավ միջազգային տարածաշրջանային կազմակերպություն





Հավաքական անվտանգության պայմանագիրը (ՀԱՊ) որոշվել է վերածել միջազգային տարածաշրջանային կազմակերպության՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» անունով:

1992 թվականին ստորագրված եւ 1994 թվականից ուժի մեջ մտած Հավաքական անվտանգության պայմանագիրը սահմանում է մասնակից պետությունների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղըրղզստան, Ռուսաստան եւ Տաջիկստան) համագործակցությունը քաղաքական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, ռազմատնտեսական եւ ռազմագիտական ոլորտներում:

Հետխորհրդային տարածքում, փաստորեն, ստեղծվում է ռազմաքաղաքական կառույց, որը կոչված է հակակշռել ՆԱՏՕ-ին:

«Փաստաթղթերի ծավալի առումով, մեր հարաբերությունների, մշակված իրավական բազայի ծավալի առումով, ինչպես նաեւ նկատի առնելով Հավաքական անվտանգության արդեն իսկ գոյություն ունեցող համակարգը, մենք արդեն աշխատում ենք ոչ թե պարզապես պայմանագրի, այլ կազմակերպության ռեժիմով», - հոբելյանական նստաշրջանի ավարտին հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: - «Ուստի խոսքն, ըստ էության, դե ֆակտո կայացած կազմակերպությանը կազմակերպական ձեւ տալու մասին է»:

Հայաստանի նախագահն ասաց նաեւ, որ դա նշանակում է, որ անհրաժեշտ է մշակել նոր կանոնադրություն, իրենց ուժը կորցրած հայտարարել հնացած փաստաթղթերը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս հայտնեց, որ նորաստեղծ կազմակերպությունը «ուժի հզոր կենտրոն կլինի հետխորհրդային տարածքում»:

Խոսքը արդեն ոչ միայն ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին է, այլ կազմակերպության անդամ պետությունների պաշտպանությունն ապահովելու մասին:

Ասուլիսում Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ շեշտեց, որ նորաստեղծ կազմակերպությունը ուղղված չի լինելու որեւէ երկրի կամ միջազգային կազմակերպության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի դեմ: Ավելին, ասվեց, որ կազմակերպությունը պատրաստ է համագործակցել ռազմաքաղաքական այլ դաշինքների հետ:


Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG