Մատչելիության հղումներ

Կառավարությունը փորձում է լուծել աղետի գոտու սոցիալական խնդիրները


Կառավարությունը այսօր Աղետի գոտու սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ երկու շահեկան որոշում ընդունեց: Դրանցից մեկով կառավարությունն իր վրա վերցրեց 1994-1998 թվականների ընթացքում Համաշխարհային բանկի վարկով Աղետի գոտում բնակարան կառուցած 3000 ընտանիքների 3 միլիոն 800 հազար դոլարի պարտքը, որ պետք է մարվեր 25 տարվա ընթացքում:

«Սրանով մենք աղետի գոտում հավասարության սկզբունքի մեջ ենք դնում բոլոր բնակիչներին, որոնք երկրաշարժից հետո ստացել են պետության կողմից բնակարաններ», - ասաց քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը: - «Եվ երկրորդը՝ մեղմացնում ենք այն սոցիալական խնդիրները, որ առանց այդ էլ խիստ սրված են աղետի գոտում»:

Երկրորդ որոշմամբ կառավարությունը պետական տուրքերի վճարումից ազատեց Աղետի գոտու այն բնակիչներին, որոնք համայնքից ստանալով բնակարանները, պետք է 100-150 դոլարի վճարումներ անեն իրենց սեփականությունը անշարժ գույքի կադաստրում գրանցելու համար, այլապես, այն տնօրինել չեն կարող:

«Փորձել ենք պետական տուրքի մասով արտոնություն տալով հեշտացնել բնակարանների սեփակաշնորհման պրոցեսը աղետի գոտում», - բացատրեց Դավիթ Լոքյանը:

Քաղաքաշինության նախարարի մատուցմամբ, կառավարությունն այսօր հաստատել է նաեւ հանրապետության դպրոցների հիմնանորոգման 2002-ից մինչեւ 2006 թվականների ծրագիրը։ Ըստ պարոն Լոքյանի, հանրապետության 1400 դպրոցների 2/3-ից ավելին 40-ից մինչեւ 70 տարվա հնություն ունի եւ ենթակա է հիմնովին վերանորոգման։

Թերեւս, բարվոք վիճակում են միայն Աղետի գոտում նոր կառուցված 120-ից 130 դպրոցները։ Դպրոցների վերանորոգման ծրագրի վրա ընդհանուր առմամբ կծախսվի 9 միլիարդ դրամ, որ կառավարությունը իր բյուջեից բացի հույս ունի ներգրավել այլ աղբյուրներից՝ Համաշխարհային բանկից, «Հայաստան» հիմնադրամից։

Կառավարությունն այսօր անդրադարձել է նաեւ պետական ունեցվածքի մասնավորեցման եռամյա ծրագրի ընթացքին:

Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանն ասաց, թե հաջողվել է վաճառել մասնավորեցման առաջարկված օբյեկտների ընդամենը 75 տոկոսը. ծրագրով ակնկալվող 5,5 միլիարդ դրամի փոխարեն մասնավորեցման հատուկ հաշվին է փոխանցվել ընդամենը 2,5 միլիարդ դրամ։ Ըստ Դավիթ Վարդանյանի, խոշոր ձեռնարկությունների դեպքում վաճառքի հիմնական խոչնդոտը մեծ պարտքերն են պետությանը:

Իսկ փոքր օբյեկտների չվաճառվելու գլխավոր պատճառը, ըստ նախարարի, չհիմնավորված բարձր գներն են։ Անցյալ տարի կառավարությունը ստիպված եղավ էապես իջեցնել ավելի քան 1100 փոքր օբյեկտների վաճառքի գինը՝ մարզերում դրանց մեծ մասը վաճառվեց նախկինում գնահատված արժեքի ընդամենը 10 տոկոսին համապատասխան գներով, իսկ մայրաքաղաքում՝ գները սահմանվեցին նախօրոք գնահատվածի 30 տոկոսի սահմաններում, ինչը ըստ նախարարի կրկին բարձր է: Նա ասաց, որ նոր որոշում է նախապատրաստվել է'լ ավելի էժանացնել դրանք:

Ինչ վերաբերվում է անավարտ շինություններին, ապա այստեղ էլ վերջապես հասկացել են, որ դրանք ավարտին կհասնեն, եթե բարձր գին չառաջարկվի:

«Հիմնական շեշտադրումը լինելու է ոչ թե բյուջեի եկամուտները, այլ այս անավարտ շինարարության օբյեկտների արագ ավարտումը՝ մասնավորեցման միջոցով», - ասաց Դավիթ Վարդանյանը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG