Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մամուլի ազատության օրվա հետքերով «Հայկական ժամանակ»-ի խմբագիրն այսօր խտացրել է. «Իշխանությունը փորձում է ոչնչացնել Հայաստանում ժողովրդավարության վերջին հենակետը՝ ազատ խոսքը... Սա սառը պատերազմ է ՝ իր բոլոր կանոններով, երբ մարդկանց են «վերբովկա» անում, վախեցնում, շարքից հանում: Եվ ի վերջո, ինչո՞վ է ավարտվելու այս պատերազմը: Շատերն ասում են, որ իշխանությունները նահանջելու տեղ չունեն: Թյուր կարծիք է՝ իշխանությունները նահանջելու շատ տեղեր ունեն. Շվեյցարիա, Ֆրանսիա, Բուլղարիա: Ահա նրանց նահանջի հնարավոր կետերը», - նշում է խմբագիրը: - «Այդ մենք, մենք նահանջի տեղ չունենք, որովհետեւ մեր թիկունքում մեր երեխաներն են»:

«Լրագրողները տեւական ժամանակ չէին կարողանում մամուլի առատ թշնամիների բանակում ընտրել այն միակին, որն իրավամբ արժանի է այդ բարձր ու պատասխանատու տիտղոսին», - երեկվա ընտրության ամենամեծ դաշտն է ուրվագծում «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը: «Եթե «Մամուլի բարեկամ» տիտղոսը մնաց առանց տիրոջ, ուրեմն մեր մեջ էլ ինչ-որ բան այն չէ», - մյուս կողմից ակնարկում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ նաեւ արձագանքելով. - «Թերեւս ազատ խոսքի հանդեպ նախագահի չափից ավելի հանդուրժողականությունը, երբ ցանկացած լրատվամիջոց կարողանում է ասել ինչ խելքին փչի, երբ սպառվելով արդեն երեւի այլեւս բան չի մնացել գրելու, իսկապես նախագահին դարձնում է «մամուլի թշնամի»:

«Բնության մեջ չկան ժողովրդավարության զարգացման բարձր մակարդակով աղքատ երկրներ», - ընդգծում է «Գոլոս Արմենիի» թերթը: - «Մամուլն էլ չի կարող «առանձին վերցրած» կայանալ նման պայմաններում ու լինել ազատ: Այսուհանդերձ, մեր զանգվածային լրատվամիջոցներն այսօր մի մակարդակ ավելի են կայացած, քան գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունները»:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ներկայացնում է, թե իրենց Հանրապետական կուսակցությունը ինչպիսի էական դերակատարում ունեցավ երկիրը կազմալուծող իրավիճակից դուրս բերելու գործում եւ արդեն երկու տարի ինչ լավ են աշխատում կառավարությունում, ընդ որում՝ չշեղվելով «Միասնություն» դաշինքի ծրագրից:

«Էներգետիկայի ոլորտը Հայաստանում էներգետիկայի առաջին նախարար Սեպուհ Թաշչյանի պաշտոնավարությունից ի վեր «յուղոտ պատառ» է հանդիսացել տնտեսական մաֆիայի համար», - արձանագրում է «Օր» թերթը: - «Մեր պետության բյուջեն արյունաքամ է եղել հատկապես էներգետիկայի «անոթներով»: Հիմա ներկայիս նախարարը հայտարարում է. «Կարողացանք 3 ամսվա թվերով, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի, 1 միլիարդ 700 միլիոն դրամի ապօրինաբար ծախսվող էլեկտրաէներգիան բերել հաշվառման դաշտ»: «Եթե նախարարի ներկայացրած պատկերը բլեֆ չէ, այդ դեպքում ո՞րն է բաշխիչ էլցանցը սեփականաշնորհելու կամ որեւէ կառավարման հանձնելու իմաստը», - հարց է դնում «Օր»-ը: - «Չէ՞ որ ընդամենը պետք է խրախուսել էներգետիկայի նախարարի աշխատանքը եւ նրանից հետեւողականություն պահանջել»:

«Առավոտ»-ի առաջին էջին այսօր հերթական առինքնող դղյակն է՝ որպես մեր զարգացող կյանքի խորհրդանիշ, հետեւյալ մակագրությամբ. «Բանջարանոցային կոչվող թաղամասում է ապրում Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, որն իր այս տունը կառուցել է 1998-99 թվերին, երբ նա Էներգետիկայի փոխնախարար-Երեւանի քաղցանցի պետն էր: Դրանք այն տարիներն էին, որոնք այսօր բնորոշվում են իբրեւ «էներգետիկ ճգնաժամի, մթի-ցրտի տարիներ»: Ցավոք, թաղամասի Բանջարանոցային անունը եւ քաղաքապետի՝ քաղաքի կանաչ տարածքների նկատմամբ անզուսպ սերը իրար համահունչ չեն»: Ազատության հրապարակի շրջակայքի օրինակով «Առավոտ»-ը ուղղորդում է, որ Երեւանի գրեթե ողջ կանաչ տարածքը շինհրապարակ է դարձել: Ընդհանրապես, մեկնաբանի հայացքով՝ «Գարունն արդեն հոգնած է բացվել. այս անտարբերությունն ու հոգնածությունն էլ, թերեւս, առկա ցինիզմի գերկուտակումներից է»:

«Առավոտ»-ում եւ «Հայկական ժամանակ»-ում այսօր երեւանցիներից մեկի բնակարանի դռանը փակցված հետեւյալ գրությունն է.
«Ուշադրություն
1. Գույքավարձը մուծել եմ
2. Ջրի վարձը մուծել եմ
3. Տան վարձը մուծել եմ
4. Լույսի վարձը մուծել եմ
5. Տեխ.օսմոտրը անցել եմ
6. Եհովա վկա չեմ (չեմ էլ ուզում դառնալ)
7. Հացի, մատաղի եւ հիվանդի փող չունեմ (մեկը լինի ինձ տա)
8. Սեւանի սիգայի, Գորիսի մեղրի, ժավելի սպիտրի կարիք չունեմ
9. Մարդահաշվի չեմ մասնակցում, ընտրություններին ձայն չեմ տալիս
10. Նարդի չեմ խաղում:
Խնդրում եմ դռան զանգը չտալ, ես քնած եմ»:

Եվ այս բովանդակությունը շատերի համար է հրատապ թվում: «Առավոտ»-ի մեկնաբանը ավելացրել է. «Այս քաղաքացին ընդամենը իրեն հասանելիք ազատությունն է ուզում, ինչը հայ իրականության մեջ վաղուց արդեն այլ բառերով է ձեւակերպվում՝ «ինձ հանգիստ թողեք», որովհետեւ վաղուց արդեն Երեւանում Երեւան չկա, բնակչության մեծ մասը նորաբնակ է, քաղաքում մարդկանցից շատ մեկ էլ օբյեկտներն են, շատերն անգործ ու անփող են, մարդիկ ապրում են ուրիշների կենսագրությամբ սնվելով, ուրիշների աչքի փուշը տեսնելով, մակերեսային օրերով, ժամանակը մսխելով»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG