Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում հայաստանյան ընկերությունների նկատմամբ


Ջորջ Բուշի վարչակազմը, ինչպես այս գիշեր հաղորդել է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի, որոշել է պատժամիջոցներ սահմանել Հայաստանի, Մոլդովայի եւ Չինաստանի այն ընկերությունների նկատմամբ, որոնք նպաստում են Իրանի կողմից զանգվածային ոչնչացման միջոցների ստեղծման ծրագրերի իրականացմանը:

Պաշտոնյան չի մասնավորեցրել, թե Հայաստանի որ ընկերությունները կամ կոնկրետ ովքեր են ընդգրկված իրանական այդ ծրագրերի կենսագործման մեջ, բայց ավելացրել է, որ շուտով Բուշի վարչակազմը այդ մասին պաշտոնապես կտեղեկացնի Կոնգրեսին:

Չինաստանի նկատմամբ առաջին անգամը չէ, որ նման հիմնավորումներով պատժամիջոցներ են կիրառվում: Հունվարին ԱՄՆ-ը դրանք կիրառեց քիմիական նյութեր արտադրող երկու ընկերությունների եւ մի գործարարի նկատմամբ, որոնք «գաղտնի սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ են առաքել Իրան, որոնց օգնությամբ կարելի է զանգվածային ոչնչացման զենք պատրաստել»: Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Կոնգ Քվանը արդեն արձագանքել է. - «Մենք դեմ ենք Ամերիկայի կողմից սահմանված նոր պատժամիջոցներին, եթե դրանց մասին լուրերը ճիշտ են»:

Հայաստանի եւ Մոլդովայի նկատմամբ ԱՄՆ-ը առաջին անգամ է որոշել պատժամիջոցներ կիրառել: Նույն անանուն ամերիկացի պաշտոնյան ենթադրություն է հնչեցել, որ Հայաստանն ու Մոլդովան պարզապես կարող էին միջանկյալ երկրների դեր կատարել՝ ռուսաստանյան վտանգավոր արտադրանքն ու տեխնոլոգիաները Իրանին փոխանցելու համար:

Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են, որ Ռուսաստանի օգնությամբ Իրանում կառուցվող ատոմակայանը կարող է օգտագործվել նաեւ միջուկային զենքի ստեղծման նպատակով: Իսկ երեկ ամերիկացիները նոր տագնապ հնչեցրին՝ Իրանը Ռուսաստանի եւ այլ երկրների օգնությամբ առաջին անգամ ստեղծում է հեռահար հրթիռ, որով կարող է հարված հասցնել ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներին՝ Իտալիային, Գերմանիային եւ նույնիսկ Շվեդիային:

Քանի որ Հայաստանում այսօր տոն է եւ ոչ աշխատանքային օր, հնարավոր չեղավ մենկաբանություններ ստանալ ո'չ պաշտոնական աղբյուրներից, ո'չ էլ մասնագետներից: Իսկ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատանը նույնիսկ կասկածի տակ առան «Ռոյթեր» գործակալության տարածած հաղորդագրությունը հայաստանյան ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին:

Մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակ կատարած իր այցելության ժամանակ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Օրդուեյը կարծիք հայտնեց, որ Հայաստանը նույնպես պետք է մտահոգված լինի զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու Իրանի ծրագրերով:

Ամերիկացի եւ իրանցի դիվանագետները, որոնք 22 տարի հարաբերություններ չեն ունեցել, վաղը հանդիպելու են Փարիզում: Ինչպես անցած գիշեր հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Էլիզա Քոչը, մայիսի 10-ին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Ֆրանսիայի մայրաքաղաքում իրանցի մի դիվանագետի տեղեկացնելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի մասին:

Թե ինչու է հենց Փարիզն ընտրված որպես համանախագահների եւ Իրանի ներկայացուցչի հանդիպման վայր, այլ ոչ թե ասենք Պրահան, ուր մի քանի օրից գալու են նույն համանախագահները ու նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ներկայացուցիչները, կարելի է կռահել:

Դիտորդների կարծիքով, հենց Ֆրանսիան էր ղարաբաղյան գործընթացի մասին Իրանին տեղեկացնելու առաջարկի նախաձեռնողը: Առաջին անգամ այդ առաջարկի մասին խոսվեց անցած տարի Քի Ուեսթում, ուր եկել էր նաեւ Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ դը Սյուրմենը: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում նա հույս էր հայտնել, որ Թեհրանում երկու տարվա դիվանագիտական աշխատանքի փորձը կօգնի իրեն հետագայում Մինսկի խմբում աշխատելու ժամանակ:

Ի պատասխան հարցին, սակայն, թե արդյո՞ք այս նոր առաջարկը չի նշանակում, որ Իրանն այսուհետ աշխուժորեն ներքաշվելու է ղարաբաղյան կարգավորման գործընթացին, Ֆիլիպ Սյուրմենը կարծիք էր հայտնել, որ բանակցությունների ներկա ֆորմատը փոխելու կարիք չկա: «Սակայն նաեւ ակնհայտ է, որ մենք չենք պատրաստվում մեր սեփական խաղը խաղալ ուրիշի մեջքի հետեւում», - ավելացրել էր ֆրանսիացի դիվանագետը:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Քոչն էլ այս գիշեր փաստեց՝ Իրանը, որպես Հայաստանին ու Ադրբեջանին սահմանակից երկիր, իրավունք ունի տեղեկանալու ղարաբաղյան գործընթացի մասին: Նա ավելացրեց, որ փարիզյան հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեության շրջանակներում է, եւ դրա անցկացումը չի նշանակում, որ ԱՄՆ-ը փոխում է իր քաղաքականությունը Իրանի նկատմամբ:

Իրականում վաղվա հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, քանզի երեկվանից տարբեր լրատվամիջոցներ խոսում են ամերիկա-իրանական հնարավոր կապերի մասին: Առիթը Իրանի խորհրդարանի պատգամավոր Միրդամիի հայտարարությունն է, թե Իրանի ու Միացյալ Նահանգների ներկայացուցիչները գաղտնի հանդիպում են ունեցել: Իրանական մամուլն էլ է գրել, որ նման հանդիպումներ տեղի են ունեցել Կիպրոսում կամ Անկարայում: Թե' Ամերիկայի եւ թե' Իրանի արտգործնախարարությունները հերքում են այդ լուրերը:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG