Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի մեկնաբանը հերթական անուրախ խորհրդածություններով է կիսվում՝ կապված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ խորհրդարանական բանավեճերի հետ: «Մի կողմից՝ ճիշտ են ընդդիմադիր կուսակցությունները, որ չեն ցանկանում, որպեսզի ընտրական հանձնաժողովներում կառավարության փոխարեն այժմ էլ նախագահը նշանակի ներկայացուցիչներ... Նախագահական ընտրություններից ամիսներ առաջ նման քայլը խիստ ակնհայտ նպատակներ է հետապնդում», - նշում է մեկնաբանը։ - «Մյուս կողմից էլ՝ իսկ ինչպե՞ս էին կուսակցությունները տնօրինում ընտրական հանձնաժողովներում իրենց հատկացված տեղերը։ Մի՞թե հայտնի չէ, թե ինչ առուծախ է սկսվում ամեն ընտրությունից առաջ դրանց համար, թե ինչպես են կուսակցություններն այդ տեղերը վաճառում թաղային զանազան հեղինակությունների։ Հանձնաժողովներում այդ տեղերի «փաթեթով» գինն էլ է հայտնի՝ 3 հազար դոլար... Մի ուրիշ վեճ էլ համամասնականի եւ մեծամասնականի կռիվն է։ Բայց կա՞ որեւէ վատ բան, որ կարելի է ասել մեծամասնականով ընտրվածների մասին եւ հնարավոր չլինի տարածել նաեւ համամասնականների վրա։ Եվ հակառակը»։

«Երեկ մեկ ժամ խոսելով կոռուպցիայի մասին, Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը այդպես էլ ոչ մի անուն չնշեց», - արձանագրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ որպես «խոսել ընդամենը խոսելու համար» երեւույթի ակնբախ դրսեւորում: «Ազգ» թերթի արձագանքով էլ՝ կոռուպցիան պարզապես «պարապ վախտի խաղալիք» է որոշ պատգամավորների համար:

«Հայաստանում օրենքից վեր արտոնյալների դասի գոյությունն այսօր որեւէ մեկը դժվար թե կասկածի՝ հանրապետության նախագահից սկսած: Իրավապահ ու դատական ատյանների հետ մարդկանց հարաբերություններում երկակի ստարդարտների կիրառումը շատերի կարծիքով այն հիմնական պատճառն է, որ տեղիք է տալիս երկրից բնակչության լայնածավալ արտագաղթի», - շեշտում է այսօր «Օր» թերթը: - «Հասարակության մեծամասնությունը պարզապես հուսալքվել ու կորցրել է իր հավատը մեր երկրում օրինականության հաստատման եւ առաջընթացի նկատմամբ»: Անդրադառնալով հերթական միջադեպերից ամենաթարմին, երբ միմյանց էին հայհոյել ու ծեծել ներքին գործերի փոխնախարար Վարյանը՝ «թիմակից» մի խումբ ոստիկանների հետ, եւ դատախազության քննիչ Բեգինյանը, մեկնաբանը մատնանշում է. - «Միջադեպի մասնակիցների արարքին կատարվածից մոտ 20 օր հետո էլ իրավական գնահատական չի տրվել ու չի էլ տրվի: Մինչդեռ եթե նույն արարքը նույն տեղում կատարեին շարքային քաղաքացիները, ժրաջան իրավապահները քրեական գործ կհարուցեին հենց նույն օրը»:

Նույն դաշտի բարքերի շրջանակում է «Իրավունք» թերթը տեսնում ներկայումս բանտարկյալ, նախկին գլխավոր բանտապետ Մուշեղ Սաղաթելյանի ընտրվելը Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ. «Ըստ ներքին գործերի նախարարության համակարգում շրջող լուրերի, իշխանությունների եւ Մուշեղ Սաղաթելյանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերջինս դատարանի դահլիճից ազատ կարձակվի, եթե դատի ընթացքում «կոմպրոմատներ» չհրապարակի ներկայումս պաշտոնավարող ՆԳՆ բարձրաստիճան չինովնիկների վերաբերյալ: Նույն աղբյուրի համաձայն, գործարքի «քավորը» զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն է»:

ԵԿՄ վարչության 31 հոգանոց ցուցակը, Վահան Շիրխանյանի կարծիքով, կանխավ հաստատվել է հանրապետության նախագահի աշխատակազմում: «Հայկական ժամանակ»-ի թղթակցին նա ասել է. - «Համոզված եմ, որ ԵԿՄ անդամների 90 տոկոսը մասնակցելու է իշխանափոխությանը, իհարկե, ոչ ԵԿՄ կառույցներով, այլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Երկրապահները վաղուց կատարել են իրենց ընտրությունը: Այլ խնդիր է այն 10 տոկոս վերնախավը, որը երկրապահից վերածվել է «իշխանապահի»... Ճիշտ նույնպիսի վիճակ է մյուս իշխանամետ կուսակցություններում»:

2003-ի նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունը առաջադրելու մտադրության մասին արդեն հայտարարել են Ռոբերտ Քոչարյանը, Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, Արշակ Սադոյանը: Կոմկուսն էլ հայտարարել է, որ հանդես է գալու սեփական թեկնածուով: Ենթադրելի է, որ դեռ էլի բավական թվով թեկնածուներ ի հայտ կգան: Պատգամավոր Մանուկ Գասպարյանն էլ, օրինակ, «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Հնարավոր է, որ իրադարձությունները բերեն նրան, որ այն կտրուկ քայլերը, որ պետք է արվեն երկիրը փրկելու համար, ընդունակ լինեմ անելու ես»: Ի մի բերելով այս տրամադրությունները, «Հայկական ժամանակ»-ը ակնարկում է. - «Իրադարձությունները կարող են այնպես զարգանալ, որ այդ ֆոնի վրա միակ լուրջ թեկնածուն իսկապես Ռոբերտ Քոչարյանը լինի»:

Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը վերաբերող՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Ռյաբովի ոչ հայանպաստ հայտարարությունները, «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի ձեւակերպմամբ, Հայաստանի հանդեպ պաշտոնական մոսկովյան մեծամտության հերթական դրսեւորումն են: «Այսօր բավականաչափ օրինակներ կան, որ թույլ են տալիս կասկածի տակ առնել հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական գործընկերների հարաբերություններ գնահատելու հիմնավորվածությունը», - ընդգծում է մեկնաբանը: - «Կրեմլի իշխանությունների ի սկզբանե վստահությունը, որ հայերը չեն դավաճանի, արժեզրկում է հայկական գործոնը, եւ դարերի պատմությունն էլ վկայում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր հարեւանները միշտ առավել շահող են դուրս գալիս: «Մինչ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը շունչը պահած սպասում էր կօգտագործի՞, արդյոք, ԱՄՆ նախագահը «ցեղասպանություն» որակումը, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի նախագահը ընդհանրապես որեւէ բառ չասեց այդ իրադարձությունների մասին», - ուշադրություն է սեւեռվում «Գոլոս Արմենիի»-ում:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը օրերս Գյումրիում ասում էր. «Անօրինական բնակվողների Ռուսաստանից կամ աշխարհի այլ երկրից վտարմանը ես կողմ եմ... Աշխարհում ինչքան հայ կա, եթե իրենց այնտեղ լավ չեն զգում, թող գան ու ապրեն Հայաստանում»: «Հայկական ժամանակ» թերթը մեկնաբանել է. «Նախարարը, սակայն, մի բան հաշվի չի առել. աշխարհի տարբեր երկրներում ապօրինի գտնվող մեր հայրենակիցները այնքան են զզվել հայաստանյան «լեգալ» կյանքից, որ իրենց մատնել են անհուսությանը՝ այն գիտակցմամբ, որ ուր էլ գնան մեկ է, այստեղից լավ կլինի: Իսկ հայրենակիցները, որպես կանոն, վերադառնում են ոչ թե արբանյակային «Հայլուրի» կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի, այլ այստեղ մնացած հարազատների կոչով: Սակայն հարազատները վերադառնալու կոչ առայժմ որեւէ մեկին չեն անում: Ընդհակառակը, Հայաստանից առայժմ լսելի են միայն ինքնաթիռի տոմսի փող ուղարկելու կոչեր»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG